News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

32-ամյա Ծովինար Սաֆարյանն ամուսնու եւ 5 անչափահաս երեխաների հետ բնակվում են Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում՝ սոցիալապես անապահով վիճակում:

Ծովինարի զույգ երեխաները շուրջ երկու ամիս առաջ են ծնվել: Մեծ երեխաներն էլ առողջական խնդիրներ են ունեցել: Այս մասին  NEWS.am-ի հետ զրույցում պատմեց 32 ամյա կինը:

«Երեխաներս առողջական խնդիրներ ունեին: 11 տարեկան աղջիկս երկու անգամ վիրահատվել է: 4 տարեկան աղջիկս էլ երկու տարեկանից անընդհատ ցնցվում էր: Տարել եմ հետազոտության: Բժիշկներն ասել են, պետք է բուժում ստանա: Երկու տարի ամեն օր դեղ է խմել: Ամեն մի հատիկի արժեքը 300 դրամ է: 2 տարի խմել է: Էս վերջերս էլ չի ցնցվում: Երեւանի երրորդ մանկական հիվանդանոցում է հետազոտվել: Բժիշկները ցնցումները բրոնխիտի հետ էին կապում: Դեղն ամեն օր տալիս էի: Վերջին ժամանակներս չեմ տվել: Դե գումարի խնդիր կար ու նաեւ պիտի տանեի հետազոտության. հնարավոր է, այլեւս պետք չլինի: Ուղղակի զույգերս վաղաժամ ծնվեցին ու չկարողացա տանել»,-NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Ծովինարը՝ նշելով, որ այսօր իր առաջնային խնդիրը երեխաների սնունդն է, որը չի հասցնում ապահովել:

«Ամուսինս էս պահին չի աշխատում, զույգերս որ չէին ծնվել, ես սեզոնային աշխատանք էի անում, դաշտ էի գնում: Հիմա ուղղակի չեմ հասցնում, տատիկս է օգնում: Մենք ուրիշի տանն ենք ժամանակավոր ապրում: Այսօր իմ առաջին խնդիրը երեխաների, հատկապես փոքրերի սնունդն է, փամփերսը, հագուստը,արհեստական կեր են ուտում, որի մեկ տուփի արժեքը համարյա 4500 դրամ է: Մեկ տուփն էլ մեկ շաբաթ է բավականացնում: Գնում եմ խանութից նիսյա եմ անում, նպաստը ստանում, քիչ-քիչ տալիս եմ. իրենց փորձում եմ ոչ մի բանից հետ չպահեմ, բայց չի ստացվում: Պարտքերս են շատ, որ կարողանայի թեթեւանալ, էլի ոչինչ յոլա կգնայինք»,-նշեց Ծովինարը:

Ծովինարի պատմելով՝ երեխաները տաք շորեր չունեն, որ մի տեղ գնալուց հագցնի: Այս պահին Ծովինարի միակ եկամուտը նպաստն է եւ ամուսնու օրավարձով աշխատանքը, որով դժվարանում են երեխաների հոգսը հոգալ:

Երիտասարդ կնոջն օգնելու համար կարող եք զանգահարել 098705342 հեռախոսահամարով:

Տպել
Ամենաշատ