News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 27
Տեսնել լրահոսը

Երևանի քաղաքապետարանը թափառող շների խնդրով միայն վերջին 2 ամսում ստացել է ավելի քան 700 ահազանգ: Խնդիրը լուծելու համար նախատեսվում է ստեղծել «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն»: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Քաղաքապետարանի լրատվական ծառայությունից։

«Մշակեցինք ծրագիր և հասկացանք, որ այն պետք է իրականացվի քաղաքապետարանի ներքո գործող կազմակերպության միջոցով, որպեսզի չունենանք ռիսկեր և ապահովվի ծրագրի շարունակականությունը: Բացի այդ, չհետապնդի բիզնես նպատակ»,- ասել է քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը:

Կենտրոնը կունենա անասնաբուժական կլինիկա և կացարան: Երևան կհրավիրվեն նաև օտարազգի մասնագետներ: Մայրաքաղաքի տարբեր հատվածներից մասնագիտացված մեքենաները շներին կտեղափոխեն կենտրոն: Տեղում մասնագետները կզննեն, կպատվաստեն, կբուժեն և կստերջացնեն կենդանիներին:

«Ներկա պահին առկա ամբողջ տեղեկատվությունն իրացնելով՝ պետք է նշեմ, որ մուտքագրված է 6000 էգ շուն, որից 4500-ն առաջին տարում կստերջացվի», - տեղեկացրելէ Խաչիկ Հակոբյանը:

Անասնաբույժի ցուցումով շները կացարանում կմնան մի քանի ժամից մինչև մի քանի օր: Այնուհետ կհամարակալվեն և կհանձնվեն տարբեր ընտանիքների ու կազմակերպությունների խնամքին կամ բաց կթողնվեն նույն վայրեր:

«Մինչև մեր ենթակառուցվածքների ձևավորումը՝ նախատեսում ենք, որ աշխատանքները կիրականացնենք այլ կլինիկաների հետ համագործակցությամբ: Ծրագիրը շարունակական է և 4-5 տարում, եթե ծրագիրը նաև հարևան համայնքներում նմանատիպ լուծում ստանա, ակնկալվում է դրանց քանակը հասցնել նվազագույնի կամ միգուցե կարողանանք ունենալ թափառող շների մայրաքաղաք»,- ասել է Խաչիկ Հակոբյանը:

Տպել