News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հունվարի 1-ին հրազենային վնասվածքից մահացած պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանի ծնողները չեն հավատում ինքնասպանության վարկածին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Էդգարի մայրը` Ալինա Սարգսյանը:

«Ես վստահ եմ` իմ տղային սպանել են, ինքը նման բան չէր անի, ինքը կյանքով լեցուն, նպատակներ շատ ուներ: Ես իմ երեխային չեմ պաշտպանում, բայց Էդգարը նման քայլի չէր կարող դիմել, սա աբսուրդ է, եւ ես զարմանում եմ, որ էդ 8-9 հոգին միասին են եղել, միթե՞ նրանց մեջ խիղճը չի խոսում: Մեկ է՝ վաղ, թե ուշ նրանք պատասխան են տալու Աստծո առաջ, իրենց խղճի առաջ եւ ոնց են հանգիստ գլուխները բարձին դնում»,- ասաց Էդգարի մայրը:

Տիկին Ալինան նշեց, որ Էդգարի վնասվածքը կրծքավանդակի շրջանում է, ինչը նույնպես բացառում է ինքնասպանության վարկածը:

«Քննչական մարմինները զբաղվում են այդ հարցով, ես հուսով եմ, որ ամեն ինչ կբացահայտվի: Եթե ինքնասպանության վարկածը կար, սկզբից թող ասեին ինքնասպանություն է, ինչու են բոլորը վախենում, անընդհատ իրենց խոսքը փոխում»,- ասաց նա:

Տիկին Ալինան խիստ վրդովված խոսեց պաշտպանության նախարարի այսօրվա ելույթի մասին, զարմացել էր, թե ինչպես կարող էր ծառայության մեջ գտնվող որդու մահը կապված չլինել ծառայության հետ:

«Մեր նախարարը շատ գեղեցիկ պատասխանեց, որ դա ռազմական չէ, դրա համար էլ չենք հայտնել, կարեւոր չենք համարել: Շատ ապրի մեր նախարարը, շատ գեղեցիկ խոսեց, ես նման լավ մարդկանց պայծառ ապագա եմ ցանկանում, թող ոչ մեկը նման կորուստ չունենա: Բայց էդպես չի կարելի, ոնց թե ռազմական չի եղել, չէ՞ որ ծառայության մեջ էր»,- ասաց նա:

Պնախարար Դավիթ Տոնոյանն այսօր հայտարարել էր, որ Պաշտպանության նախարարությունը չի պատրաստվում ոչ ծածկել, ոչ կոծկել որևէ տեղեկատվություն, և դա չի արել տարիներ շարունակ:

«Հիմա փոքրիկ ծառայողական քննություն է իրականացվում՝ պարզելու, թե ինչի հետ է կապված եղել, որովհետեւ հաշվի առնելով, որ դեպքը կապված չի եղել ծառայության հետ, մենք մեծ ուշադրություն չենք դարձրել այդ խնդրին»,- հավելել է նա:

Հիշեցնենք, որ Ամանորի գիշերը հրազենային վնասվածքից մահացել է ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Էդգար Գրիգորյանը, սակայն դեպքի մասին Պաշտպանության նախարարությունն ու Քննչական կոմիտեն որևէ տեղեկություն չեն հայտնել:

ՊՆ-ից հայտնել են, որ դեպքի առթիվ Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔՕ-ի 110-րդ հոդվածի 1 մասով՝ ինքնասպանության հասցնելը:

Նշենք, որ Էդգար Գրիգորյանը 5 ամսվա պայմանագրային զինծառայող էր, ընտանիքի միակ տղան, 3 անչափահաս երեխաների հայր:

Տպել
Ամենաշատ