News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Եվրոպայի գործերով եւ ԱԳ նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել էր Հայաստանի մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչների լրագրողական շրջագայություն: NEWS.am հայկական լրատվական գործակալությունը շնորհակալություն է հայտնում Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանն ու Ֆրանսիայի ԱԳՆ-ին հագեցած, հետաքրքիր եւ ճանաչողական ծրագրին մասնակցության հնարավորության համար, հատուկ շնորհակալություն է հայտնում հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի ներկայացուցիչ Էլեն Շթեյնին հրաշալի պատրաստված ծրագրի եւ ջերմ վերաբերմունքի համար:

Ֆեյք լուրեր եւ տեղեկությունների մանիպուլյացիա

Լրագրողական շրջագայության թեման էին ֆեյք լուրերը եւ տեղեկությունների մանիպուլյացիան: Խոսք չկա, թեման արդիական է ոչ միայն Ֆրանսիայի, Հայաստանի կամ առանձին վերցրած ցանկացած երկրի համար, այլեւ ընդհանրապես համաշխարհային հանրության՝ հաշվի առնելով այս երեւույթի տարածման արագությունը: Սակայն պարզաբանենք, թե ինչ է ֆեյք լուրը: Անգլերեն fake բառը նշանակում է կեղծում: Այսինքն՝ այս տերմինի ներքո նկատի ունեն նախապես հայտնի սուտը, իրականությանը չհամապատասխանող տեղեկությունը: Շտապեմ ասել, որ հարցը բավականին նուրբ է, չնայած ընդունված է խոսել այն մասին, որ լրատվամիջոցների տրամադրած տեղեկությունը, իմ անձնական կարծիքով, պետք է օբյեկտիվ լինի, բացարձակ օբյեկտիվություն չի կարող լինել այն պարզ պատճառով, որ յուրաքանչյուր լրագրող առաջին հերթին մարդ է՝ իր աշխարհայացքով: Բայց տվյալ դեպքում խոսքը վերաբերում է, ինչպես վերեւում նշվեց, նախապես հայտնի սուտ տեղեկությանը: Ֆեյքի առաջին աղբյուրը համացանցն է, որին մինչ օրս բաժին է ընկնում սուտ տեղեկությունների մեծ մասը: Այնուամենայնիվ, դեպքեր են լինում, որբ անորակ տեղեկության տարածման մեջ մերկացնում են լրատվամիջոցներին: Այս դեպքում կարող են ամենատարբեր պատճառներ լինել՝ քաղաքական եւ տնտեսական շահերից մինչեւ սովորական անփութությունը: Հնարավոր սպառնալիքի չափերը գիտակցելով՝ Ֆրանսիայում սկսեցին միջոցներ ձեռնարկել, ընդ որում՝ համալիր, եւ սիրահոժար մեզ փոխանակեցին իրենց փորձը:

Բոլոր երկրներում պաշտոնյաների նախընտրած հնարքներից մեկն է սեփական խոսքից հրաժարվելը: «Ես այդպիսի բան չեմ ասել»,- անբեկանելիորեն հայտարարում է պաշտոնյան, եւ լրագրողները նետվում են դեպի համակարգիչները, որպեսզի գտնեն մեջբերումը: Հազվադեպ չեն դեպքերը, երբ լրատվամիջոցները պաշտոնյաների հետ այս կամ այն հարաբերությունների մեջ լինելով՝ հոդվածները հեռացնում են, եւ այդ ժամանակ իսկապես որեւէ բան ապացուցելը խնդրահարույց է դառնում: Քաղաքագիտության եւ հաղորդակցության նոր տեխնոլոգիաների փորձագետ, CELSA Տեղեկատվության եւ հաղորդակցության բարձրագույն դպրոցի պրոֆեսոր Տրիստան Մենդես Ֆրանսը նշեց, որ այս դեպքում լրագրողներին կարող է օգնել կայքերի մի ամբողջ հավաքածու, որոնք պահպանում են հրապարակված հոդվածների ու տեսանյութերի պատճենները, ինչպես նաեւ համացանցային բաց էջերի հրապարակումները:

Հանրային կարծիքի ձեւավորման եւ աստրոտուրֆինգ երեւույթի, ինչպես նաեւ ֆեյք լուրերի եւ տեղեկությունների մանիպուլյացիայի ուսումնասիրման համար ֆրանսիացի փորձագետները նոր տեխնոլոգիաներ են գործարկել: Այս ուղղությամբ աշխատանքի մասին պատմեց Բարդ տեխնոլոգիաների ինստիտուտի (ISC) տնօրեն, Գիտահետազոտական ազգային կենտրոնի հետազոտությունների (CNRS) բաժնի պետ, Վերլուծության եւ սոցիալական մաթեմատիկայի կենտրոնի տնօրեն Դավիդ Շավալարիասը: Անցած նախագահական ընտրություններից կես տարի առաջ մեխանիզմների ավելի մանրակրկիտ ուսումնասիրման համար ստեղծվեց պոլիտոսկոպ տեխնոլոգիան՝ Facebook-ում գործունեության կետային գունավոր արտապատկերումը: Որպես հետազոտական «նյութ» ընտրվել էին քաղաքական միջավայրից մի քանի հազար «հարցվողներ»: Մի քանի օր շարունակ հետեւել էին մեկնաբանություններին, ուսումնասիրվել էին տասնյակ միլիոնավոր թվիթներ: Ստացված գունավոր գրաֆիկական պատկերը ցուցադրում էր դասավորությունը ընտրված «հարցվողների» շրջանում:

Փորձագետը որպես տեղեկատվության մանիպուլյացիայի օրինակ ներկայացրեց Ալեն Ժյուպեի «վերափոխումը» Ալի Ժյուպեի. կատարվող մեջբերումներն այս դեպքում զգալի էին:

Ուշագրավ է, որ կեղծ տեղեկությունների դեպքում հրապարակումն իրականացնում է մի խումբը, իսկ տարածում են այլ օգտատերեր: Խնդիրն այն է, որ ներգործելու, մանիպուլացնելու փորձն այնպես է արվում, որ քողարկեն նրան, որ կանգնած է դրա հետեւում: «Երբ գիտես, թե ով դրա հետեւում կանգնած, նման ջանքերն ավելի հեշտ է չեզոքացնել»,- արդարացիորեն նշեց Շավալարիասը:

Պարզվեց, որ ֆրանսիացի փորձագետի հետազոտությունն անդրադարձել է նաեւ Հայաստանին. դիագրամը ցույց է տալիս, թե քանի օգտատերեր են քննարկել Հայաստանում անցյալ տարի տեղի ունեցած իրադարձությունների թեման: Ճիշտ է, գրաֆիկը ցուցադրում է միայն քննարկման փաստը՝ առանց դրա տոնայնության:

Խնդիրն օրենսդրական մակարդակում լուծելու փորձ

Ձգտելով խնդիրը պետական մակարդակով լուծել՝ ֆրանսիացի օրենսդիրները նախաձեռնել են տեղեկությունների մանիպուլացման եւ ֆեյք լուրերի տարածման դեմ պայքարի օրենքի ընդունում: Օրենքի մանրամասների մասին պատմեց «Առաջ, Հանրապետություն» կուսակցության պատգամավոր Բրունո Սթուդերը, որը նշված օրենքի համազեկուցողն է ու մշակույթի եւ կրթության հարցերով հանձնաժողովի ղեկավարը: Նա պարզաբաեց, որ որ ճշմարտացի տեղեկատվության պաշտպանության եւ կեղծ լուրերի տարածմանը խոչընդոտելու անհրաժեշտության միտքն իրեն հուշել է դպրոցում որպես ուսուցիչ աշխատելը եւ աշխարհում քաղաքական տարբեր գործընթացների լուսաբանումը։ Միեւնույն ժամանակ, պատգամավորը նշեց, որ անձամբ ինքը դեմ է «ֆեյք լուրեր» տերմինին, քանի որ դա ամերիկյան տերմին է եւ որոշակի իմաստային բեռնվածություն է կրում, որը տարբեր է ֆրանսիական իրականությունից։ «Օրենքը  ուղղված չէ լրագրողների դեմ, ընդհակառակը, այն պաշտպանում է ճշմարտացի տեղեկատվությունը եւ խոչընդոտում կեղծ լրատվության տարածմանը»,- ընդգծեց օրենսդիրը՝ հիշեցնելով, որ գոյություն ունի ազատության երկու մակարդակ՝ խոսքի ազատություն եւ ընտրության ազատություն։ Օրենքը ենթադրում է արգելք պատվիրված եւ գովազդային նյութերի համար ընտրությունների շրջանում, այդ նույն շրջանում թեկնածուի կամ քաղաքական ուժի գովազդի արգելք համացանցում։ Իհարկե, նրբությունն այն է, որ օրենքը պետք է համապատասխանի 17-ամյա վաղեմության եվրոպական օրենսդրությանը։

Միեւնույն ժամանակ նա նշեց, որ ֆեյք լուրերի հարցը շատ նուրբ է, քանի որ ակնհայտ սուտ տեղեկատվության համար պատիժ ֆրանսիական օրենսդրությունը դեռ անցյալ դարի 80-ականներից է նախատեսում:

«Ըստ էության, խոսքը ոչ թե այդ լուրերի, այլ դրանց տարածման դեմ պայքարի մասին է»,- ասաց օրենսդիրը: Նրա խոսքով՝ այս հարցում պակաս կարեւոր նշանակություն չունի ԶԼՄ-ի բարեկրթությունը եւ ԶԼՄ-ի եւ հասարակության միջեւ վստահության վերականգնումը: Տեղեկատվությունը սուտ է, թե ոչ՝ պետք է դատարանները որոշեն: Այսինքն՝ յուրաքանչյուր մարդ կարող է դիմել դատարան, եւ եթե դատավորը որոշի, որ այս կամ այն տեղեկատվությունը սուտ է, նյութին հասանելիությունը (խոսքը համացանցի ռեսուրսների մասին է) կարգելափակվի: Ընդ որում՝ որոշումը պետք է ընդունվի 48 ժամվա ընթացքում: «Իրականում պրակտիկան ցույց է տալիս, որ հասարակության համար հաճախ գրավիչ ֆեյք լուրերը, ցավոք, ավելի մեծ հետաքրքրություն են ներկայացնում, քան լուրջ լրագրողական աշխատանքը: Ստացվում է յուրահատուկ լրատվական «սեւ շուկա», եւ օրենքն ուղղված է հենց այդ հատվածի դեմ»,- ընդգծեց Բրունո Սթուդերը: Այս համատեքստում նա հիշեցրեց սոցցանցերի դերը:

«Սոցցանցերը գումար են աշխատում: Չէ՞ որ, ըստ էության, երբ Facebook-ում լուր է հայտնվում, դա ոչ թե դուք եք ընտրում կարդալու համար, այլ Facebook-ը»,- վստահ է օրենսդիրը:

Նրա խոսքով՝ զուգահեռ նաեւ պետք է բարձրացվի օտարերկրյա միջամտության վերահսկողությունը: Ինչպես պարզվում է, ֆրանսիացի լրագրողները սկզբում առանց ոգեւորության են ընդունել նախաձեռնությունը, սակայն աստիճանաբար վերաբերմունքը սկսվել է փոխվել: Օրենքի օգտակարության մասին նրա ստեղծողները եւ զեկուցողները դեռ խուսափեցին միանշանակ դատողություններ անել, սակայն հույս հայտնեցին, որ այն կկիրառվի Եվրախորհրդարանի առաջիկա ընտրություններին:

Հետաքննող լրագրողներ եւ ով է մեղավոր ֆեյք լուրերում

Ֆրանսիայում որպես հասարակական վեահսկողության տեսակ են հանդես գալիս հետաքննող լրատվամիջոցները: Premieres lignes հեռուստաալիքի Cash Investigation ծրագիրը զբաղվում է աղմկահարույց խարդախությունների հետաքննությամբ: Հենց այս հեռուստաալիքն էր ստեղծել եւ 2015 թվականի սեպտեմբերին France 24-ով ցուցադրել «Իմ նախագահը գործնական ուղեւորությունում» 2 ժամանոց հետաքննական ֆիլմը: Հետաքննության սյուժեն ներկայացնում է Ֆրանսիայի նախագահի Ադրբեջան կատարած երկու այցերը: Ֆիլմի ստեղծողները Իլհամ Ալիեւի ռեժիմը մի քանի անգամ բռնատիրական են անվանում եւ հայտարարում, որ Ամերիկայի Պետքարտուղարության դիվանագիտական նամակագրությունում Իլհամ Ալիեւը ներկայացվում է որպես «կնքահայր, որը երկիրը ղեկավարում է Կոռլեոնեի մեթոդերով»: Ֆիլմը աղմկահարույց դատավարության պատճառ էր դարձել:

«Մեդիպարտ» տեղեկատվական կայքը նույնպես զբաղվում է հետաքննություններով: Հրատարակության աշխատանքի հետ հայկական պատվիրակությանը ծանոթացրեց հիմնադիրներից մեկը: Չնայած համեստ կոչմանը, Ֆրանսու Բոնեն հսկայական փորձ ունի առաջատար ֆրանսիական թերթերում եւ բավական քննադատական մոտեցում հայրենական լրատվամիջոցների իրավիճակին:

«Ֆրանսիական մամուլի անկախության մասին լուրերը դատարկ խոսակցություններ են: Լրատվամիջոցների 98 տոկոսը պատկանում է այս կամ այն մագնատին»,- վստահ է Բոնեն:

«Մեդիպարտ»-ում վերջերս ոստիկանությունը խուզարկություններ էր կատարել «դեղին բաճկոններին» աջակցող հրապարակումների համար: Ի դեպ, Ֆրանսիայի լրատվամիջոցներում խուզարկություններ արդեն վաղուց է չեն կատարվել, ինչը նույնը չես ասի Հայաստանի մասին…

«Դեղին բաճկոններ»

«Մեդիպարտ»-ի խմբագրությունից դուրս գալով՝ մենք հանդիպեցինք հրատարակությանն աջակցելու նպատակով եկած «Դեղին բաճկոններ»-ի հետ: Նրանք ջահեր էին վառում եւ երկրի ղեկավարության հրաժարականի մասին կարգախոսներ հնչեցնում:

Ակցիան փոքրաթիվ էր, կարճ եւ խաղաղ: «Մեդիպարտ»-ի կոլեկտիվին իրենց համակրանքը եւ երախտագիտությունը հայտնելով ակցիայի մասնակիցները հեռացան:

«Մենք շատ մտահոգված ենք «Մեդիպարտ»-ի խմբագրությունում խուզարկության առնչությամբ: Նման բան արդեն 10 տարի չէր եղել եւ այդ իմաստով առաջընթաց կա», - կարծում են «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունում:

Խոսելով աշխարհում լրատվամիջոցների ազատության հետ կապված իրավիճակի մասին՝ գրասենյակի լրագրության եւ տեխնոլոգիայի պատասխանատու Էլոդի Վիալը, նոր զեկույցը ներկայացնելով, մի քանի մտահոգիչ փաստ նշեց: Առաջին հերթին դա ֆիզիկական եւ ֆինանսական ճնշումն է, երրորդ աշխարհի երկրներում համացանցն անջատելու սպառնալիքները:

«Եվրոպական ընկերությունները այդ երկրների ավտորիտար իշխանություններին վերահսկման համար հատուկ սարքավորումներ են վաճառում»,- ասաց Վիալը: Բարեբախտաբար, Հայաստանում նման երեւույթ չի նկատվել:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության համար մտահոգիչ է նաեւ ահաբեկչության դեմ պայքարի նոր օրենքը, որը թույլ է տալիս ընդլայնված դիտարկում անցկացնել քաղաքացիների նկատմամբ, այդ թվում լրագրողների: Բացառված չէ, որ դա նաեւ կհանգեցնի նրան, որ լրատվամիջոցներն առավել շատ կկենտրոնանան ձեռնարկատերերի ձեռքում: Ճիշտ է, անգամ մագնատներին պատկանող լրատվամիջոցները ձգտում են պաշտպանել իրենց շահերը, եւ դրանցում կան ներքին մեխանիզմներ, որոնք խոչընդոտում են բիզնեսի միջամտությունը, այնուամենայնիվ դա միշտ չէ, որ արդյունավետ է լինում:

Դաստիարակություն մանկությունից

Երեխաներին մանկուց իրականը երեւակայականից, ֆեյք նորությունները ճշմարիտ տեղեկատվությունից տարբերել սովորեցնելու համար Ֆրանսիայի դպրոցներում ներառվել է համապատասխան ծրագիր։ Մեդիա եւ տեղեկատվական կրթության կենտրոնի (CLEMI) տնօրեն Սերժ Բարբեի խոսքով՝ կենտրոնը հիմնադրվել է 35 տարի (!) առաջ, այսինքն՝ արդեն այն ժամանակ գոյություն ուներ երիտասարդ սերնդին ճիշտը ստից տարբերել սովորեցնելու անհրաժեշտությունը ԶԼՄ հրապարակումներում։ Հարցը հատուկ նշանակություն ստացավ «Շառլի Էբդոյի» խմբագրության վրա հարձակումից հետո։ «Մեր աշխատանքի նպատակն է ձեւավորել քննադատական ըմբռնում դպրոցականների շրջանում, չէ՞ որ քննադատական մոտեցումը առողջ քաղաքացիական դիրքորոշման գրավականն է»,- նշեց կենտրոնի տնօրենը։ CLEMI-ում համապատասխան պատրաստություն են անցնում տարբեր մասնագիտությունների դասախոսներ, քանի որ ուսուցումը կազմակերպված չէ առանձին դպրոցական առարկայով, այսինքն՝ «ապատեղեկատվության մերկացման» տարրերը ներառված են ամենատարբեր առարկաներում՝ քիմիայից մինչեւ ֆիզիկա։

Բացի այդ, ամեն տարի Ֆրանսիայի դպրոցներում անցկացվում է ԶԼՄ եւ տեղեկատվության շաբաթ, որի շրջանակներում ԶԼՄ ներկայացուցիչները հանդիպում են դպրոցականների հետ, զրուցում, սովորեցնում։ Քանի որ ծրագրի պարտադիր տարրը ներդրվել է վերջերս, կրթական բարեփոխումն այս մասով շարունակվում է, բոլոր դպրոցականները չէ, որ հնարավորություն են ունեցել մասնակցել դրան, առայժմ՝ յուրաքանչյուր չորրորդ դպրոցականը։ Սակայն հետազոտության արդյունքները ցույց են տալիս, որ երեխաների ավելի քան 60 տոկոսը ստացել է ինտերնետում նորությունների վերաբերյալ քննադատական մոտեցման հմտություններ։

Ծրագրի մասնակիցների համար հատուկ հետաքրքրություն էր ներկայացնում France 24-ի, RFI-ի, AFP-ի գործընկերների աշխատանքին ծանոթանալը։ Ինչպես եւ պետք էր սպասել, ժամանակի ոչ փոքր մասը գործընկերները ծախսում են տեղեկատվության հավաստիությունը ստուգելու վրա։ Որոշ ԶԼՄ-ներ ներդրել են ինտերակտիվ շփում ընթերցողների եւ հեռուստադիտողների հետ. այսպես France 24 հեռուստաալիքի հեռուստադիտողներն աշխարհի բոլոր անկյուններից կարող են նյութեր ուղարկել հետաքրքիր իրադարձությունների մասին։ Բայց, ինչպես նշել է Info Intox ծրագրի հաղորդավար Ալեքսանդր Կապրոնը, ուղարկված նյութերը հաճախ կարող են ոչ ճիշտ տվյալներ պարունակել, սարքված կամ պարզապես հնացած լինել։ Ուստի, Info Intox ծրագրի թիմը կատարում է նյութերի մանրազնին երկաստիճան ստուգում։ Որպես պարզունակ ֆեյքի օրինակ, որը բավական թվով դիտումներ է հավաքել ինտերնետում, Ալեքսանդր Կապրոնը նշել է օդում ճախրող արմավենու տեսանյութը, որի ճյուղերին հստակ երեւում է պարանը, որի վրա էլ այն «ճախրում» է։ Ստուգման առաջին փուլում թիմի անդամները պարզում են, թե արդյոք չի հայտնվել տեղեկատվությունը, լուսանկարը կամ տեսանյութը ընդհանուր հասանելի ռեսուրսներում եւ նորություններում։ Երկրորդ փուլում իրականացվում է ավելի մանրամասն ստուգում։ Հատկանշական է, որ սեփական ստուգման կողքին՝ ծրագիրը վարողը հեռուստադիտողներին սովորեցնում է ինքնուրույն տարբերել ֆեյքերը։ Հեռուստաալիքը չի կիրառում հեռուստադիտողների դրամական պարգեւատրում ուղարկված նյութերի համար։ «Չենք ցանկանում, որպեսզի մերկանտիլ շահ առաջանա, որը կարող է ստիպել մեր հեռուստադիտողներին՝ ընկնել սենսացիաների հետեւից»,- պարզաբանել է Ալեքսանդր Կապրոնը։

Նորից դեղին բաճկոնները

Գործընկերների հետ խոսակցություններից տպավորություն է ստեղծվում, թե արտասահմանյան ԶԼՄ-ներում «դեղին բաճկոնների» հետ կապված իրավիճակի լուսաբանումը, նրանց կարծիքով, չի համապատասխանում իրականությանը եւ տեղեկատվությամբ մանիպուլյացիայի ինքնատիպ օրինակ է։ Գլխավոր դժգոհությունները հասցեագրվում էին «RT» հեռուստաալիքին, քանի որ հեռուստաալիքի թղթակիցները, որպես կանոն, տեղեկատվության սկզբնաղբյուրներն են, ակտիվորեն հարցազրույցներ են վերցնում «դեղին բաճկոններից», ուռճացնում են իրավիճակը։ «Տեսեք, նրանց նյութերից տպավորություն է ստեղծվում, թե ցույցերը համակել են ողջ Փարիզը, բայց բնավ այդպես չէ։ Ցույցերը կրում են տեղային բնույթ, իսկ մայրաքաղաքի մեծ մասն ապրում է սովորական կյանքով»,- նշել է գործընկերներից մեկը։ Իսկապես, ցույցերը չեն կրում համատարած բնույթ, ինչպես, օրինակ, անցած տարվա գարնանը Հայաստանում։ Բայց պնդել, թե մնացած Փարիզի վրա չեն տարածվում, ճիշտ չի լինի։ Փարիզից մեկնելու նախօրեին մենք հնարավորություն ունեցանք համոզվել դրանում։ Համոզվելով, որ «ակցիաները կրում են տեղային բնույթ», մենք ուղեւորվեցինք կարեւոր հանդիպման՝ երկար քայլելու համար ժամանակ չունենալով։ Ավտոբուսի կանգառում պարզվեց, որ վերերկրյա տրանսպորտն աշխատում է խափանումներով, իսկ մետրոյում փակ են քաղաքի կենտրոնի կայարանները։ Ինչպես պարզվեց ավելի ուշ, այդ պահին տեղի էին ունենում ցուցարարների բախումներ ոստիկանների հետ։ Հասկանալի պատճառներով Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնը շրջապատված էր ոստիկաններով, իսկ հանրային մեծ օբյեկտները վերցված էին ինքնաձիգավորների հսկողության տակ։ Փորձագետները շարունակում են պարզել, թե ովքեր են նրանք՝ այդ «դեղին բաճկոնները», ո՞վ է կանգնած նրանց թիկունքին, ո՞վ եւ ինչո՞ւ է մանիպուլացնում տեղեկատվությամբ։ Սակայն ակնհայտ է, որ ով էլ որ նա լինի՝ ակտիվորեն օգտագործվում է իրապես գոյություն ունեցող դժգոհություն իրապես գոյություն ունեցող խնդիրներից։ Ուղեկիցս ինքնաթիռում՝ գեղեցկատես Պատրիցիան Նիսից, որը հաստատ չի պատկանում «դեղին բաճկոնների» թվին, բավական կտրուկ արտահայտվեց. «Մակրոնն իրավացի չէ՛»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բեռլուսկոնիի հանրահայտ սկանդալային նստավայրը արտասահմանյան մամուլի կենտրոնի է վերածվել
1600 քառակուսի մետր տարածքով, շքեղ ջահերով և առաստաղի որմնաքանդակներով դղյակի հատվածը․․․
Ադրբեջանում շարունակում են ահաբեկել անկախ լրատվամիջոցներին․ Amnesty International
Կոչ էր ավում Բաքվին անհապաղ դադարեցնել բռնաճնշումները․․․
Օրվա անեկդոտը. Ադրբեջանը բողոքել է Ֆրանսիայից և վստահեցրել, որ լիովին ապահովում է լրատվամիջոցների ազատությունը
Մինչդեռ Ադրբեջանում մեկ օր առաջ զանգվածային ձերբակալություններ են տեղի ունեցել ընդդիմադիր Toplum TV առցանց հեռուստաալիքի խմբագրությունում․․․
Գարեգին Խումարյանը կմասնակցի Հանրային ռադիոյի տնօրենի մրցույթին․ աշխատակիցների 99․3%-ը կողմ է եղել, որ նա առաջադրվի
«Հայաստանի Հանրային Ռադիոընկերության ղեկավարի աշխատանքից ավելի լավ աշխատանք այս աշխարհում չկա»․․․
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Ամենաշատ