News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրված պատգամավոր Սասուն Միքայելյանը պետք է դուրս գա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից, այդ դեպքում միայն նրա թեկնածությունը ընդունելի կլինի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածու, «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը՝ «Կոռնիձորի» Արոն։

«Եթե Սասուն Միքայելյանը առաջադրվել է ԵԿՄ պաշտոնում, նա պետք է դուրս գա կուսակցությունից, վարչության անդամ չպետք է լինի, հակառակ դեպքում ԵԿՄ–ն նորից կուսակցական խաղերի մեջ է մտնելու, ինչպես Մանվել Գրիգորյանի ժամանակ էր։ Կուսակցական, կոռումպացված կարգավիճակի հասած երկրապահը վերակռումպացվելու է կուսակցական եւ ոչ կուսակցական առումներով։ «Մանվել դուբլ» ենք խաղալու։

Էդ մարդիկ, որ հավաքվել են ու առաջադրել են Սասուն Միքայելյանի պաշտոնը, կարող է վաղն էլ հանդիպեն եւ առաջադրեն Սերժ Սարևգսյանի թեկնածությունը։ Ինչ-որ մի բանի դիմաց իրենք թեկնածություն են առաջադրում»,- ասաց Արա Խուդավերդյանը՝ նշելով, որ ԵԿՄ փոխնախագահները, վարչության անդամներն են առաջադրել Սասուն Միքայելյանի թեկնածությունը։

Արա Խուդավերդյանը նշեց, որ իրենք սկսել են մի գործընթաց, որով ցանկանում են ԵԿՄ–ն վերադարձնել երկրապահին։

«25 օր առաջ Մասիսում ժողով տեղի ունեցավ, որտեղ երկրապահները դուրս մղեցին չեկրապահներին․ այդ գործընթացը տեղի է ունենում տարբեր կառույցներում։ Պետք է ձեւավորվի «Երկրապահը պետք է լինի երկրապահին» հասկացությունը, իսկ մյուս ներկայացուցիչները (պատերազմին չմասնակցած ԵԿՄ-ականները․ հեղ․) այլ ձեւաչափերով պետք է անդամակցեն։ Ովքեր ժամանակին դուրս էին եկել, պետք է երկրապահի շարքեր վերադառնան, որպես ապաքաղաքական կառույց»,– ասաց նա։

Նշենք, որ փետրվարի 11-ին ԵԿՄ վարչությունում տեղի է ունեցել հավաք։ Հավաքին ներկա երկրապահները միաձայն որոշել են պատրաստվել արտահերթ համագումարի՝ առաջադրելով «Սասուն» կամավորական ջոկատի հրամանատար, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի թեկնածությունը:

Նշենք, որ մինչ այժմ ԵԿՄ նախագահի մեկ թեկնածու է պաշտոնապես գրանցվել՝ «Կոռնիձոր» ջոկատի հրամանատար Արա Խուդավերդյանը։

 

Տպել
Ամենաշատ