News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Բարեկամին աշխատանքի ընդունելն անօրինական չէ, բայց դրա բարոյական կողմը կա։ Այս մասին այսօր` փետրվարի 11–ին,  լրագրողների հետ զրույցում խոսեց Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը։ «Եղել են դեպքեր, որ երկու–երեք մարդ մի ընտանիքից աշխատել է նույն համայնքապետարանում։ Արդյո՞ք համայնքում չկան այլ մասնագետներ կամ համագյուղացիներ, որ կարող են անել այդ աշխատանքը»,– ասաց նա։

Անդրադառնալով այն հարցին, թե որ համայնքապետերին նկատի ուներ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ զգուշացնում էր գյուղապետերին, որ ինքնասեփականաշնորհումներ չանեն՝ Պապիկյանն ասաց. «Տեղեկություններ չունեմ, թե ում մասին է խոսքը, բայց փաստ է, որ Հայաստանում կան համայնքապետեր, ովքեր տիրապետել են և շարունակում են տիրապետել ֆինանսական միջոցների (որովհետև իրենք ընտրված մարմինների ղեկավարներ են): Եվ բնական է, որ սրա մասին վարչապետը հայտարարություն անելիս պետք է զգուշացներ, որ այն, ինչ օրինական չէ, բնական է, որ Նոր Հայաստանում չի կարող գոյություն ունենալ»։

ՏԿ նախարարության աշխատակիցներին տրված պարգևավճարների մասին հարցին անդրադառնալով՝ Սուրեն Պապիկյանն ասաց. «ՀՀ–ում յուրաքանչյուր աշխատող պիտի հավուր պատշաճի վարձատրվի։ Այո, այս առումով խնդիր կա, և հիմա օրենսդիրը և կառավարությունը նախաձեռնել են մի գործընթաց, որի արդյունքում կունենանք որոշակի չափորոշիչներով վարձատրվող, ըստ այդ վարձատրության՝ պարգևավճար ստացող պաշտոնյաներ և քաղաքացիներ»։

Հիշեցնենք, որ այսօր պետության կողմից համայնքներին սուբվենցիայի տրամադրման ծրագրի քննարկման շրջանակում համայնքապետերի հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ շատերը կարծում են, թե ընտրություններն ավարտվել են, և հիմա կարելի է անել այնպես, ինչպես նախկինում՝ համայնքային գույքը սեփականաշնորհելով և իրենց էլ մեծ բաժիններ հանելով. Փաշինյանը զգուշացրեց, որ այդպիսի մտայնությունը տեղ չունի և նման շրջադարձ այլևս հնարավոր չէ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ