News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Ինչպես ՀՀԿ-ն էր բուհերը հանրապետականացնում, այդպես էլ հիմա իշխանությունն է բուհերի հոգաբարձուների խորհրդի կազմում իրենց մարդկանց նշանակում։ Այս մասին, այսօր՝ փետրվարի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Ագրարային համալսարանի ռեկտորը փոխվել է (այժմ Վարդան Ուռուտյան է․-խմբ.), բայց մինչեւ ռեկտորի փոխելը հոգաբարձուների խորհուրդ է փոխվել, եւ «Իմ քայլի» ներկայացուցիչներ են ներառվել խորհրդում, հետո փոխել են կանոնակարգը, որ կարողանան ռեկտորին նշանակել, որից հետո ռեկտորն եկել է ու իր աշխատավարձը դարձրել 855 հազար դրամ, այսինքն՝ մոտավորապես երկու անգամ ավելի իմ աշխատավարձից: Պրոռեկտորի աշխատավարձը բարձրացրել են՝ 235 հազարից դարձնելով 583 հազար դրամ»,- ասաց նա։

Մարուքյանը կրկին հիշեցրեց, որ Ագրարային համալսարանում ստեղծվել է մարքեթինգային բաժին, որը նույնպես նոր աշխատողներ ունի։

Նշենք, որ կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ամփոփիչ ելույթում Մարուքյանից ապացույց էր ուզել իր այն խոսքերի համար, թե Ագրարային համալսարանի ռեկտորը ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի հովանավորյալն է, նա հովանավորում է կոռուպցիոներին:

Այս առնչությամբ, Մրուքյանն ասաց. «Փոփոխությունների արդյունքում զարմացնում է պրոֆեսորադասախոսական կազմի հաստիքացուցակի կրած փոփոխությունները։ Նախ նշենք, որ այստեղ աշխատավարձերի չափը փոփոխություն չի կրել, հենց նոր վարչապետին խաբեցին, որ ինքն ասաց՝ 300  հոգու աշխատավարձ են բարձրացրել, միայն ռեկտորի ու պրոռեկտորի, ինչպես նաեւ քարտուղարուհու աշխատավարձն է բարձրացել։ Ռեկտորը կրճատել է հաստիքների քանակը 58-ով, իսկ պրոֆեսորադասախոսական անձնակազմի աշխատավարձի ֆոնդը նվազել է 18 մլն դրամով, այսինքն՝ գիտնակաների է կրճատել ու այդ փողով իր աշխատավարձը բարձրացրել, բաժիններ ստեղծել, իրանց մարդկանց ընդունել»,- շարունակեց պատգամավորը։

Այս փաստերը հիմք են տալիս Մարուքյանին հիմնավոր կասկած ունենալ, որ նոր իշխանությունն ունի հովանավորյալներ, որոնց նշանակում է ռեկտորի պաշտոններում։

Էդմոն Մարուքյանն անդրադարձավ նաեւ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի՝ իր մասին ֆեյսբուքյան գրառմանը. «ԿԳ նախարարն ասում է՝ ես Էդմոն Մարուքյանի համար չեմ աշխատում, թող նորմալ աշխատի։ Ինչ-որ ստատուս է գրել, իմ՝ հեղափոխության ժամանակների ելույթս դրել, եթե էդ մակարդակն է, եթե մեր երկրում նման մարդ է ԿԳ նախարար  աշխատում, էլ ի՞նչ ասեմ։ Կամ ինձ ասում է դուխով, դո՞ւ ես ինձ ասում դուխով, էդ  ինքը՝ Արայիկ Հարությունյանը, որտե՞ղ է աչքի ընկել դուխով՝ բանակո՞ւմ է ուժեղ դուխով ծառայել,  իրենց թաղո՞ւմ է դուխով տղա եղել, որտե՞ղ է դուխով եղել: Խառնել եք սաղ իրար»,- եզրափակեց Էդմոն Մարուքյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ