News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի ղեկավարած կառավարական պատվիրակությունը փետրվարի 7-ին աշխատանքային այցով մեկնել է Քաշաթաղի շրջանի հարավային թեւի քաղաքային եւ գյուղական համայնքներ։

Որոտան քաղաքում կատարված շրջայցի ընթացքում Գ․ Մարտիրոսյանը շրջանի վարչակազմի ղեկավար Ստեփան Սարգսյանի եւ համայնքի ղեկավար Վրույր Ասրյանի ուղեկցությամբ ծանոթացել է քաղաքապետարանի շենքի շինարարական աշխատանքների պատրաստություններին, ինչպես նաեւ ապագա մարզադաշտի համար ընտրված վայրին։ Պետնախարարը կարեւորել է սպորտի եւ առողջ ապրելակերպի խթանումը երիտասարդության շրջանում։

Նշենք, որ Որոտան քաղաքային համայնքը կազմավորվել է 2013 թ․-ի հունիսին՝ տեղում գործող զինավանի հիմքի վրա։ Համայնքը բաղկացած է Որոտան (նախկինում՝ Ղուբաթլու) քաղաքից, ինչպես նաեւ Անդոկաբերդ, Բարկուշատ, Դողար եւ Վանանդ գյուղերից։

Հաջորդիվ Գ․ Մարտիրոսյանը մասնակցել է համայնքային խորհրդակցությանը, լսել համայնքի ղեկավարի տարեկան հաշվետվությանը, որտեղ հիշատակվել են համայնքին վերաբերող հիմնական սոցիալ-տնտեսական, ժողովրդագրական ցուցանիշները, ինչպես նաեւ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները։ Խորհրդակցության ընթացքում պետնախարարը քննարկել է տեղում առկա խնդիրները, լսել համայնքի ղեկավարության առաջարկներն ու մտահոգությունները, տվել համապատասխան հանձնարարականներ։ Քննարկվել է համայնքի նախկին բնակֆոնդում առկա եռահարկ շենքի հիմքի վրա Որոտանի մանկապարտեզի եւ նիստերի դահլիճի կառուցման հարցը։ Գ․ Մարտիրոսյանը վերահաստատել է, որ այս տարվա բյուջեով նախատեսված է Որոտանի մանկապարտեզի շինարարության մեկնարկը: Պետնախարարը համապատասխան հանձնարարականներ է տվել նաեւ շրջանի վարչակազմի պատկան մարմիններին՝ Խնձորեսկ-Որոտան գործող ճանապարհը ողջամիտ պարբերականությամբ բարեկարգելու եւ շահագործելի վիճակում պահպանելու համար։

Գ․ Մարտիրոսյանի հաջորդ կանգառը Հայկազյան գյուղում էր։ Այստեղ պետնախարարը ծանոթացել է նորակառույց դպրոցական շենքի պայմաններին, դասասենյակներին, հետաքրքրվել շենքի գործարկման ժամկետով։ Գ․ Մարտիրոսյանին տեղում զեկուցվել է, որ շենքային առումով դպրոցը կատարելապես պատրաստ է շահագործման համար, մնացել են էլեկտրաֆիկացման տեխնիկական հարցերը, որոնք կլուծվեն առաջիկա օրերին։

Հայկազյանից Գ․ Մարտիրոսյանն ուղեւորվել է Փակահան համայնք։ Այստեղ պետնախարարը ծանոթացել է վերջերս կապիտալ վերանորոգված դպրոցի շենքային եւ գրենական կահավորման պայմաններին, զրուցել մանկավարժական կոլեկտիվի հետ եւ համապատասխան հանձնարարականներ տվել քաղաքաշինության նախարարությանը՝ կապված շենքում առկա շինարարարական որոշ բացթողումների արագ շտկման հետ։ Փակահանում պետական նախարարն անցկացրել է նաեւ կարճ հանդիպում համայնքի բնակիչների հետ, հետաքրքվել հուզող խնդիրներով եւ ներկայացրել դրանց լուծման հարցում կառավարության տեսլականը։

Միջնավան քաղաքում Գ․ Մարտիրոսյանը ծանոթացել է նախկին բնակֆոնդում առկա շենքերից մեկի հիմքի վրա նոր բազմաբնակարան շենք կառուցելու ծրագրին, տեղում խորհրդակցել պատասխանատուների հետ։

Կովսականում պետական նախարարն անցկացրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն, որին ներկա են եղել ենթաշրջանի շուրջ 14 համայնքերի ղեկավարներ, դպրոցների տնօրեններ, ակտիվ քաղաքացիներ։ Գ․ Մարտիրոսյանը ներկայացրել է շրջանների զարգացման հարցում կառավարության մոտեցումները, այդ նպատակով վարչակազմերի նյութատեխնիկական բազայի թարմացման եւ լիազորությունների ընդլայնման ծրագիրը եւ դրանով վերջիններիս վերապահված պարտականությունները։ Գ․ Մարտիրոսյանը խոսել է նաեւ նախքան այցը շրջանի վարչակազմի միջոցով պետական նախարարի աշխատակազմ ստացված խնդրացուցակի մասին՝ անդրադառնալով մասնավորապես ջրագծի բարեկարգման ծրագրին, որի միջոցով կկարգավորվի խմելու ջրի հարցը, ինչպես նաեւ քաղաքային համայնքը բարեկարգելու եւ հին փլատակներից մաքրելու առաջարկին։ Վերջինիս մասով պետնախարարն առաջարկել է ներգրավել վարչակազմի ռեսուրսները, կատարել համապատասխան աշխատանքներ, իսկ գոյացած պիտանի շինանյութը հետագայում նույնպես ուղղել համայնքի շինարարական կարիքները հոգալուն։ Որպես հետագայում լուծվելիք հարց՝ Գ․ Մարտիրոսյանն ի գիտություն է ընդունել նաեւ Կովսականի դպրոցի սպորտային դահլիճի շինարարության հարցը։

Խորհրդակցության ընթացքում բարձրացվել է Ծոբաձոր եւ Որդուակ համայնքների ապահովումը մշտական հեռախոսային եւ համացանցային կապով։ Պետնախարարին զեկուցվել է, որ «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲ ընկերության կողմից տեղադրվել են համապատասխան աշտարակներ, իսկ խնդրի վերջնական լուծման համար պետություն-մասնավոր օղակով պարզաբանումներ կհայցվեն համապատասխան տնտեսվարողից։

Խորհրդակցության ավարտին պետական նախարարը տեղեկացրել է բոլոր ներկաներին, որ այս տարի Արցախի կառավարությունն սկսելու է նախագծային աշխատանքներ Կովսական-Կապան ավտոճանապարհի կառուցման համար։

Կովսական-Կապան ավտոճանապարհի՝ քաղաքապետարանից քաղաքապետարան երկարությունը 32 կմ է։ Ներկայիս գրունտային ճանապարհը դիտարկելի հեռանկարում ասֆալտապատվելու է։

Կովսականյան այցի վերջում Գ․ Մարտիրոսյանն այցելել է տեղամասային հիվանդանոց, շրջայց կատարել՝ ծանոթանալով ստեղծված պայմաններին, առկա սարքավորումներին եւ հիվանդանոցի զարգացման հեռանկարներին։

Քաշաթաղի շրջանի հարավային թեւ կատարած աշխատանքային այցի ընթացքում պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը բոլոր խորհրդակցությունների եւ հանդիպումների ժամանակ համայնքների բնակիչներին հավաստիացրել է, որ վարչակազմ-կառավարություն արդյունավետ կապի արդյունքում Ստեփանակերտն օպերատիվ կերպով տեղեկանում է շրջաններում առկա ամենատարբեր խնդիրների մասին եւ մշակում խնդրի հետ ավելի խորը ծանոթացման, արձագանքման ու լուծման ամենատարբեր գործիքներ։

Աշխատանքային այցին կառավարական պատվիրակության կազմում մասնակցել են նաեւ գյուղատնտեսության նախարար Ժիրայր Միրզոյանը, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը, էկոնոմիկայի եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար Լեւոն Գրիգորյանը, «Արցախի ներդրումային հիմանդրամի» գլխավոր տնօրեն Քաջիկ Խաչատրյանը, Արցախի «Գյուղի եւ գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի» տնօրեն Տիգրան Ծատրյանը։ Վերջիններս իրենց իրավասության մեջ մտնող ոլորտային թեմաներով համայնքների ղեկավարներին եւ բնակիչներին տեղեկացրել են կառավարության ընթացիկ ծրագրերի մասին եւ պատասխանել հարցերին։

Տպել
Ամենաշատ