Փետրվարի 14-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար Ռոսարիա Պուգլիսին: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին պաշտպանական գերատեսչության մամուլի ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել է ՆԱՏՕ-ի շաբաթվա ծրագիրը, որն անցկացվելու է մարտի 11-18-ը Երեւանում, ինչպես նաեւ պաշտպանության նախարարության մասնակցությամբ միջոցառումների մանրամասները: Տոնոյանը հայտնել է, որ ՆԱՏՕ-ի շաբաթվա ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ կանցկացվի բարձր մակարդակով համաժողով:
Պուգլիսի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել բժիշկներից եւ ականազերծման մասնագետներից բաղկացած հայկական մարդասիրական առաքելության խնդիրներներն ու նպատակները, որը վերջերս է ուղարկվել Սիրիա: Զրուցակիցները քննարկել են նաեւ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանն առնչվող այլ հարցեր։