News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Խորհրդարանը շարունակում է քննարկել կառավարության ծրագիրը։ Ընդդիմությունն անցավ խիստ քննադատության։ «Լուսավոր Հայաստանի» պատգամավորը ծրագրում թվերի փոխարեն հաշվել է տասնյակ «պետք է»-ներ՝ այսօր էլ, 5 տարի հետո էլ ապառնի ժամանակով։

Գորգիսյանի թիմակից պատգամավորն էլ հիշեց վարչապետի երեկվա մուննաթը, խորհուրդ տվեց վատ ծրագրի պատճառով չքննադատել իրենց։

«Բարգավաճ Հայաստանից» էլ միացան քննադատությանը։ Գեւորգ Պետրոսյանը հակասություն տեսավ՝ վարչապետը ավելին է ասում, քան ծրագրում է գրված, նրա երկրաշունչ խոսքի ֆոնին ծրագիրը շատ լակոնիկ է։

Այս 2 օրերի հարցուպատասխանից, նաեւ ելույթներից փոխվարչապետ Ավինյանը եզրակացրեց, որ բովանդակային քննարկումներ չծավալվեցին եւ չեն ծավալվելու:

Խորհրդարան հասան նաեւ ցուցարաների բողոքները՝ մաքսազերծման եւ բացօթյա առեւտրի խնդրով։ Ոչ եւ ոչ․ հայտարարեց Փաշինյանը՝ անսկզբունք կոմպրոմիս չի լինելու։

Մեկ այլ հարցով Կառավարության դիրքորոշումը փափկել է, իրավաբանական, խորհրդատվական եւ հաշվապահական ծառայություններ մատուցող անձնաց հարկային բեռը 4-ից 6 անգամ ավելացնել առայժմ չեն պատրաստվում։ Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու են հրաժարվում այդ մեծ հարկերից եւ անիմաստ դարձած վեճից։

Միացյալ Նահանգները չի պաշտպանում Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցությունը Սիրիայում: ԱՄՆ պետքարտուղարության դիրքորոշումն է փոխանցել Հայաստանում նրանց դեսպանությունը։ Պետքարտուղարությունում հասկանում են Սիրիայի հումանիտար իրավիճակին արձագանքելու այլ պետությունների ցանկությանը, այնուամենայնիվ չեն պաշտպանում Սիրիայի զինված ուժերի հետ ներգրավվածությունը՝ լինի քաղաքացիական անձանց օգնություն ցուցաբերելու նպատակով, թե ռազմական ուղղվածության: Չեն պաշտպանում նաեւ Ռուսաստանի հետ համագործակցությունը՝ համարելով, որ Ռուսաստանը գործակցել է Ասադի ռեժիմի հետ՝ կոտորել քաղաքացիական անձանց եւ հարուցել հումանիտար աղետ:

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը արձագանքեց այս դիրքորոշմանը, նախ նկատեց, որ թարգմանության մեջ կա անճշտություն, Պետքարտուղարությունը ոչ թե չի պաշտպանում, այլ չի աջակցում, այնուամենայնիվ բարոյական տեսանկյունից մեր մարդասիրական առաքելությունը նախարարը համարեց անխոցելի։

Տոնոյանը խոսեց նաև Կառավարության ծրագրի՝ պաշտպանությանը վերաբերող հատվածից, ասաց՝ համոզված է՝ 5 տարում մենք մեծ քայլերի ենք գնալու, այն հագեցվածությունը, որ ունենալու ենք, հնարավորություն է տալու չեզոքացնել ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերը։ 

«Ով ուժեղ է, նա իրավացի է, այժմ աշխարհում իշխող է դառնում ուժի գործոնը»․ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Real TV-ին տված հարցազրույցում։ Այսօր Ադրբեջանը «առավելություն ունի ինչպես բանակցային սեղանի շուրջ, այնպես էլ մարտի դաշտում», ասել է նա եւ որպես այդ առավելության ապացույց հիշեցրել է ապրիլյան պատերազմը եւ այսպես կոչված Նախիջեւանյան օպերացիան, որը, ըստ նրա, թույլ տվեց լիովին վերահսկողության տակ առնել ռազմավարական բարձունքները։ Արցախի հետ բանակցելու առաջարկը նա որակել է անհասկանալի եւ հակասական, որը իրենք անմիջապես մերժել են։ 

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցներն այսօր առավոտից անժամկետ փակել են Երեւան-Թբիլիսի երկաթգիծը: Նրանց միացել են նաեւ քաղաքի այլ բնակիչներ, քանի որ գործարանի չաշխատելու պատճառով տուժում է առեւտուրը, նույնիսկ տաքսիստները պատվիրատու չունեն․ այս մասին  NEWS.am-ին պատմեցին գործարանի աշխատակիցները։ Նրանք պահանջում են եռակողմ հանդիպում՝ գործարանի ղեկավարության, կառավարության եւ գրավառու բանկի ներկայացուցիչների հետ։ «Երկաթգիծը փակ ենք պահելու այնքան ժամանակ, մինչեւ աշխատանքի հարցը չլուծվի»,- հայտարարել են նրանք։ Մարզպետը հանդիպել է ցուցարարների հետ, ասել, որ ուրբաթ օրը կառավարությունից ներկայացուցիչներ կգան, սակայն նրանք չեն զիջել, եւ երկաթգիծը փակ են պահում։ 

Սերժ Սարգսյանի եբորոդու դեմ դատարանում ցուցմունք է տվել նրա նախկին ընկեր Դավիթ  Սիմոնյանը՝ «Կենտրոնի Կյաժ» մականունով։ Հրապարակվել է Դավիթի նամակն ուղղված ոստիկանապետին։ Նա պատմել է, որ Հայկը կրակել է իր վրա, հետո տարել են հիվանդանոց՝ հեռացրել են աջ երիկամն ու լյարդը։ Ինքը դարձել է հաշմանդամ, 10 տարի վախեցել է ճիշտն ասել, հիմա խնդրում է պատժել մեղավորներին։ 

Դոլարը դարձյալ փոքր-ինչ էժանացել է, փոխարժեքն այսօր կազմել է 488 դրամ,եվրոն 553 դրամ է, բրիտանական ֆունտը՝ 629 դրամ, ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7 ու 44  դրամ

Փետրվարի 14-ին Հայաստանում  սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -2-4, վաղը ցերեկը՝ +9+11։

 

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ