News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Երեւան քաղաքի դատախազությունում խորհրդակցություն է անցկացրել՝ ամփոփելու 2018թ. Երեւան քաղաքի դատախազության եւ Երեւանի վարչական շրջանների դատախազությունների գործունեության արդյունքներն ու խնդիրները: Խորհրդակցության ընթացքում, որին մասնակցել են նաեւ Երեւանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը, ՀՀ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Գարիկ Ղուկասյանը, քննարկվել են մայրաքաղաքում հանցավորության վիճակին, հանցագործությունների կանխման, բացահայտման աշխատանքներին, մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական հսկողության, մեղադրանքի պաշտպանության որակին, ինչպես նաեւ դատախազության մյուս գործառույթների իրականացման արդյունավետությանն առնչվող հարցեր:

Երեւան քաղաքի դատախազ Գեւորգ Բաղդասարյանն անդրադարձել է հատկապես հանցագործությունների բացահայտման, մայրաքաղաքի քրեական հետապնդման մարմինների կատարված աշխատանքների ընթացքում ի հայտ եկած խնդիրներին, ձեռքբերումներին եւ արձանագրված թերություններին:

Ըստ Գեւորգ Բաղդասարյանի՝ 2018թ. ընթացքում Երեւան քաղաքում գրանցվել է հանցագործության 11344 դեպք, նախորդող տարվա 10324-ի դիմաց: Դեպքերը, փաստացի աճել են 1020-ով, կամ 8.9%-ով: Գրանցված հանցագործության դեպքերի թվաքանակի աճը պայմանավորվել է միջին ծանրության, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների աճով:

2018թ. հանցագործությամբ պատճառված 1.981.242.023 դրամ վնասից վերականգնվել է 623.820.833 դրամը: Վնասների հիմնական հատուցումները եղել են տեխնիկական զննության կայանների վերաբերյալ քրեական գործերով:

2018թ. ընթացքում Երեւան քաղաքում արձանագրվել է սպանության 12 դեպք՝ նախորդ տարվանից մեկով պակաս: Այս հանցատեսակի բացահայտման ցուցանիշը բարելավվել է՝ նախորդող տարվա 80%-ի դիմաց կազմելով 85.7%:

91-ով կամ 19.8%-ով նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու (368-459), 3-ով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերը՝ (86-89): 10.7%-ով կամ 3-ով նվազել են ավազակության դեպքերը (25-28):

Նախորդ տարվա համար մտահոգիչ աճ է արձանագրվել մայրաքաղաքում բնակարանային գողության դեպքերի մասով: Արձանագրվել է 801 նմանատիպ դեպք՝ նախորդ տարվա 441-ի դիմաց, աճը կազմել է 81.6%: Դրան զուգահեռ շարունակվում է տարեցտարի նկատվող բնակարանային գողությունների բացահայտման ցուցանիշների նվազման միտումը՝ 2018թ. կազմերով ընդամենը 9.5 տոկոս:

Երեւան քաղաքի դատախազությունում կատարված ուսումնասիրությունները վկայում են, որ բնակարանային գողությունների զգալի մասը կատարվում են հիմնականում ազատ մուտքեր ունեցող, ելումուտը սահմանափակող, կոդավորված փականներով դռներ չունեցող բազմաբնակարան շենքերից: Խորհրդակցության ժամանակ արձանագրվել է, որ պատշաճ որակով չեն իրականացվում նաեւ բնակարանային գողությունների վերաբերյալ քրեական գործերի քննությունները:

Հատկապես մայրաքաղաքում այս հանցատեսակի դեմ մղվող պայքարը գնահատելով խիստ անբավարար՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հանձնարարել է «քարտեզագրել» բնակարանային գողությունների համար մայրաքաղաքի ամենառիսկային գոտիները, հսկողության տակ առնել հանցագործների՝ այդ հատվածներ ելումուտի այլընտրանքային բոլոր երթուղիները եւ վարչական շրջանների, համատիրությունների գործուն մասնակցությամբ գործնական միջոցներ ձեռնարկել բազմաբնակարան շենքերն անվտանգությունն ապահովող սարքերով կահավորելու ուղղությամբ: Արթուր Դավթյանը խնդիր է դրել բնակարանային գողությանը վերաբերող գործերով քննությունները վերապահել բացառապես փորձառու քննիչներին եւ դատախազներին, ինչպես նաեւ յուրաքանչյուր դեպքի քննության ընթացքում ավելի վաղ կատարված այլ գողության մասին փաստական տվյալներ ստանալիս պարտադիր քննության առարկա դարձնել՝ որքանով են այն ժամանակ քննչական եւ օպերատիվ-հետախուզական գործողությունները կատարվել լիարժեք, որպեսզի նոր դեպքի բացահայտման դեպքում բավարար ապացուցողական բազա ապահովվի նաեւ նախկին գողության կատարման մեջ անձի մեղավորությունը հիմնավորելու համար: Եվ բոլոր այն դեպքերում, երբ կպարզվի, որ այդ ուղղությամբ անհետաձգելի գործողությունները կատարվել են բացթողումներով ու թերություններով, տալ համապատասխան իրավական գնահատականներ:

Երեւանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը տեղեկացրել է, որ դատախազության կողմից խնդիրը բարձրացնելուց հետո քաղաքապետարանի կողմից միջոցներ են ձեռնարկվել մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի մուտքերը տեսագրող սարքերով եւ կոդավորված փականներ ունեցող դռներով կահավորելու ուղղությամբ, սակայն  առաջիկայում գործընթացն ավելի կակտիվացվի:

2018թ. Երեւան քաղաքում արձանագրված կոռուպցիոն հանցագործությունների զանգվածում զգալի են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու 111 (2017թ.՝54), կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության եւ կաշառք տալու 113 (2017թ.՝99) դեպքերը: Կոռուպցիոն հանցագործությունների թվի աճը  պայմանավորվել է դրա դեմ պայքարի աշխատաքների բարելավմամբ:

ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ յուրաքանչյուր կոռուպցիոն հանցագործության դեպքի բացահայտման եւ պաշտոնատար անձին մեղադրյալի դատավարական կարգավիճակ տալուց հետո պետք է պարտադիր քննարկման առարկա դարձնել նրա նկատմամբ հարկադրանքի միջոցներ կիրառելու՝ պաշտոնավարումը դադարեցնելու հարցը: Միաժամանակ, սակայն, ըստ Արթուր Դավթյանի, անհրաժեշտ է ավելի մեղմ վերաբերմունք դրսեւորել բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր վերականգնում են հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը եւ գործուն աջակցություն ցուցաբերում հանցագործության լիարժեք բացահայտմանը:

2018 թվականի ընթացքում մայրաքաղաքում գրանցվել է ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու հետեւանքով անձանց առողջությանն անզգուշությամբ միջին ծանրության կամ ծանր վնաս պատճառելու 563 դեպք, նախորդ տարվա 335 դեպքի դիմաց, այսինքն նման դեպքերն աճել են 228-ով, կամ 68.1%-ով: 15.5%-ով աճել են նաեւ ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու հետեւանքով անզգուշությամբ մահ պատճառելու դեպքերը: Կարեւորելով այս հանցագործություններին նպաստող պայմանների վերացման խնդիրը՝ Արթուր Դավթյանը հանձնարարել է վերլուծությամբ առանձնացնել մայրաքաղաքի ճանապարհային երթեկության այն հատվածները, որտեղ ամենաշատն են արձանագրվում ՃԵԿ խախտումներ, պարզել եւ վերացնել պատճառները՝ ՃՈ հսկողության ուժեղացման, երթեւեկության նշանների տեղադրման կամ փոփոխման եւ այլ միջոցներով: Հանձնարարվել է նաեւ առանձնահատուկ ուշադրություն դարձնել ավտովթարների վերաբերյալ ելակետային տվյալների ձեռբերմանը եւ նշանակվող փորձաքննությունների արդյունքների հնարավորինս օպերատիվ ստացմանը:     

Խորհրդակցության ընթացքում քննարկվել է նաեւ Երեւան քաղաքի եւ Երեւան քաղաքի վարչական շրջանների դատախազության դատախազների դատավարական ղեկավարման ներքո քննված քրեական գործերով խափանման միջոց կալանքի կիրառման պրակտիկան: Արձանագրվել է, որ 2018թ. ներկայացվել է խափանման միջոց կալանքը կիրառելու վերաբերյալ 255 միջնորդություն, որոնցից բավարարվել է 239-ը կամ 93,7 տոկոսը: Համեմատության համար նշենք, որ 2017թ. ներկայացվել է  363 միջնորդություն, որոնցից բավարարվել է 332-ը կամ 91,4 տոկոսը: Վիճակագրությունը վկայում է, որ դատարան ներկայացված անձի կալանավորման վերաբերյալ միջնորդությունները նվազել են, իսկ ներկայացված միջնորդությունների բավարարման ցուցանիշը՝ աճել, ինչը վկայում է ՀՀ դատախազության կողմից որդեգրված՝ կալանքի միջնորդությունների հիմնավորվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ նախորդ տարվա ընթացքում ձեռնարկված կոնկրետ միջոցառումների արդյունավետության մասին:

Ամփոփման արդյունքներից ելնելով՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տվել է քննարկված խնդիրների եւ դրանց շրջանակում դատախազական գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացմանը միտված կոնկրետ հանձնարարություններ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դա որևէ առնչություն չունի Միհրան Մախսուդյանի հրապարակային գործունեության հետ. ՔԿ-ն՝ նրան հարցաքննության կանչելու մասին
Մենք սովորաբար չենք հրապարակում տեղեկություններ՝ քրեական վարույթներով անձանց հետ իրականացվող քննչական...
Մալայզիայի ռազմածովային ուժերի երկու ուղղաթիռ օդում բախվել են շքերթի փորձի ժամանակ
Ուղղաթիռներում եղել է 10 մարդ, բոլորը զոհվել են․․․
Երևանում բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. մեկ մարդ հոսպիտալացվել է
Այսօր՝ ապրիլի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում…
«Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորված անձի համար նախատեսված հանձնուքում հայտնաբերվել է թմրանյութին նմանվող հեղուկ զանգված
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ...
Փրկարարները կտրել և հեռացրել են Շինարարների փողոցում դեպի ճանապարհի երթևեկելի գոտի կախված ծառը
Ապրիլի 22-ին, ժամը 23:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Հրազդանի կիրճում վագոն-տնակներ են այրվել. Ջերմահարվել է 3 ծառ
Ապրիլի 22-ին, ժամը 20:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի...
Ամենաշատ