News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նախարարությունը լիազորություն չունի որևէ համայնքապետի պաշտոնազրկել, մարզպետարանը որևէ լիազորություն չունի որևէ համայնքապետի պաշտոնազրկել, բայց մենք հաճախ ունենք համայնքապետեր, որ ընտրվել են տարբեր չարաշահումների արդյունքում և այսօր համայնքների բնակիչների կողմից կա արդարացի պահանջ, որ այդ համայնքի բնակիչներն այլևս չեն ուզում աշխատել այդ համայնքապետի հետ։ Այս մասին այսօր` փետրվարի 11–ին,  լրագրողների հետ զրույցում այս խնդրին անդրադարձավ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։ «Ըստ էության, մենք ունենք ընտրված համայնքապետեր, որ օրենքով պաշտպանված են և միևնույն ժամանակ ունենք համայնքի բնակիչների արդարացի ձայն»,– ասաց նա։

Պապիկյանը տեղեկացրեց, որ Տարածքային կառավարման նախարարությունը նախաձեռնել է Տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքում փոփոխություն. «Մենք հիմա քննարկում ենք։ Չեմ խոսի, թե ինչ սկզբունք ենք դնելու դրա տակ, որովհետև յուրաքանչյուր սկզբունք պիտի բխի ՀՀ Սահմանադրությունից։ Մինչ դրա սահմանադրականությունը չճշտենք, ես դրա մասին չեմ խոսի։ Փորձում ենք ներդնել մեխանիզմ՝ ոչ թե համայնքապետերից ազատվելու, այլ՝ ՀՀ քաղաքացու, համայնքի բնակչի ձայնը լսելի դարձնելու համար։ Ես կարծում եմ, որ դրա հիմքում պետք է դրվի հանրաքվեի ինստիտուտը։ Այո, հանրաքվեով համայնքը կարտահայտվի՝ կողմ է արդյոք տվյալ համայնքապետի հետագա գործունեությունը»,– ասաց նա՝ ընդգծելով, որ սա վերաբերում է միայն խնդրահարույց համայնքներին։

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ վարչապետն առաջարկել էր համայնքապետի փոփոխության համար ստորագրահավաք անցկացնել՝ Պապիկյանն ասաց. «Իսկ ի՞նչ եք կարծում՝ 50+1 ստորագրությամբ, եթե համայնքը ներկայացնում է, դա չի՞ նշանակում, որ համայնքը համայնքի ղեկավարի նկատմամաբ անվստահություն ունի, և մենք պիտի քայլեր ձեռնարկենք, որ համայնքի բնակչի ձայնը լսելի դառնա և  ունենա լեգիտիմ համայնքապետ»։

Պապիկյանը տեղեկացրեց, որ ստորագրահավաք անցկացվել է միայն Ջրառատ գյուղում. Արշալույս գյուղից նախարարությունը ստորագրություններ չի ստացել։ «Դա հիմք ընդունելով՝ մենք նախաձեռնել ենք տվյալ փոփոխությունը։ Թե հիմա ինչքանո՞վ դա կհաջողվի կամ իրավական հիմք կունենա, կգնահատեն մասնագետները»,– ասաց նա։

Անդրադառնալով «Իմ քայլը» դաշինքի այն համայնքապետերին, որոնցից ևս դժգոհ են համայնքի բնակիչները՝ Պապիկյանը նշեց. «Մենք չենք առաջնորդվում կուսակցական պատկանելությամբ և կուսակցական ռասիզմով չենք առաջնորդվելու։ Մեզ համար կարևոր է համայնքի բնակչի ցանկությունը և ձայնը։ Այս տարի (ուղղակի ես հիմա կառավարության անդամի կարգավիճակով եմ), բայց քանի որ խոսք գնաց «Իմ քայլ»–ը դաշինքից, ես հայտարարում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններից հետո իր առաջ խնդիր է դրել գոնե այս ընտրություններին որևէ թեկնածու չպաշտպանել, եթե անգամ թեկնածուն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Մենք չենք ներկայացրել պաշտոնապես ոչ մի թեկնածու։ Մենք հնարավորություն ենք ընձեռել ՀՀ բոլոր քաղաքացիներին առաջադրվել, ինքնաառաջադրվել, հաղթել կամ պարտվել»,– նշեց նախարարը։

Տպել
Ամենաշատ