News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ամփոփելով հարկային օրենսգրքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումները, վերհանված խնդիրները, եւ քանի դեռ նախագիծը օրենք չի դարձել, եւ հարցի վերաբերյալ կրքերը անհամեմատ խաղաղվել են, ուզում եմ առանձնացնել հաշվապահական, խորհրդատվական եւ իրավաբանական ծառայություններին հարկմանը վերաբերող դրույթը, որն ավելի շատ հարց, քան լուծում է առաջարկում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Էլինար Վարդանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է վերը նշված ծառայությունները տեղափոխել ընդհանուր հարկման ռեժիմ, շրջանառության հարկի փոխարեն վճարելու են ավելացված արժեքի հարկ:

Ի՞նչ հետեւանքների կբերի սա. այս հարցին անդրադարձան բազմաթիվ փաստաբաններ: Իհարկե առաջին հերթին կբարձրանան մատուցվող ծառայությունների գները։ Արդյունքում հասարակության մի ստվար զանգված կզրկվի փաստաբանների ծառայությունից օգտվելու հնարավորությունից: Իսկ փաստաբանների ծառայությունից օգտվում են հասարակության ամենատարբեր շերտերը եւ հասարակական կյանքի բազմաթիվ ոլորտների եւ հարցերի վերաբերյալ ստանում են ծառայություններ:

Այստեղ եմ ուզում եմ եւս մեկ անգամ անդրադառնալ Ֆինանսների փոխնախարարի զավեշտալի հայտարարությանն այն մասին, որ եթե փաստաբանական ծառայություններն ազատվեն ավելացված արժեքի հարկից կամ նրանց համար սահմանվի ցածր հարկային բեռ, բոլորն են օգտվելու այդ հարկային բեռից, բոլոր շահառուները, այդ թվում՝ հանցագործները։ «Հիմա հարց է ծագում՝ մենք ազգովի պետք է սուբսիդավորե՞նք այդ հանցագործներին»։

Կա՛մ փոխնախարարը ծանոթ չէ փաստաբանների գործունեությանը, կա՛մ էլ պարզապես չի պատկերացնում՝ ինչ է մարդու իրավունքներն ու դրանց պաշտպանությունն, ընդհանրապես։ Քաղաքակիրթ երկրներում այսպիսի հայտարարության համար փոխնախարարն իհարկե պատասխան կտար, քանի որ հասարակությունը հանցագործների եւ ոչ հանցագործների բաժանելը շատ վտանգավոր մոտեցում է։ Իսկ ու՞ր մնաց մարդու բացարձակ արժեք լինելու մասին սկզբունքը։

Ո՞րն է փոփոխության նպատակը: Կարելի է ենթադրել, որ փոփոխությունն ուղղված է փաստաբանության ինստիտուտի թուլացմանը, եթե բացառենք շրջանառվող լուրերն այն մասին, որ այս կերպ վրեժխնդիր են լինում այն անհարմարությունների համար, որ պատճառում են փաստաբանները հնչեղություն ունեցող տարբեր գործերով հանդես գալիս կամ «միջին խավին» գրագետ իրավական լուծումներ առաջարկելիս։

Հարկային օրենսգրքի վերը նշված փոփոխությունը հարվածի տակ են դնում հասարակության կարեւոր ինստիտուտի գործունեությունը՝ փաստաբանական կառույցի, ինչպես նաեւ հաշվապահական եւ խորհրդատվական ծառայություն մատուցող բազմաթիվ փոքր եւ միջին ընկերություններին: Այս փոփոխություններից ստացված օգուտներն այնքան չնչին կլինեն հասցված վնասների համեմատությամբ:

Դատաիրավական համակարգի անկատարության եւ իրավապաշտպան կազմակերպությունների գրեթե կազմալուծված իրականության պարագայում, այսօր կայանում է փաստաբանական ինստիտուտը, եւ պայքարի առաջին գծում են հայտնվում պրոֆեսիոնալ եւ հետեւողական փաստաբաններ: Եթե դա էլ կոտրվի, ապա դա կբերի իրավական համակարգում ամենաթողության»:

Տպել
Ամենաշատ