News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ  մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերով հանձնախումբն իր մտահոգությունն է հայտնում   ՀՀ մշակույթի եւ կրթության ու գիտության նախարարությունները միավորելու վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներում, ինչպես նաեւ որոշ պաշտոնական շրջանակներում շրջանառվող տեղեկությունների կապակցությամբ։

Հանձնախմբի տարածած հայտարարությունում նաեւ ասվում է.

«Շրջանցելով հանրային քննարկումները, չներկայացնելով փորձագիտական համակողմանի եզրակացություն` նախարարությունների միավորումը հիմնավորվում է օպտիմալացման անհրաժեշտությամբ։

Մշակույթի (նաեւ երիտասարդության եւ սպորտի) ու կրթության եւ գիտության նախարարությունների միավորումը վկայում է մշակույթի  քաղաքական ընկալման եւ նրա դերակատարության թերագնահատման մասին։

Հազարամյակներ շարունակ հայ մշակույթը՝  հայոց լեզվի եւ հայ եկեղեցու հետ, եղել է մեր ինքնության հիմնական հենասյունը,  ձեւավորել ազգային արժեհամակարգ եւ այն ամենը, ինչով աշխարհը ճանաչել է մեզ։ Մշակույթին մեծ դեր է վերապահված նաեւ Հայաստանի քաղաքական ներկայում եւ հեռանկարում։ Այն համակարգաստեղծ բնույթ ունի, մրցունակ երկրի նախապայման է, ձեւավորում է պետականություն գիտակցող քաղաքացի եւ հասարակություն, լուծում է սոցիալական խնդիրներ։

Մշակույթին բացառիկ դերակատարություն է վերապահված ազգային անվտանգության եւ երկրի սոցիալ-քաղաքական փոփոխությունների ներկա համատեքստում։

Ի թիվս վերոնշյալ նպատակների եւ խնդիրների՝  ՀՀ կառավարության կառուցվածքում մշակույթի նախարարության, իբրեւ առանձին պետական լիազոր մարմնի եւ ինստիտուտի անհրաժեշտությունը պարտադիր է՝ իրագործելու  մշակույթի ոլորտում ՀՀ սահմանադրությամբ պետության  ստանձնած պարտականությունները, բարեփոխելու գործող համակարգը, ապահովելու ոլորտի գործունեության օրենսդրական երաշխիքները, գործադրելու  զարգացման ծրագրեր, իրականացնելու մշակութային ժառանգության պահպանության եւ զարգացման, գեղարվեստական կրթության մատչելիության  ծրագրեր, միջազգային մշակութային երկխոսություններում ապահովելու Հայաստանի ներկայությունը, հանրահռչակելու հայկական մշակույթը եւ այլն։

Հորդորում ենք  ՀՀ կառավարությանը` վերանայել կառավարության կառուցվածքի մասին շրջանառվող պատկերացումները։

Համաշխարհային քաղաքակրթական ժառանգության մեջ անուրանալի ներդրում, հազարամյակների մշակութային ժառանգություն ունեցող հայերիս համար մշակույթի լուսանցքումը հղի է անդառնալի հետեւանքներով»:

Տպել
Ամենաշատ