News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բրազիլիայի «Ազգային հանքարդյունաբերական գործակալությունը» պատրաստվում է վարչական հրամանով արգելել բոլոր այն պոչամբարների պատվարները, որոնք կառուցված են վերընթաց բարձրացման եղանակով կամ վերափոխել դրանք այլ տեսակի կառույցների: Այս մասին գրել է mining-journal.com հայտնի պարբերականը՝ նշելով, որ սա տեղի է ունեցել այս տարվա հունվարի 25-ի սարսափելի վթարից հետո, որի հետևանքով Մինաս Ժերայս նահանգում զոհվել են ավելի քան 150 մարդ, իսկ 182 մարդ էլ համարվում է անհայտ կորած: Գործակալությունն արդեն հրամանագիր է ստորագրել, որը վերաբերում է այդ տիպի 88 պատնեշների, սակայն դեռևս չի նշվում, թե որ չափանիշներին կհամապատասխանեցվեն դրանք:

Պոչամբարի փլված պատնեշը կառուցված է եղել պահեստավորման ամենաէժան եղանակով, որի մեծ մասը պատրաստվել է հանքարդյունաբերական պոչերից, այլ ոչ թե լեռնային պինդ ապարներից: Ընդունված է, որ պոչերը լինելով ջրիկ՝ հեղուկացնում են պոչամբարի պատվարի նյութը, ինչի հետևանքով դրանք կորցնում են իրենց կայունությունը և ամրությունը։ Գործակալությունը կոչ է արել պարբերաբար ստուգումներ անցկացնել բոլոր այդպիսի պատվարներում:

Բրազիլիայի երկաթի հանքարդյունաբերության կենտրոն համարվող Մինաս Ժերայս նահանգում կան 41 նմանատիպ պատվարներ, որոնց մի մասը կառուցվել է դեռ 1970-ականներին։ Դրանցից յուրաքանչյուրն ունի վտանգավորության շատ բարձր աստիճան, ինչը նշանակում է, որ պատվարների փլուզման դեպքում դրանք կարող են հսկայական բնապահպանական, սոցիալական և տնտեսական վնաս պատճառել: «Ազգային հանքարդյունաբերական գործակալությունը» նաև խոստովանել է, որ  պատնեշների ստուգման գործընթացը խիստ թերի է եղել՝ որակավորված անձնակազմի բացակայության պատճառով և ներկայումս տեսուչների թիվն ավելացվել է չորսից մինչև ութ:

Իսկ հիմա տեսնենք, թե ինչ է կատարվում Հայաստանում այս ուղղությամբ։ Ինչպես գիտեք մեկ տարի առաջ Թեղուտում դադարեցվեց հանքի շահագործումն առաջին հերթին հենց պոչամբարի պատվարի փլուզումը կանխելու նպատակով։ Բայց վերջին շրջանում անընդհատ խոսվում է այն կրկին վերագործարկելու մասին՝ առանց հանրությանը և մասնագետներին ներկայացնելու, թե ի՞նչ խնդիրներ են եղել իրականում, և ի՞նչ է արվել անցած մեկ տարվա ընթացքում պոչամբարի հետ։ Ոչ մի տեղեկություն չկա նաև Հայաստանի մյուս պոչամբարների տեխնիկական և վթարային անվտանգությունը ստուգելու ուղղությամբ ՀՀ կառավարության կատարած քայլերի մասին։

Բանը նրանում է, որ Համաշխարհային բանկը դեռ 2016 թվականին հրապարակել էր Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի կայունության ռազմավարական գնահատման մասին հաշվետվություն, որտեղ միջազգային և տեղական փորձագետներն ներկայացրել էին նաև Հայաստանի պոչամբարների պատվարների անվտանգության հետ կապված խնդիրները։ Նրանց ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ բոլոր այդ պատվարները կառուցված են հենց Բրազիլիայում փլվածի նման՝ վերընթաց բարձրացման եղանակով։

Փորձագետները վերոնշյալ հաշվետվության մեջ գրել են, որ վերընթաց բարձրացման նախագծով ամբարտակների կառուցումն ավելի էժան է քան վարընթացը, բայց դրանց փլուզվելու հավանականությունը շատ ավելի բարձր է սեյսմիկակտիվության, ավազանի ջրի վատ կառավարման և չափազանց արագ բարձրացման պարագայում: Ըստ լավագույն միջազգային փորձի՝ նման նախագիծը համարվում է անընդունելի սեյսմավտանգ շրջաններում: Շատ դեպքերում Հայաստանում առկա պոչամբարների փլուզումը կամ վթարը կարող է լուրջ ազդեցություն և հետևանքներ ունենալ, ինչպես նաև մարդկային զոհերի պատճառ դառնալ, քանի որ որոշ պոչամբարներ գտնվում են անմիջապես համայնքների կամ մարդկանց գործունեության տարածքներից վեր:

Բազմաթիվ փաստեր կան ներկայացված Թեղուտի պոչամբարի խնդիրների հետ կապված, որոնք ժամանակին համապատասխան ուշադրության չարժանացան ոչ պետական մարմինների, ոչ էլ «Վալլեքս» ՓԲԸ-ի կողմից։ Ոչ մի գործուն քայլ չարվեց մատնանշված խնդիրների լուծման ուղղությամբ, և արդյունքում ունեցանք ծրագրի հիմնահատակ կոլապս։ Մեջբերենք ընդամենը մի քանի կետեր հաշվետվությունից․

«Պատնեշի փլուզման ռիսկի գնահատում չի կատարվել (արտահեղումը և հետագա պատնեշի փլուզումը առաջանում են սեյսմիկ ակտիվությա՞ն, բարձրացման չափազանց բարձր արագությա՞ն, թե՞ ավազանի ջրերի վատ կառավարման հետևանքով): Չկան սահող հոսքի կամ ջրամբարի ջրհեղեղման գնահատականներ: Պոտենցիալ ազդեցությունը բնական միջավայրի վրա կարելի էր ընդհանուր առմամբ գնահատել, բայց հարկավոր էր լուծել վտանգված բնակչության և կյանքի կորստի պոտենցիալ խնդիրները, հատկապես՝ Շնողի դեպքում, որը գտնվում է փլուզման սցենարի ստորին գոտում: Պոչամբարի նախագիծը համարժեք չէ թե բնապահպանական, թե ֆիզիկական կայունության առումով: Միջազգային չափանիշների համեմատությամբ՝ պոչամբարի ներկայիս նախագիծը կհամարվեր անընդունելի ֆիզիկական անկայունության առումով (վերընթաց բարձրացման նախագիծ սեյսմիկ վայրում): Համարվում է, որ ապագայում որոշ ֆիզիկական անկայունության խնդրի հավանականություն կա»:

Այսինքն դեռ 2016 թվականին փորձագետները հստակ զգուշացրել էին, թե ինչ է սպասվում Թեղուտի պոչամբարին, ինչին էլ մենք ականատես եղանք արդեն 2018 թվականի հունվարին։ Գրեթե նույն պատկերն է  նաև մյուս պոչամբարների գնահատականների դեպքում։

Հաշվետվությունում նշված է նաև հետևյալը․ «Վերընթաց բարձրացման նախագծի օգտագործումն ունի սահմանափակումներ այն դեպքերի համար, երբ պոչամբարներում պահվում են ապարների թթվային դրենաժի (ԱԹԴ) ներուժ ունեցող պոչեր: Նման պոչամբարը պետք էլ ինի «հոսող պոչամբար», այսինքն՝ ջուրն այդ ամբարտակում պետք է դուրս գալու հնարավորություն ունենա, որպեսզի ջրի մակարդակը կառուցվածքում շատ բարձր չլինի պատնեշը չվտանգելու համար: Երբ ջուրը հնարավորություն ունի արտահոսելու ԱԹԴ առաջացնող թափոններ պարունակող ամբարից, այդ ջրերը պետք է հավաքվեն կամ մաքրվեն: Սա տեղի չի ունենում ԱԹԴ առաջացնող թափոններ պարունակող և ոչ մի պոչամբարում»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Սյունիքի, Լոռու, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերի 33 ազդակիր բնակավայրերին կհատկացվի ռոյալթիների 2 տոկոսը. Սանոսյան
2021 թվականին մեր մետաղական հանքերը բյուջե են վճարել 52 միլիարդ դրամ ռոյալթի, հիմա սա այդ 52 միլիարդի 2 տոկոսն է, և այսպես՝ ամեն տարի: Հաջորդ...
Ամենաշատ