News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Գևորգ Բալյանի նախագահությամբ այսօր՝ փետրվարի 14–ին մեկնարկեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ընդդեմ Politik.am կայքի խմբագիր Բորիս Մուրազի Թամոյանի հայցի քննությունը, որով փոխվարչապետը իր պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու պահանջ է ներկայացնում։

Հայցադիմումի համար հիմք է հանդիսացել 2018թ. հոկտեմբեր 26–ին politik.am կայքում հրապարակված «Փոխվարչապետ Ավինյանը մարիխուանա է օգտագործել կառավարությունում» վերտառությամբ հոդվածը։

 «Կառավարության մեր աղբյուրի փոխանցմամբ, շաբաթներ առաջ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր մի քանի ընկերների հետ աշխատանքային ժամի, կառավարությունում մարիխուանա է օգտագործել։ Նրա փոխանցմամբ, միջադեպի մասին իմացել է անգամ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը բարկացել է Ավինյանի վրա, բայց չի պատժել։  Մեր զրուցակցի համար անհասկանալի էր, ինչի դեմ է պայքարում Փաշինյանը, եթե իր թիմի առանցքային դեմքերը ևս թմրանյութ են օգտագործում»,– գրել էր կայքը։

 Տիգրան Ավինյանի ներկայացուցիչ, փաստաբան Կարեն Կարապետյանը այսօր դատարանում հայտարարեց, որ կայքում տեղ գտած տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը, արատավորում են հայցվորի պատիվն ու արժանապատվությունը։ Ըստ նրա՝ կայքը զրպարտություն պարունակող տեղեկություներ է հրապարակել, ինչն արվել է դիտավորությամբ։ Նշենք,  որ Ավինյանը բացի հերքումից պահանջում է նաև պատճառված վնասի փոխհատուցում՝ 2 մլն դրամի չափով։  «Պահանջելու եմ ոչ միայն զրպարտություն համարվող փաստացի տվյալների հրապարակայնորեն հերքում, այլև փոխհատուցում, որն ուղղվելու է լրագրության ֆակուլտետներում բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների վարձերի վճարմանը»,– ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում գրել էր փոխվարչապետը։ 

Պատասխանող Բորիս Մուրազիի  ներկայացուցիչ, փաստաբան Արման Գրիգորյանի խոսքով, սակայն, հրապարակումն իր մեջ արատավոր տվյալներ չի պարունակում. լրագրողը գործել է բարեխղճորեն։ Ըստ նրա՝ հրապարակումը վերաբերվում է քաղաքական գործչին, որը պետք է ավելի հանդուրժող լինի լրատվամիջոցների նկատմամբ։ Նա նշեց, որ հրապարակված տեղեկությունները չեն կարող համարել զրպարտություն պարունակող և առաջացնել իրավական հետևանքներ՝ անկախ նրանից՝ այդ տեղեկությունները ճիշտ են, թե՝ ոչ։

NEWS.am-ի հետ զրույցում Բորիս Թամոյանը նշեց, որ նախքան հրապարակումը իրենք գրավոր հարցում էին ուղարկել Տիգրան Ավինյանի գրասենյակին, սակայն հարցման վերաբերյալ ինֆորմացիոն արտահոսք է եղել.

«Գրասենյակի հետ կապ չունեցող անձը զանգահարել է ինձ, միջնորդել, որպեսզի  չհարապարակեմ այդ տեղեկատվությունը և փոխարեն մեզ պատասխանեին, Ավինյանի գրասենյակի պատասխանատու Վարագ Սիսեռյանը հերքումը է տվել այլ լրատվամիջոցի, մինչդեռ պետք է օգտվեին օրենքով նախատեսված հնգօրյա ժամկետից և պատասխանեին մեր հարցմանը»,– ասաց նա՝ նշելով, որ հարցմանը ողջամիտ ժամկետում չպատասխանելուց հետո է միայն կայքում հրապարակվել այդ տեղեկությունը։

«Ի վերջո, Ավինյանը պետք է ապացուցի՝ թմրամիջոց օգտագործել է, թե ՝ ոչ»,–ասաց կայքի խմբագիրը։

Թամոյանի խոսքով՝ Ավինյանի կուսակիցները նախկինում իրենց  հայտարարություններում որևէ կերպ չեն քննադատել մարիխուանայի օգտագործումը։

«Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, օրինակ, մարիխուանա օգտագործելը դատապարտելը համարում էր կեղծ բարոյականություն, կուսակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն էլ հայտարարում է, որ մարիխուանայի օգտագործումը պետք է օրինականացվի, և եթերում էլ հայտարարել է, որ ինքն օգտագործել է մարիխուանա։ Այսինքն, երբ քո թիմի ղեկավարների մի մասը նման հայտարարարություններ են անում, և թիմում չկա մեկը, որը մարիխուանայի օգտագործման մասին անի հակառակ հայտարարությունը, ես կարող եմ ենթադրել, որ այդ երևույթը նորմալ է իրենց մոտ»,–ասաց նա։

Խմբագրի խոսքով՝  Տիգրան Ավինյանը ևս  չի հակադարձել իր կուսակիցներին։

«Ավինյանն իր հայցում նշել է, որ մարիխունայի օգտագործումն անբարոյական արարք է, և եթե ինքը հրապարակային կընդունի, որ Ալեն Սիմոնյանը, Արայիկ Հարությունյանը, Արարատ Միրզոյանը, Մանե Թանդիլյանը, որոնք մարիխուանան օրինականացնելու օգտին են խոսել, անբարոյականության քարոզ են անում, մենք կարող ենք այդ դեպքում խոսել այն մասին, որ սխալ ենք»,– ասաց նա։

Թամոյանի գնահատմամբ՝ ողջամիտ չէ նաև լրատվամիջոցի դեմ ներկայացված 2 մլն դրամ գումարի փոխհատուցման պահանջը։

«Ես կարծում եմ, որ դատարանը չի բավարարի երկու միլիոն դրամի պահանջը, և հայցն ընդհանրապես կմերժի, որովհետև քննության ընթացքում կպարզվի, որ ի վերջո ճշմարտությունը մեր կողմն է»,–ասաց նա։

Անդրադառնալով հայցում նշված փոխհատուցման գումարը լրագրության ֆակուլտետներում բարձր առաջադիմություն ունեցող ուսանողների վարձերի վճարման ուղղելու վերաբերյալ Ավինյանի հայտարարությանը՝ Թամոյանն ասաց։

«Ես առաջարկել եմ Ավինյանին չսպասել դատարանի վճռին, քանի որ դատական նիստերը կարող են երկար տևել, իսկ Ավինյանը մեր կողմից նման գումար չի ստանա, որով ուսանողների վարձ կարողանա վճարել, դա կարող է անել իր ընկերություններից մեկի միջոցով, որը նաև պետական միջոցներից գրանտներ է ստացել»,–ասաց նա։

Տպել
Ամենաշատ