News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ինչ-որ բան առաջարկելուց եւ նախաձեռնելուց առաջ, պետք է լայն հանրային քննարկում անցկացնել: Փետրվարի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Թեւան Պողոսյանը:

Նա ընդգծեց, որ երկրում ամենակարեւոր խնդիրներից մեկը հասարակության եւ իշխանության միջեւ կապի հաստատումն է: «Այն  նշանակում է, որ մինչեւ որեւէ բան առաջարկելը եւ նախաձեռնելը, անհրաժեշտ է լայն հանրային քննարկում անցկացնել: Սա թույլ կտա խուսափել այնպիսի իրավիճակից, որն առաջացել էր կառավարության ծրագրի հետ կապված, երբ սկզբում թվեր չէին ներկայացվել, իսկ հետո պարզվեց, որ այդ թվերը արտացոլված են այլ փաստաթղթերում», - բացատրեց Պողոսյանը:

Փորձագետը նշեց, որ կառավարության ծրագիրը պետք է հիմնված լինի 2019 թ. ընդունված բյուջեի վրա: «Ինչպես հայտնի է, բյուջեում որոշակի սահմանափակումներ կան, ուստի պետք է սպասել այն մեխանիզմների ներդրմանը, որոնք հաշվի կառնեն այդ»,- հավելեց ՀԿ ղեկավարը:

Ըստ Թեւան Պողոսյանի՝ խորհրդարանական կառավարման համակարգի անցումն արդեն իրականացվել է, ինչը նշանակում է, որ Ազգային ժողովը պետք է վերահսկողական գործառույթ ստանա: «Այս համատեքստում հարկավոր է բոլոր կարեւոր հարցերի համար հանրային լայն քննարկումներ անցկացնելը: Հակառակ դեպքում, մենք չենք կարողանա հասնել նրան, ինչին ձգտում էինք հեղափոխության արդյունքում՝ քաղաքական մշակույթի փոփոխությանը», - նշեց փորձագետը:

Ըստ Պողոսյանի՝ այսօր ԱԺ-ում կա 2 ընդդիմադիր ուժ, որոնք ըստ կարգավիճակի ընդդիմություն են: «Հայաստանում պետք է այնպիսի միջավայր ձեւավորվի, որպեսզի մենք կարողանանք խոսել քաղաքական բանավեճերի եւ գաղափարների, արժեքների, մոտեցումների մակարդակով պայքարի մասին՝ չկենտրոնանալով անձերի վրա: Պետք է փորձել շփման եզրեր գտնել նախկին եւ ներկայիս իշխանությունների ներկայացուցիչների միջեւ, ինչպես դա տեղի ունեցավ Արմեն Աշոտյանի (ՀՀԿ փոխնախագահ) եւ Մխիթար Հայրապետյանի միջեւ ( «Եվրանեսթ»-ում հայկական պատվիրակության ղեկավար՝ խմբ.): Նման մոտեցումը կարող է միասնական օրակարգ ձեւավորել արտաքին սպառնալիքների եւ վտանգների ֆոնին: Ղարաբաղի, Ցեղասպանության ճանաչման, ինչպես նաեւ Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում մենք պետք է միասնական մոտեցում ձեւավորենք, այստեղ պառակտումը կարող է շատ թանկ արժենալ», - եզրափակեց Թեւան Պողոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ