
Սիրիական Իդլիբի շրջանում ահաբեկիչների ներկայության հետ համակերպվել չի կարելի, անհրաժեշտ է դիտարկել դրանց արմատախիլ անելու քայլերը։ Այս մասին Իրանի եւ Թուրքիայի նախագահներ Հասան Ռուհանիի եւ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Մեզ նույնպես անհրաժեշտ է պայմանավորվել այն մասին, ինչպես ապահովել լարվածության վերջնական վերացումը Իդլիբում։ Քաղաքին հաջողվում է պահպանել ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը, սակայն դա չի նշանակում, որ մենք պետք է համակերպվենք Իդլիբի շրջանում ահաբեկչական խմբավորումների ներկայությանը։ Այդ պատճառով առաջարկում եմ դիտարկել կոնկրետ գործնական քայլեր, որոնք Ռուսաստանը Թուրքիան եւ Իրանը կարող են համատեղ նախաձեռնել ահաբեկչական օջախի լիակատար ոչնչացման համար»,- ասել է Պուտինը։
Երեք նախագահներն ավելի վաղ Սոչիում բացել էին Սիրիական կարգավորման աջակցության աստանյան գործընթացի երաշխավոր երկրների ղեկավարների եռակողմ չորրորդ հանդիպումը։