Վենեսուելական ընդդիմության առաջնորդ եւ երկրի խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոն, որն իրեն հռչակել է Վենեսուելայի ժամանակավոր նախագահ, հնարավոր է համարել պետական հեղաշրջման նպատակով արտասահմանյան ինտերվենցիան: Գուայդոն այս մասին նշել է The Wall Street Journal-ի հետ հարցազրույցում:
Գուայդոն ասել է, որ Վենեսուելայի նախագահի պաշտոնից Նիկոլաս Մադուրոյի հեռանալու համար կպահանջվի «բավականաչափ ճնշում», որի առավել արդյունավետ տարբերակը կարող է լինել ռազմական ներխուժումը: «Ճիշտ է, սա այն եղանակը չէ, որի վրա մենք հույս ենք դնում»,- նշել է նա:
Ընդդիմության առաջնորդի կարծիքով՝ Մադուրոն ինքնակամ չի հեռանա «այն բանից հետո, երբ իր ձեռքն է վերցրել սահմանադրությունը, եւ իշխում է միայն վախեցնելու ու խոստումների միջոցով»:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը Ռուսաստանին եւ մյուս երկրներին կոչ էր արել ճանաչել Գուայդոյին եւ Ազգային ասամբլեան: Նա նաեւ վենեսուելական նավթ արտահանող երկրներին կոչ էր արել թույլ չտալ, որ նավթի մատակարարման դիմաց վճարումները հասնեն Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի վարչակազմին:
Խուան Գուայդոն հունվարի 23-ին իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար: Նրան անմիջապես ճանաչել էր ԱՄՆ-ն, ավելի ուշ՝ Կանադան, լատինաամերիկյան երկրների մեծ մասը, Իսրայելը, Ավստրալիան: Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան եւ Բելառուսը Մադուրոյին աջակցել են: