News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի գիտնականները հայտնաբերել են գազի հսկայական կուտակումներ օվկիանոսի հատակին, որոնք շուտով կարող են բարձրանալ ջրի մակերես։ Դրանց արտազատումը կհանգեցնի Երկրի ջերմաստիճանի կտրուկ բարձրացման։ Երկրագնդի պատմության մեջ նման բան պատահել է մի քանի անգամ, ինչը հանգեցրել է սառցե դարաշրջանի ավարտին կամ ջերմային առավելագույն աստիճանին՝ կենսոլորտի համար աղետալի հետեւանքներով, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով Phys.org-ին։

Հետազոտողներն ուսումնասիրել են Խաղաղ օվկիանոսի ծովային նստվածքները՝ չափելով հիդրոջերմային մետաղների մակարդակը։ Նրանք հայտնաբերել են ցինկի պարունակության քառակի գերազանցում միաբջիջ օրգանիզմների կրաքարային խեցիներում, ինչը վկայում է երկրաբանական ակտիվության բռնկման մասին մոտ 17 հազար տարի առաջ։ Ժամանակի առումով դա համընկնում է օվկիանոսից ածխածնի զգալի արտանետման եւ սառցե դարաշրջանի ավարտի հետ։

Հիդրոջերմային աղբյուրներն արձակում են ածխաթթվի եւ մեթանի մեծ քանակություն օվկիանոսի հատակամերձ շերտում։ Գազերը կուտակվում են եւ մտնում հիդրատների՝ բյուրեղյա միացությունների կազմի մեջ, որոնք իջնում են ջրի հատակ։ Նախկինում կարծիք կար, թե օվկիանոսի նման պահեստարանները կայուն են, իսկ հիմա հայտնի է, որ ջրի ջերմաստիճանի բարձրացումը կարող է առաջ բերել դրանց քայքայում։ Նման պահեստարաններից մեկը, որը գտնվում է Խաղաղ օվկիանոսի արեւմտյան մասում, կկորցնի կայունությունը, եթե ջուրը տաքանա ընդամենը մի քանի աստիճանով։

Ածխածնի երկօքսիդի ստորջրյա կուտակումներ հանդիպում են Խաղաղ, Ատլանտյան եւ Հնդկական օվկիանոսների հիդրոթերմալ փողաբերաններում, որոնք գտնվում են սուբդուկցիայի գոտիներում («օվկիանոսային աղյուսների» անցում մայրցամաքայինների տակ)։ Պահեստարաններից մեկը հայտնաբերվել է 6,5 կիլոմետր խորության վրա, Թայվանի մոտ։

Օվկիանոսները կլանում են  Երկրի մթնոլորտի ջերմային էներգիայի գրեթե ողջ ավելորդ էներգիան, ինչն արգելակում է օդի միջին ջերմաստիճանի բարձրացումը։ Սակայն մեծանում է ծովի ջրում պարունակվող ջերմության քանակությունը։  Ջերմոցային գազերի արտանետման ներկա մակարդակի հաշվառմամբ՝ 2100 թվականին ծովի մակերեւույթի ջերմաստիճանը կբարձրանա Ցելսիուսի մոտ երեք աստիճանով։ Դա բավական է, որպեսզի ապակայունացվեն հիդրատները ողջ երկրագնդում։ 55 միլիոն տարի առաջ նման գործընթացը հանգեցրել է պալեոցեն-էոցենային ջերմային առավելագույնի, որի ժամանակ Երկիրը տաքացել է Ցելսիուսի ութ աստիճանով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ