News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


15 տարի առաջ՝ 2004 թվականի փետրվարին, Բուդապեշտում ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակում անցկացվում էին անգլերենի դասընթացներ: Դրանց մասնակցում էին հայ եւ ադրբեջանցի սպաներ, այդ թվում՝ Գուրգեն Մարգարյանը եւ Ռամիլ Սաֆարովը: Սաֆարովը փետրվարի 19-ի գիշերը մտել էր չկողպված սենյակ եւ կացնահարել քնած Գուրգեն Մարգարյանին: Այնուհետեւ Սաֆարովը փորձել էր սպանել երկրորդ հայ սպային՝ Հայկ Մակուչյանին: Բարեբախտաբար, փորձն անհաջող էր, քանի որ սենյակի դուռը փակ է եղել:  2006 թվականի ապրիլի 13-ին Սաֆարովը  Բուդապեշտի դատարանի կողմից դատապարտվել էր  ցմահ ազատազրկման՝ 30 տարի առանց ներման իրավունքի: Սաֆարովը դատարանում ցուցմունքները փոխել էր, հրաժարվել նախնական հայտարարություններից՝ դա պատճառաբանելով ռուսերենին եւ անգլերենին վատ իմացությամբ: 2012 թվականի օգոստոսի 31-ին Սաֆարովին արտահանձնել էին Ադրբեջան, որտեղ երկրի նախագահը նրան անմիջապես ներում էր շնորհել, բարձրացրել կոչումը, տուն նվիրել ու 8 տարվա աշխատավարձը տվել: Նույն օրը Երեւանը խզել էր Բուդապեշտի հետ դիվանագիտական հարաբերությունները:

Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Նազելի Վարդանյանը, որը հունգարական դատարանում հաղթել էր, NEWS.am-ի հետ զրույցում ներկայացրեց դատավարությունից իր հիշողությունները:

«2004 թվականի փետրվարի 19-ին առավոտյան ժամը 9-ի կողմերը Բուդապեշտում հանրակացարանում գազանաբար սպանվեց Գուրգեն Մարգարյանը: Նա գնացել էր մասնակցելու ՆԱՏՕ-ի անգլերենի դասընթացների՝ Հայկ Մակուչյանի հետ: Այնտեղ մասնակցում էին տարբեր երկրներից սպաներ, այդ թվում՝ երկու հոգի Ադրբեջանից՝ Սաֆարովը եւ Ալիեւը: Որեւէ ընդհարում մեր տղաների հետ չի եղել, նույնիսկ խոսակցություն չի եղել: Միակ խոսակցությունը, որ եղել է Սաֆարովի եւ Գուրգեն Մարգարյանի միջեւ, այն էր, որ առաջին օրը հանդիպել են, հարցրել է՝ որտեղից ես, Գուրգենն ասել է՝ Հայաստանից, Սաֆարովն ասել է՝ «մենք եղբայրներ ենք, ուրախ եմ»: Ու քանի որ տարբեր խմբերում էր դասընթացը, միայն երկու անգամ են  էքսկուրսիաների ժամանակ նույն ավտոբուսում եղել: Ընդհանրապես, իրար հետ չեն շփվել: Նույն հանրակացարանում են մնացել ու քանի որ հիմնականում տղաներ են, որպես կանոն՝ դռները չեն էլ փակել:

Այդ օրը մեր տղաները ֆուտբոլ են նայել մեկ այլ սենյակում․ ուշ են վերադարձել: Գուրգենը հունգարացի մի տղայի հետ էր մնում նույն համարում, իսկ Հայկ Մակուչյանը՝ մեկ այլ համարում լիտվացի տղայի հետ: Իրենց տարբեր համարներ էին տվել, որ սենյակակիցների հետ անգլերենով շփվեն: Երեկոյան ուշ՝ ժամը 12-ի կողմերը, Գուրգենը վերադառնում է սենյակ, քնում է․ հունգարացին քնած է լինում այդ ժամանակ։ Առավոտյան 5-ին Սաֆարովը ներխուժում է Գուրգենի սենյակ, նախօրոք գնված կացինի 16 հարվածով դաժանաբար սպանում է նրան: Նախապես սրիչ էր առել՝ սրել էր կացինը։ Այդտեղ հսկող սարք կա, եւ զարմանալի է, թե ինչպես էր կացինով մտել ներս: Մինչեւ վերջ էլ գործով դա չպարզվեց: Համենայնդեպս, ամեն ինչ կազմակերպված է եղել: Այն, որ ասում են՝ աֆեկտի վիճակ է, իրեն ինչ-որ բան են ասել, ինքը բարկացել, հարվածել է, այդպես չի: Գործում կա, որ նախօրոք մի քանի օր առաջ գնել է կացինը, սրիչ է առել, սրել է: Հետո սպասել է լուսադեմին:

Առաջին հարցաքննության ժամանակ երբ հարցրել են՝ ինչու ես լուսադեմին այդ քայլն արել, պատասխանել է՝ գիտեմ, որ լուսադեմին ավելի խորն են քնում, որ խոր քնի մեջ լինի: Ինքը, երեւի, ներքուստ վախ է ունեցել Գուրգենից, որովհետեւ շատ ամրակազմ էր, իսկ Սաֆարովն իր ցուցմունքներից մեկում ասել է, որ տեսել է, թե ինչպես է Գուրգենը մարզադահլիճում պարապում: Ասել է՝ ես մտածեցի, ինչու հայը պետք է այդքան գեղեցիկ լինի: Իր մեջ այդ խանդը, չարությունը հենց սկզբից է եղել: Այսինքն՝ այստեղ միայն ազգային պատկանելությունն է եղել պատճառը, որ նման հանցագործություն է գործել Գուրգենի նկատմամբ: Հունգարացին ձայներից արթնացել է, Սաֆարովն ասել է՝ դուրս արի, քեզ ձեռք չեմ տա: Նա էլ վախից դուրս է եկել ու աղմկել է, բոլորին սկսել է ոտքի հանել: Այդ ընթացքում փորձել է Հայկ Մակուչյանի դուռը կոտրել, իսկ Հայկ Մակուչյանի դուռը նույնպես բաց էր եղել, բայց լիտվացին զուգարան էր գնացել ու ձեռքի հետ դուռը փակել էր: Բարեբախտաբար, Հայկ Մակուչյանը փրկվել է: Նրա դուռը ամբողջությամն կոտրված էր ու արյունոտ: Սաֆարովը բղավել է՝ դուրս արի, բոլոր հայերին պետք է ոչնչացնեմ: Այդ աղմուկից ոստիկանությունը եկել ու ձերբակալել է Սաֆարովին:

Առաջին պահին նշանակել են հոգեբուժական փորձաքննություն, եւ ամեն փորձաքննությանը մասնակցել է երեք մասնագետ՝ սթրեսոլոգ, հոգեբույժ եւ հոգեբան: Առաջին փորձագետների խումբը նշել էր, որ ինքը լրիվ առողջ է, գիտակցել է՝ ինչ է արել: Առաջին ցուցմունքներում ինքն ասում է՝  ես հատուկ զինվոր եմ դարձել, որ բոլոր հայերին ոչնչացնեմ: Նա հերոսական կեցվածքով այդպիսի ցուցմունքներ է տվել: Մեզ պարզ դարձավ, թե ինչու է ինքն այդպես արել: Ինքը հույս ուներ, որ իրեն տեղափոխելու են Ադրբեջան, իբր դատը լինելու էր Ադրբեջանում, եւ ինքն այդպես «հերոսաբար» ավարտելու էր իր հանցագործության պատմությունը: Հակառակ իրենց այդ պլանների, իմ մասնակցությունը խոչընդոտեց այդ գործի փոխանցմանը Ադրբեջանին:

Ես այդ գործին մասնակցելու առաջարկ ստացել եմ մարտի վերջին: Ճիշտն ասած, սկզբից հրաժարվել էի, նախ ես քրեականի մասնագետ չէի եւ նման գործերով երբեք չէի զբաղվել: Հասկանում էի, որ շատ երկար կտեւի: Հետո հեռուստացույցով լսեցի, որ հաղորդավարն ասում է՝ վաղը Նազելի Վարդանյանը մեկնելու է Բուդապեշտ: Ես ու ամուսինս իրար նայեցինք, ամուսինս նույնիսկ չգիտեր, որ ինձ նման առաջարկ են արել: Հաջորդ օրն ինձ տոմս են տալիս ու ասում՝ գիշերը մեկնում ես: Ուղիղ գնացել եմ քննիչի մոտ եւ պարզվել է, որ արդեն կա դատախազի որոշում, որ գործը հանձնում են Ադրբեջանին: Ասացին՝ դուք իզուր եք եկել, որովհետեւ արդեն որոշում կա: Խնդրել եմ, որ մի քանի օր սպասեն, այստեղ տուժողի իրավունքներն են ոտնահարվում:

Շատ մեծ ջանքեր էին անհրաժեշտ մի երկրում, որտեղ ոչ մեկին չէի ճանաչում․ պատկերացրեք՝ ինչպես պետք է պայքարես, որ դատախազն իր որոշումը փոխի: Այդ ընթացքում հանդիպել եմ ե՛ւ օմբուդսմենի, ե՛ւ բարձր պաշտոնատար անձանց հետ, ե՛ւ դատախազին ներկայացրել եմ բոլոր փաստարկները, որ միջազգային կոնվենցիաներով, մարդու իրավունքների կոնվենցիայով թույլատրելի չէ դատավարությունը մի երկրում, որտեղ տուժողը հնարավորություն չի ունենալու իր իրավունքները ներկայացնելու: Վերջում որոշվեց, որ գործը քննվելու է Բուդապեշտի քաղաքային դատարանում: Այդ մասին ադրբեջանական կողմը չգիտեր, եւ մինչեւ հունիսի 17-ը Սաֆարովի ցուցմունքները եղել են հերոսական, որ ես զինվոր եմ, պետք է հայերին սպանեմ, ես ատում եմ հայերին եւ այլն: Իսկ հունիսի 17-ին, երբ գործը մուտք է լինում Բուդապեշտի դատարան, իրեն ծանուցագիր են ուղարկում, դրանից կատաղած, որ, փաստորեն, բոլոր պլանները փլուզվել են, ինքը երկրորդ հանցագործությունն է գործում հենց բանտում. սկսում է դեսուդեն զանգ տալ, լիմիտը սպառում է, հեռախոսը ձեռքից վերցնում են: Ինքն էլ ղուրանը շպրտում է աշխատողների երեսին, նրանց երեսին ջուր է շփում, իրեն գցում են գետնին: Երկրորդ վճիռն էլ կար՝ պահակային խմբի նկատմամբ հանցագործության վերաբերյալ: Դա եւս ծանրացրեց նրա առանց այդ էլ ծանր մեղադրանքը:

Դրանից հետո ես 2013 թվականի փետրվարի 23-ին դիմեցի Եվրոդատարան՝ հայց ներկայացնելով Հունգարիայի եւ Ադրբեջանի կառավարությունների դեմ։

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածն էր՝ մարդու կյանքի իրավունքը եւ դրա հետ փոխկապակցված, որ խախտվել է կյանքի իրավունքը եւ 14-րդ հոդվածի այն դրույթը, որ փաստորեն այդ սպանությունը կատարվել է ազգային պատկանելության համար եւ ամբողջ գործով գնում է, որ հայի դեմ է արել։ Ամբողջ դատավարության ընթացքում չապացուցվեց, որ Սաֆարովը բարեկամ է կորցրել, նույնիսկ ես փաստաթուղթ ներկայացրեցի  հենց ադրբեջանական աղբյուրից ստացած, որտեղ նշված էր, որ Սաֆարովի վկայակոչած թվականին, երբ այդ կոնֆլիկտը տեսել է, այդտեղ աղվան–մոջահեդներն են տեղավորված եղելն եւ ամբողջ խաղաղ բնակչությունը Ջաբրայիլից դուրս եկած է  եղել, եւ ինքը ֆիզիկապես էլ չէր կարող այդտեղ լինել։ Հետո ապացուցեցինք, որ ինքը այդ տարի սովորել է Բաքվում՝ զինվորական ուսումնարանում, հետո մեկնել է Ստամբուլ։ Իրեն առաջին հարցաքննությունների ժամանակ, երբ հարցրել են՝ կացինով սպանելը որտեղ ես սովորել, ասել է՝ Կիպրոսում, այսինքն՝ ինքը նույնիսկ ռազմական գործողությունների Կիպրոսում է մասնակցել, ինքը սպանությունների լավ փորձ ունեցել է։

Դիմելով Եվրոդատարան՝ ասացինք, որ ազգային խտրականության հիմքով է եղել  կյանքի իրավունքի խախտում․ 2016 թվականի հունվարի 12-ի ՄԻԵԴ վճռով որոշվել է սկսել կոմունիկացիա, եւ հարցադրումներ են արվել Հունգարիայի եւ Ադրբեջանի կառավարություններին։ Ադրբեջանի կառավարությանը հարցնում են՝ արդյոք դուք չեք համարում, որ խախտվել է մարդու կյանքի իրավունքը այն բանով, որ նման դաժան սպանությունը եւ սպանության փորձը Հայկ Մակուչյանի նկատմամբ դուք արդարացնում եք։

Իրենք ասում են՝ ներում է եղել, բայց դա իրականում ներում չի եղել, որովհետեւ ներման ժամանակ միայն պատիժն են փոխում, բայց որեւէ այլ արտոնություններ չեն տալիս։

Արդարացում է եղել եւ իշխանությունները փաստորեն դառնում են մասնակից այդ հանցագործությանը։ Փաստորեն, իրեն 8 տարվա աշխատավարձն են տվել, իրեն տուն են տվել, կոչումն են բարձրացրել, եւ Ադրբեջանի նախագահը համարել է, որ ինքը հանցագործություն չի արել եւ արդարացրել է նրան։ Մեր դիմումի հիմքում հենց դա էր։

Հունգարիայի կառավարությանը հարցում է ուղարկվել, թե արդյոք իրենց ներկայացրել են հավաստիացում, որ պատիժը կրելու է իր երկրում, ասել են՝ այո, ստացել են, իսկ արդյոք իմացել են հայկական կողմի զգուշացումների մասին, որ ինքը իր երկրում հերոսացվել է, իրենք ասել են, որ դա հիմք չի եղել համոզվելու, որ պատիժը չի կրելու։ 2016 թվականի հունվարից հետո այդ հարցադրումներին պետք է պատասխանեին, եւ ես հույս ունեի, որ 2017-2018 թվականներին մենք կունենայինք վճիռ։ Կարծում եմ՝ այս տարի մենք կունենանք ՄԻԵԴ վճիռն այս գործով եւ կիմանանք՝ ինչ է լինելու։

Հունգարական դատարանի վճռով հիմնավորվեց այն փաստը, որ դա դաժան սպանություն է ազգային հողի վրա, նույնիսկ դատարանը ասաց, որ Ղարաբաղի ժողովուրդն իր անկախության համար է պայքարել, որի հիման  վրա հալածվել է, դրա հետեւանքով պատերազմ է սկսվել, կորուստներ են ունեցել։ Սաֆարովն ասում էր, որ կորուստներ է ունեցել, բայց չկարողացավ ապացուցել, իսկ գուցե Գուրգեն Մարգարյանը նույնպե՞ս կորուստներ է ունեցել այդ պատերազմում։

Այդ դատավճիռը իսկապես ունի պատմական նշանակություն, եւ կարծում եմ բարոյական նշանակություն էլ ունի․ առաջինը, որ յուրաքանչյուր ադրբեջանցի հասկանա, որ նման հանցագործությունների համար պատիժ կա։

Եվրոպայում ընդունված չէ նման հանցագործություններ կատարածներին արտահանձնել, եւ ես ուսումնասիրել եմ, պարզել, որ որեւէ  այլ գործով Հունգարիան երբեք հանցագործին չի արտահանձենլ․ այստեղ շատ  լուրջ միջամտություն է եղել, որին մասնակցել եւ Հունգարիայի եւ Ադրբեջանի կառավարությունները, եւ դրա համար նրանք պետք է պատասխան տան։

Մեր պահանջն է Սաֆարովին հանձնել Հունգարիա կամ մեկ այլ երկիր՝ իր պատիժը կրելու։ Նյութական պահանջ չենք դրել ի սկզբանե․ դա Գուրգեն Մարգարյանի ծնողների պահանջն էր, եւ Հայկ Մակուչյանը նույնպես հրաժարվել էր նյութական պահանջից։

Սաֆարովի արտահանձնումը մեծ հարված եղավ Հունգարիայի կառավարությանը․ վերջերս հրապարակվեց մի միջազգային կազմակերպության ուսումնասիրություն, ըստ որի՝ մեծ գումար է Ադրբեջանի փոխվարչապետը փոխանցել Հունգարիայի փոխվարչապետին։ Հունգարիան հեղինակության մեծ կորուստ ունեցավ դրանով, իշխանությունների ոչ պարկեշտ քայլի հետեւանքով մի ամբողջ երկիր հեղինակազրկվեց միջազգային մակարդակում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նազելի Վարդանյան. Հայաստանը պետք է հասնի ռամիլ սաֆարովին Հունգարիա վերադարձնելուն՝ պատիժը կրելու համար
ռամիլ սաֆարովը պետք է վերադարձվի Հունգարիա...
Շարժվեց մի սառույց, որը 12 տարի կանգնած էր․ Հունգարիայի հայ խորհրդարանականը բարձր գնահատեց նախագահի այցը Բուդապեշտ
Մենք պետք է շատ նրբորեն կարողանանք հետ բերել կորցրած բալանսը…
Հունգարիայի դիրքորոշումը շատ կարևոր է Հայաստան-ԵՄ հարաբերությունները խորացնելու և ընդլայնելու համար. Փոխնախարար
Ավելի քան տասնմեկ տարի չենք ունեցել բարձրաստիճան այց Հունգարիա, և այս այցով, կարելի է ասել, լիարժեք վերականգնվում են հայ-հունգարական...
Հայաստանն աշխատում է Հունգարիայի հետ ուղիղ չվերթ բացելու ուղղությամբ․ դեսպանն ամփոփում է նախագահի այցը Բուդապեշտ
Փորձեցինք այն բացը, որը 11 տարվա ընթացքում ձևավորվել է, հնարավորինս արագ լրացնել։ 2023 թվականին Հայաստան էր այցելել Հունգարիայի արտաքին գործերի...
ԱԺ հանձնաժողովում քննարկվել է Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ստեղծման հարցը
Նրա խոսքով՝ այն ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանի որոշումը Բուդապեշտի հետ դիվանագիտական ․․
Հույս ունեմ՝ հնարավորինս կարճ ժամանակում կկարողանանք բաց թողնվածը լրացնել. Փաշինյանը՝ Հունգարիայի փոխվարչապետին
Վարչապետ Փաշինյանն ընդունել է Հունգարիայի փոխվարչապետ Ժոլտ Շեյմենին...
Ամենաշատ