
Թմրաբարոն Էլ Չապոյի (Կարճահասակ)՝ Խոակին Գուսմանի դատապարտումը օրինակ է, որ հանցավոր կյանքը եւ հեշտ ճանապարհով ձեռք բերված փողերը երջանկություն չեն բերում, ասել է Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը, գրում է Reuters-ը:
Նրա խոսքով՝ Գուսմանի դատին վկաներից մեկի վկայությունը, թե նա կաշառք է տվել Մեքսիկայի նախկին նախագահին, կարող է քննության առարկա դառնալ, եթե Մեքսիկայում պաշտոնական բողոք ներկայացվի: Ընդ որում Օբրադորը նշել է, որ նախընտրում է ապագայում կանխել կոռուպցիան, այլ ոչ թե անցյալի վրա կենտրոնանալ:
Նախօրեին ատենակալները դատավարության ընթացքում, որը նոյեմբերին սկսվել էր Նյու Յորքում, Գուսմանին մեղավոր էին ճանաչել մեղադրանքի բոլոր 10 կետերով: