News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Ոչ թե Մեղրին, այլ աղետի գոտին, Գյումրին, Սպիտակը պետք է դարձնենք ազատ տնտեսական գոտի: Այս մասին այսօր՝ փետրվարի 13-ին, ԱԺ-ում իր ելույթում նշեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը:

«Երբ իմացանք, որ Մեղրին դարձել է ազատ տնտեսական գոտի շատ հայորդիներ վրդովվեցին, որ հենց Մեղրին դարձավ ազատ տնտեսական գոտի: Շատ տնտեսագետներ ասում են դարձրել ենք ազատ տնտեսական գոտի, որ Իրանից ներդրումներ արվեն, մատչելի է, սահմանային գոտի է, բայց շատ ռիսկային հատված են ընդգրկել: Մենք գիտենք, որ ազատ տնտեսական գոտի ստեղծում են ոչ թե ներկրելու, այլ աշխատատեղեր ստեղծելու համար:

1996 թվականից  ես ասում եմ, որ Գյումրին պետք է դարձնել ազատ տնտեսական գոտի: Երեսուն տարի է անցել երկրաշարժից, իսկ ներդրումները Գյումրիում, հավանական է, 0,1 % են: Եթե մենք կարծում ենք, թե պիտի այնպիսի դաշտ ստեղծենք, որ դրսի ներդրողները գումարները ձեռքներին խելագարված գան այստեղ ներդրումներ անեն, ցավոք սրտի, սխալվում ենք: Կարծում եմ, ու շատերն են այդպես կարծում, պետությունը ինքը պիտի լոկոմոտիվի դեր տանի:

Եթե երեսուն տարի մենք չունենք այդ ներդրողը Գյումրիում, եւ նման քաղաքներում, ապա պետությունը պիտի նրան ուղղորդի, ստանձնի այդ պարտականությունը»,-հայտարարեց նա՝ հավելելով, որ մայրաքաղաքը պետք է մնացած քաղաքներին հարազատ որդու պես նայի:

Վարդան Ղուկասյանը նշեց, որ երկրաշարժից առաջ Լենինականում կար կենցաղի թանգարան, երբ երկրաշարժն եկավ, ամբողջ այդ զարդ-զարդարանքը, միլիոններ արժեցող, տեղափոխվեց Երեւան. «Նախկին տարիներին հինգ անգամ բարձրացրել եմ այդ հարցը, բայց կրկին «Ձայն բարբառո անապատի»: Ու թե որտեղ է գտնվում Լենինականի այդ հարստությունը՝ չգիտեմ: Ես մշտապես ասել եմ մարդկանց տնակներից հանենք, բնակարաններ կառուցենք: Լավ, բնակարաններ ենք կառուցում, բայց ինչո՞ւ ենք փոշիացնում այդ գումարները: Հիմա կասեք մեկ ասում եք բնակարան կառուցեք, մեկ էլ ասում եք՝ փոշիացնում եք: Կոնկրետ մարդիկ, որ բնակարան են ստանում իրենց ապրուստը հայթայթելու համար մեկնում են Երեւան կամ արտասահման: Լույսերը մարած են քաղաքի: Անիի ավերակներն է դարձնում կամաց- կամաց: Ուրիշ ինչ ձեւով ներկայացնեմ, որ վատ է քաղաքի վիճակը: Իրոք, եւ գիտեք յուրաքանչյուրս մեր մեջ փնտրենք, ու գտնենք, որտեղ է վերքը՝ դարման դնենք: Ոչ թե Մեղրին, այլ աղետի գոտին, Գյումրին, Սպիտակը դարձնենք ազատ տնտեսական գոտի»,-ընդգծեց նա:

ԲՀԿ-ական պատգամավորը խոսեց նաեւ տարածքային անհամաչափ զարգացումից. «Ստացվել է մի մեծ գլուխ ու մի փոքր մարմին, որը չի կարողանում պահել այդ մեծ գլուխը: Մայրաքաղաքն այնքան զարգացած է, որ համեմատական չէ ամբողջ հանրապետության հետ: Ներդրումների 99 %-ը արվում են Երեւանում եւ Արարատյան դաշտավայրում: Հրեաները ստեղծել են 300.000-անոց մայրաքաղաք եւ չեն ավելացնում: Հիմա մենք ինչ ենք ուզում. նորից ավելացնե՞լ քաղաքը, թե՞ բեռնաթափել»:

Տպել
Ամենաշատ