News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Երբ պարզ է դարձել, որ կենդանիները կարող են օգտվել աշխատանքային գործիքներից, ծագել է մարդկանց հետ նրանց համեմատելու միտքը՝ ով է ավելի արդյունավետորեն օգտվում այդ գործիքներից եւ ով է ավելի արագ սովորում դրանք կիրառել: Այդպիսի հետազոտություններ անցկացվել են, սակայն այդ գիտափորձերի մեծամասնությունում կենդանիներն անցնում էին «գործիքային» թեստեր ոչ բնական պայմաններում՝ լաբորատորիաներում եւ այլ հատուկ վայրերում, ինչը կարող էր անդրադառնալ նրանց կոգնիտիվ ունակությունների վրա:

Մաքս Պլանկի միության Էվոլյուցիոն մարդաբանության ինստիտուտի եւ Լոնդոնի համալսարանական քոլեջի աշխատակիցները վարվել են այլ կերպ. նրանք երկար ժամանակ Կոնգոյի անտառներում հետեւել են տեղի շիմպանզեներին եւ տեղական պիգմեյների էթնիկ խմբերի ներկայացուցիչներին: Կին-պիգմեյները անտառում հաճախակի են փնտրում Panda oleosa ծառի ընկույզներ, որոնք բավականին բարդ է մաքրել: Նույնկերպ ընկույզներ են փնտրում շիմպանզեները, գրում է Նաուկա ի Ժիզն-ը՝ հղում կատարելով Scientific Reports-ին: Մարդիկ այլ գործիքներ են կիրառում՝ ի տարբերություն շիմպանզեների. մարդիկ մաքրում են ընկույզները սրածայր մետաղական մուրճերով, իսկ շիմպանզեները մուրճի փոխարեն կիրառում են սովորական քարեր: Այնուամենայնիվ, պարզ է դարձել, որ երկուսն էլ գործում են նման ոճով (նման գործողություններ են կատարում եւ այլն) եւ գրանցում գրեթե նույն հաջողությունը:

Նախքան ընկույզները մաքրելը, ե′ւ մարդիկ, ե′ւ շիմպանզեները երկար ժամանակի ընթացքում ստիպված են զարգացնել այդ հմտությունը: Նոր հոդվածում հետազոտողները գրում են, որ ուսուցման գործընթացը երկու խմբերի մոտ նույն կերպ է ընթանում: Նրանք երկուսն էլ սովորում են՝ նույն սխալները կատարելով. օրինակ՝ ե′ւ մարդիկ, ե′ւ շիմպանզեները սկզբում փորձում են կոտրել ընկույզը՝ հարվածելով այն քարին, եւ դրանից հետո միայն նրանք հանգում են ճիշտ մեթոդին՝ հարվածել գետնին ընկած ընկույզի վրա մեկ այլ քարով: Սակայն ճիշտ ձեւը կատարելագործելու համար ժամանակ է անհրաժեշտ. ե′ւ մարդկանց, ե′ւ շիմպանզեների մոտ դա տարիներ է տեւում: Սկզբում ուսուցումը դանդաղ է անցնում, իսկ ժամանակի ընթացքում այն արագանում է: Բնականաբար, ե′ւ մարդը, ե′ւ շիմպանզեն պարբերաբար դիմում են ավելի փորձառու խմբակիցներին օգնության համար կամ պարզապես հետեւում են նրանց փորձին, սակայն աշխատության հեղինակները պնդում են, որ անգամ դա հաշվի առնելով՝ երկուսն էլ ձեռք են բերում ընկույզները կոտրելու հմտությունները նմանօրինակ ձեւով:

Ավելին, շիմպանզեներն ավելի արագ են սովորում, քան մարդիկ, եթե անգամ հաշվի առնենք, որ կապիկներն ավելի արագ են մեծանում: Իհարկե, պիգմեյները զբաղվում են նաեւ այլ գործերով. նրանք ամեն օր կատարում են բազում այլ բավականին բարդ գործողություններ, սակայն երբ խոսքը վերաբերում է հատկապես ընկույզներին, ապա շիմպանզեներն ավելի արագ են վարպետանում, քան մարդիկ: Հնարավոր պատճառն այն է, որ մարդկանց համար ընկույզները նույնքան կարեւոր չեն, քան կապիկների համար: Մի քանի ամիսների կտրվածքով ընկույզները կազմում են շիմպանզեների սննդակարգի կարեւոր մասը, այդ պատճառով կապիկների համար դրանք արագ մաքրելու տեխնիկաները սովորելն ունի կենսական նշանակություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ