News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Փաշինյանը համաձայն չէ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանի տեսակետին, թե կառավարությունը առանց չափելի թվերի ծրագիր ներկայացնելով հաշվետու չէ ԱԺ-ին:

«Մենք նախ ունենք կառավարության տարեկան զեկույցը ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ: Ունենք բյուջեի կատարողականը, բյուջեի նախագիծը, ունենք հարցուպատասխանի ռեժիմը: Խմբակցությունները կարող են հարցապնդումներով հանդես գալ»,-ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ նշեց Փաշինյանը:

Արկադի Խաչատրյանը նկատեց, որ Կառավարության ծրագրում որպես առաջնահերթություն նշված է, որ որեւէ ծրագրի համար պետք է սահմանվեն վերջնական կամ թիրախային այնպիսի ցուցանիշներ, ներառյալ ժամկետներ, որոնք կլինեն չափելի «Եթե կառավարությունն այդպիսի առանցքային մոտեցում ունի, ինչու անհրաժեշտ չհամարեց չափելի ցուցնաիշները ներառել իր ծրագրում: Եթե վաղը որեւէ նախարարություն այսպիսի ծրագիր ներկայացնի, դա ձեզ համար չափելի կլինի՞»,-հարց տվեց նա վարչապետին:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց. «Եթե ասվում է որ Հայաստանում 2023թ. ծայրահեղ աղքատություն չպետք է լինի, դա չափե՞լի է, թե՞ չափելի չէ: Ավելի կոնկրետ չի լինում: Ենթադրենք՝ գրեինք, որ աղքատությունը պետք է կրճատվի 7 տոկոսով, եւ մեր գործունեության արդյունքում կրճատվեր  6 տոկոսով, ի՞նչ պիտի անեիք, հայտարարեիք, թե կառավարությունը վատ է աշխատում, թող հրաժարակա՞ն տա: Կամ գրել ենք, ծայրահեղ աղքատություն չպիտի լինի, բայց մեր գործունեության արդյունքում պարզվի, որ կա 5 % աղքատություն կա: Պիտի ասեք՝ վատ է, որ 95 տոկոսով կրճատվել է, 5 %, դեռ կա»:

Նա նշեց, որ «Լուսավոր Հայաստանի» պատգամավորների ելույթը լսելիս առյուծի մասին անեկդոտն է հիշում. «Երբ հարցնում են, թե պատկերացրու անապատում առյուծը հետեւիցդ ընկնի ի՞նչ կանես, պատասխանում է՝ ծառը կբարձրանամ, ծառ չկա, սարը կբարձրանամ, սար չկա: Պատասխանողը բարկանում է՝ հիմա դու ում կողմից ես. ի՞մ, թե՞ առյուծի: Հիմա ձեր ուզածն ինչ է, որ այդ փոփոխությունը լինի, թե չլինի: Ձեր հարցերից տպավորություն է, թե դուք ոչ թե վախենում եք, որ ծրագիրը չի իրականանա, այլ վախենում եք, որ կիրականանա: Եթե դրանից եք վախենում, ճիշտ եք անում»,- ընդգծեց վարչապետը:

Տպել
Ամենաշատ