News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան շարունակում է միջուկային վառելիք արտադրել՝ միեւնույն ժամանակ ԱՄՆ-ի հետ ապամիջուկայնացման վերաբերյալ  բանակցություններ վարելով եւ անցյալ տարի կարող էր  բավական քանակությամբ արտադրել իր զինանոցում միջուկային զենքի մինչեւ 7 միավոր ավելացնելու համար: Այս մասին է վկայում ուսումնասիրությունը, որը հրապարակվել է ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի եւ նախագահ Դոնալդ Թրամփի միջեւ նախատեսված հանդիպումից ընդամենը մի քանի շաբաթ առաջ, հայտնում է Reuters-ը:

Միեւնույն ժամանակ 2017-ից Փհենյանի կողմից միջուկային զենքի եւ հրթիռների փորձարկումների սառեցումը նշանակում է, որ ԿԺԴՀ-ի զենքի մշակման ծրագիրը, հավանաբար, այդքան մեծ սպառնալիք չի ներկայացնում, ինչպես տարեվերջին: Այս մասին նշվում է Ստենֆորդի համալսարանի միջազգային անվտանգության եւ համագործակցության կենտրոնի զեկույցում:

Լոս Ալամոսի միջուկային լաբորատորիայի նախկին տնօրեն Զիգֆրիդ Հեքերը, ով այժմ աշխատում է Ստենֆորդում եւ զեկույցի հեղինակներից մեկն է, ասել է, որ արբանյակներից արված նկարները ցույց են տվել, որ 2018-ին ԿԺԴՀ-ն շարունակել է միջուկային վառելիքի արտադրությունը:

Հեքերի թիմի տվյալներով՝ 2017-ին ԿԺԴՀ զինանոցում մինչեւ 30 միավոր միջուկային զենք է եղել: Այսպիսով ներկայիս դրությամբ այն կարող է 37 միավորի հասնել: ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները ստույգ չգիտեն, թե որքան միջուկային մարտագլխիկ ունի Փհենյանը: ԱՄՆ-ի ՊՆ-ի հետախուզական վարչությունն անցյհալ տարի հաշվել էր, որ դրանց թիվը մոտ 50-ի է հասնում, մինչդեռ վերլուծաբանները նշում էին 20-60 մարտագլխիկի մասին:

Ստենֆորդի համալսարանի զեկույցում նշվում է, որ թեեւ ԿԺԴՀ-ն, հավանաբար, շարունակում է մարտագլխիկների չափի փոքրացման ուղղությամբ աշխատել եւ երաշխավորել, որ դրանք կարող են տեղադրվել միջմայրցամաքային հրթիռների վրա, փորձարկումների կասեցումը զգալիորեն սահմանափակել է նման մշակումների հնարավորությունները:

«Նրանք չեն դադարեցրել պլուտոնիումի եւ հարստացված ուրանի արտադրությունը, - ասել է Հեքերը,-սակայն ամեն ինչ կախված է նաեւ զենքի ստեղծման աշխատանքներից, արտադրությունից, փորձարկումներից, իսկ հետո նաեւ արձակումներից»:

«Երբ նրանք դադարեցրին հրթիռային փորձարկումները, հետահարում կատարվեց: Ուստի, երբ ես նայում եմ այդ ամբողջ սպեկտրին, ինձ թվում է, որ Հյուսիսային Կորեան…այսօր պակաս վտանգավոր է, քան 2017-ի վերջին, չնայած նրան, որ նրանք կարող էին միջուկային զենքի եւս 5-7 միավոր արտադրել»…

Համալսարանի փորձագետները կարծում են, որ «ԿԺԴՀ-ն չի կարող մարտագլխիկը… ԱՄՆ-ի մայրացամաքային տարածքին հասցնել», սակայն ըստ Հեքերի, Փհենյանի միջուկային զենքը իրական սպառնալիք է Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ