News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Փետրվարի 14-ի առավոտյան սկսված և մի քանի ժամով դադարեցված «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ի վարորդների գործադուլը կեսօրից հետո վերսկսվել է, մայրաքաղաքում տասնյակ երթուղիներ սպասարկող ավտոբուսների վարորդները նորից դուրս են եկել գծից: Նրանք շարունակում են պահանջել, որ Էլբակ Թարփոշյանը, որը վերջին 7 տարիներին ընկերության տնօրենն էեղել, աշխատանքից չազատվի:

Վարորդները կրկին հավաքվել են Ջրվեժում գտնվող  ավտոբուսի պարկում, քանի որ խոստացված երեք ժամվա ընթացքում իրենց պահանջը չի կատարվել: Այս պահին ավտոբուսի պարկում խորհրդակցություն են անցկացնում նախկին տնօրենը և քաղաքապետի նշանակած տնօրեն պաշտոնակատար Ռուբեն Սարգսյանը։

Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 2018թ. դեկտեմբերի 26-ին Թարփոշյանն իր կամքով աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել, աշխատանքից ազատելու հրաման դեռևս չկա, ստեղծված իրավիճակում իրենք միջանկյալ լուծում են գտել. միաժամանակ պաշտոնավարելու են և´ նախկին տնօրենը, և´ տնօրենի պաշտոնակատարը։

«Նախօրեին քաղաքապետը ներկայացրել է տնօրենի նոր թեկնածուին, նա և էլբակ Թարփոշյանը որոշ ժամանակ համատեղ կաշխատեն, մինչև կձևավորվի աշխատանքի օպտիմալ մոդել: Քաղաքապետարանը որևէ խնդիր կամ խախտում չի տեսել Թարփոշյանի աշխատանքի մեջ, 2011-ից նա բավական արդյունավետ ղեկավարել է ձեռնարկությունը, դրա ապացույցը շարժակազմի համեմատաբար բարվոք վիճակն է, Թարփոշյանն իր դիմումի համաձայն է հրաժարվել».-ասաց Հակոբ Կարապետյանը:

Սակայն պարկում հավաքված վարորդները չհամաձայնեցին Կարապետյանի հետ, նրանցից մեկը հիշեցրեց, որ Թարփոշյանի դիմում գրելուց հետո քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է իրենց հետ, վստահեցրել, որ դիմումը չի բավարարվելու, սակայն հետո միտքը փոխել է։

«Կիրակի եկավ, ասեց՝ տղերք ջան, մնում եք, բոլորով աշխատեք։ Անցավ մի շաբաթ, նոր տնօրեն բերեց։ Թե՞ էն վախտ տնօրենի թեկնածու չուներ, հիմա ունի։ Բա խի՞ չի պահում խոստումը։ Բերեցիք, փափուկ բարձ դրեցիք մեր գլխի տակ, որ մեր քայլերը չձեռնարկենք։ Էսօր ձեր տնօրենի թեկնածուն առավոտ եկել, տեսել ա՝ իր անձնակազմը գործադուլ ա անում, ինքը գարաժ չի մտնում, գնում պախկվում ա պատի տակ»,-ասաց վարորդներից մեկը:

Վարորդները վստահեցրին, որ Թարփոշյանը լավ կառավարիչ է. «Չորս տնօրեն եմ փոխել, բոլորը եկել, թալանել, գնացել են, իսկ նա ավերակից մեզ վերև ա բարձրացրել»,-ասաց նրանցից մեկը՝ քաղաքապետարանին հիշեցնելով, որ հանրային տրանսպորտը փորձադաշտ չէ:

Այս պահին վարորդների միայն մի մասն է վերադարձել երթուղի, մյուսները սպասում են խորհրդակցության արդյունքներին:

Նշենք, որ «Երևան ավտոբուս» ընկերությունը մայրաքաղաքի ավտոբուսային ցանցը սպասարկող ամենախոշոր կազմակերպությունն է, սպասարկում է ավելի քան 180 ավտոբուս: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ