News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողովի նիստը ղեկավարել է կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հ. Թումանյանի թանգարանի նախկին տնօրեն, հոբելյանական հանձնաժողովի անդամ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարինե Թուխիկյանը։

Հիշեցնենք, որ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողովը նախկինում ղեկավարում էր մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցը։ Սակայն, Նարինե Թուխիկյանը պարզաբանեց, որ կառավարության կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված, հաշվի առնելով, որ Մշակույթի նախարարությունը Սպորտի եւ երիտասարդության նախարարության հետ միասին միավորվելու են կրթության եւ գիտության նախարարությանը, այժմ հանձնաժողովը գլխավորում է ԿԳ նախարարը։

Նրա խոսքով՝ երեկ կայացած Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյակը նշող հոբելյանական հանձնաժողովի նիստի օրակարգում Թումանյանի ծննդյան հետ կապված միջոցառումների ծրագիրն էր թե՛ Երեւանի թանգարանում, թե՛ Դսեղի տուն-թանգարանում, թե՛ Թբիլիսիում։

Թուխիկյանն ասաց՝ Դսեղը փետրվարի 19-ին՝ Թումանյանի ծննդյան օրը, նոր շունչ կստանա․ «Գյուղը կշնչի ու կապրի, սպասվում են բազմաթիվ հյուրեր Դսեղի տուն-թանգարան թե՛ Երեւանից, թե՛ Լոռու մարզի տարբեր համայնքներից»։

Երեւանում ժամը 11։00-ին շեփորահարները կազդարարեն Թումանյանի ծննդյան ավետիսը, իսկ թանգարանի ներսում հեքիաթային միջոցառումներ են նախատեսված․ «Այցելուները կհաղթահարեն աշխարհներ, որից հետո նրանց սպասվում է անակնկալ՝ հանդիպում Թումանյանի եւ աշխարհահռչակ մյուս հեքիաթագիրների հետ բառիս բուն իմաստով։ Կլինի նաեւ հրավիրատոմսերով երաժշտական միջոցառում, իսկ ժամը մոտ 20։00-ին հրավառություն է նախատեսված»։

Նա խոսեց նաեւ«Թումանյանի տառատեսակի» մասին, որը մեծն բանաստեղծի ինքնագիրն է, նրա ձեռագիրը թվայնացված տարբերակով։ «Փետրվարի 19-ից այն կտեղադրվի կայքում եւ ամեն մեկը ցանկության դեպքում կկարողանա գրագրություն կատարել Թումանյանի ձեռագրով։ Ընդ որում՝ այդ տառատեսակը ստեղծել ենք ոչ միայն հայատառ, այլ նաեւ լատինատառ եւ սլավոնատառ, որովհետեւ Թումանյանի արխիվում կան բավականին շատ գրություններ ռուսերենով արված եւ Թումանյանը մեկ գրություն ունի անգլերենով, երբ Ցեղասպանությունից հետո դիմում էր միջազգային կազմակերպություններին եւ դեսպանություններին, ստորագրում էր լատինատառ»,-եզրափակեց նա։

Նշենք, որ Հ․ Թումանյանի 150-ամյակին նվիրված տոնակատարությունները մեկնարկելու են փետրվարի 19-ին եւ տեւելու են 1 տարի։ Հավելենք, որ Հ. Թումանյանի ծննդյան 150-ամյակը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հոբելյանական օրացույցում։

Տպել
Ամենաշատ