News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Տպավորություն է, թե վարչապետը մի քիչ թերագնահատում է ԱԺ ամբիոնը և վարչապետի ուսերին դրված բեռը։ Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, ԱԺ ամբիոնից հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած՝ կառավարության ծրագրին։

«Անընդատ նշում եք, որ ժողովրդի կողմից մեծ վստահություն եք ստացել, 70 տոկոս ձայն եք ստացել, ուղղակի մի հիշեցում. 1991 թվականի ընտրություններին Լևոն Տեր-Պետրոսյանը նախագահական ընտրությունենրում 83 տոկոս ձայն էր հավաքել: Հետո չհիշեցնեմ ժողովրդի հիասթափությունը, չհիշեցնեմ, որ խոստացված ժողովրդավարությունն այդպես էլ մենք չտեսանք: Խնդրում եմ՝ չկրկնեք նախորդների սխալները, մեր երկիրն ու ժողովուրդը չի կարող նորից դրա միջոց անցնել: Ու հետո, պարոն Փաշինյան, փոքրամասնության ձայնը անտեսելն ու արհամարհելը հղի է լինում հետևանքներով»,-ասաց նա:

Գորգիսյանն առանձնացրեց կառավարության ծրագրի մի քանի վիճելի դրույթներ՝ նշելով, որ այդ ամենի մասին բարձրաձայնում են, քանի որ չեն ցանկանում՝ կառավարությունը ձախողի. «Մենք չենք ուզում դուք ձախողվեք, մենք ուզում ենք իրական փոփոխություններ: Մենք ուզում ենք, որ իներցիան հաղթահարեք, և ռեալ առաջ գնա երկիրը: Պարոն Փաշինյան, մի հատ լավ անեկդոտ էիք պատմում մսով պեռաշկու մասին, հանկարծ այդ իրավիճակում չհայտնվեք, դրանից ենք վախենում»,-ասաց պատգամավորը:

Նա հետաքրքրվեց, թե ԱԺ-ն կառավարության ծրագիրը հաստատելու դեպքում ինչպե՞ս պետք  է վերահսկի արդյունքները. «Եթե ծրագրում նշած է ընդամենը 11 թիվ, 11 ժամկետ, բայց «պետք է» բառը հանդիպում է 95 անգամ, «անհրաժեշտ է» բառը հանդիպում է 33 անգամ՝ «Մեզ պետք է ծախսարդյուանվետ դինամիկ կառավարում», պետք է, պետք է, պետք է…Մեկ տարի հետո հարցնենք՝ ի՞նչ եղավ, կասեք՝ դեռ պետք է, քանի որ չկա որևէ կոնկրետություն դրած, գտնում եք, որ պետք է: Երկու տարի հետո կասեք՝ այո, դեռ պետք է, հինգ տարի հետո կասեք՝ ընտրություններ են, ժողովուրդը կորոշի»:

Գևորգ Գորգիսյանի կարծիքով՝ Փաշինյանը կառավարության ծրագիրը ներկայացրեց շատ էմոցիոնալ, քաղաքական, գրեթե հանրահավաքներում իր ելույթների պես, և առարկայական ոչինչ իրենք չստացան. «Ասում եք՝ կարևոր է պաշտոնատար անձանց վարքագծի փոփոխությունը, բայց բերել եք Կարեն Կարապետյանի կառավարության նախագծին մոտ նախագիծ, և դուք անցած տարի խստագույնս քննադատում էիք այդ ծրագիրը՝ անվանելով կենաց: Հնչեցված հարցերին, մտահոգություններին տալիս եք նույնքան խոսանավող, երբեմն նաև արհամարհանքով ու մուննաթով համեմված պատասխաններ:

Խոսում եք սուպերվարչապետական համակարգի վերացման մասին, հիմա ասում եք այո, պետք է վերացնել, բայց հետո: Ու սրան զուգահեռ ԱԱԾ-ն, ոստիկանությունը վարչապետին ենթակա մարմին է, ՊԵԿ-ը կառավարությանը ենթակա մարմին է, դա մեզ քիչ էր, հիմա էլ Սփյուռքի նախարարությունը լուծարվում է, դրա փոխարեն ստեղծվում է վարչապետին առնթեր հանձնակատարի ինստիտուտ՝ էլ ավելի խորացնելով սուպերվարչապետական համակարգը»,-ասաց նա:

Նա հիշեցրեց Փաշինյանին, որ մեկ տարի առաջ նշում էր, թե որքան կարևոր է պատերազմող և շրջափակման մեջ գտնվող երկրի համար ազգային ավիափոխադրող ունենալը, այսօր կառավարության օրակարգում նման հարց չկա, փոխարենը ասում են՝ եթե միջոց կլինի, կանենք, չի լինի, չենք անի. «Խոսում եք պարենային անվտանգության մասին, բայց գյուղատնտեսական ոլորտի զարգացման տեսլական չկա ծրագրում: Այդ մասին հարց ենք տալիս, ասում եք՝ պատգամավորի մասին էլ չկա, բայց հո մանդատը չեք դնելու, աշխատելու եք, փաստորեն ուղերձ եք տալիս գյուղացուն՝ գնացեք, աշխատեք, ապահովեք երկրի պարենային անվտանգությունն ու կառավարության վրա ոչ մի հույս մի դրեք»,- նշեց նա:

Խոսելով կոռուպցիայի մասին,ասաց, որ գործում են այնպիսի հարկային օրենսգիրք և մաքսային ընթացակարգեր, որոնք ամբողջությամբ ստեղծված են եղել կոռուպցիա ապահովելու համար: Նա խորհուրդ տվեց վարչապետին՝ գնալ և տեսնել, թե ինչեր են կատարվում հարկային ու մաքսային մարմիններում:

Գևորգ Գորգիսյանն իր ելույթում անդրադարձավ նաև զինծառայողների սոցիալական հարցերը.  «Զինծառայողները տասնամյակներով հերթ են կանգնում բնակարանների համար, լինում են դեպքեր, որ մահանում են՝ այդպես էլ այդ բնակարանները չստանալով: Ասում եք՝ զինծառայողների համար լավ հիփոթեքային ծրագիր ենք մշակել, բայց այդ մարդիկ չեն ուզում հիփոթեք, ասում են՝ եթե մենք զոհվենք կամ վիրավորվենք, ո՞վ է մեր փոխարեն վճարելու»:

Նա անդրադարձավ նաև Ռուսաստանից մատակարարվող գազին՝ նշելով, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ճիշտ աշխատելու դեպքում մինչև 30 տոկոս կարող է նվազեցնել գազի գինը. «Տնտեսական հեղափոխություն եք խոստանում, բայց ասում եք՝ կառավարությունը միայն դրա մասնակիցն է լինելու: Քաղաքացիներին ասում եք ՝ տնտեսական ակտիվիստ չդառնաք, հեղափոխություն չենք անելու, ՀԴՄ չպահանջեք, վթարային շենքը չենք կառուցելու, էդպես էլ ապրեք, ոնց կարող եք: Այդ դեպքում ո՞վ է լինելու տնտեսական հեղափոխության պատասխանատուն, մի քանի տարի հետո ումից պահանջենք էդ հեղափոխությունը եղավ, թե չէ»,-ամփոփեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ