News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 15-ի նիստում բացասական եզրակացություն տվեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր  Նաիրա Զոհրաբյանի օրենսդրական նախաձեռնությանը։

Ներկայացվող նախագծով առաջարկվում էր Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածում կատարել փոփոխություն, ըստ որի՝ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը պետք է հաշվակցվի ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձեւով նշանակված պատժին՝ 1 օրը հաշվելով 1,5 օրվա դիմաց:

Ըստ նախագծի հիմնավորման ներկայացված օրենքի նախագծով նախնական կալանքի տակ պահելու ժամկետն ազատազրկման եւ կարգապահական գումարտակում պահելու ձեւով նշանակված պատժի մեկ օրվա հաշվակցումը մեկ ու կես օրով պայմանավորված է ՀՀ-ում նախնական կալանքի վայրերի պայմաններով, որոնք երբեմն ավելի ծանր են, քան քրեակատարողական հիմնարկներում: ՀՀ գործող քրեական օրենսգրքի 69-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը կալանքի տակ պահելու ժամկետը հաշվակցվում է ազատազրկման, կարգապահական գումարտակում պահելու ձեւով նշանակված պատժին՝ մեկ օրը հաշվելով մեկ օրվա դիմաց:

Ներկա իրավիճակում կան բազմաթիվ քրեական գործեր, որոնց շրջանակում նախնական կալանքի տակ գտնվող անձինք՝ ամիսներով կամ տարիներով, կալանավորված անձի կարգավիճակում սպասում են դատարանի դատավճռին, եւ հաշվի առնելով, որ նախնական կալանքի տակ գտնվող անձի կարգավիճակը ենթադրում է ավելի խիստ մեկուսացում եւ պահման ավելի խիստ պայմաններ՝ գործող քրեական օրենսգրքի՝ պատիժների հաշվակցման մոտեցումն անթույլատրելի է եւ մարդասիրական չէ:

Նախագծի ընդունման արդյունքում կալանքի տակ պահելու ժամկետն ազատազրկման եւ կարգապահական գումարտակում պահելու ձեւով նշանակված պատժի՝ մեկ օրը կհաշվվի մեկ ու կես օրվա դիմաց, ինչպես նաեւ կսահմանվի օրենքի հետադարձ ուժի ժամկետը, որը կտարածվի 2004թ-ից առ այսօր հարուցված քրեական գործերով մեղադրյալների (ամբաստանյալների) եւ դատապարտյալների վրա:

Ըստ կառավարության եզրակացության՝ նախագծով առաջարկվող փոփոխությունը եւ կարգավորումները կրում են հատվածական բնույթ, որոնք գործնականում խնդրահարույց իրավիճակների են հանգեցնելու: Հետեւաբար, հարցին անհրաժեշտ է ցուցաբերել առավել համապարփակ մոտեցում եւ լուծումները նախատեսել Հայաստանի Հանրապետության քրեական եւ քրեակատարողական օրենսգրքերի նախագծերի համակարգային բարեփոխումների շրջանակներում:

Նույնաբովանդակ առաջարկ ներկայացրել էր նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, որը ևս մերժվեց:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հանցավորության մակարդակի առումով որոշակի խնդիրներ կան, և պետք է դրանց մակարդակը իջեցվի: Նրա խոսքով, կա տրամաբանություն, որ համաներմամբ ազատ արձակված անձինք նորից ձերբակալվում են նույնատիպ հանցանք կատարելու համար։ «Ընդհանրապես, ես կարծում եմ՝ այս ոլորտում համահարթեցնող տրամաբանությամբ գործողություն պետք է չարվի, սրա փոխարեն այն խնդիրը, որը մենք անում ենք համաներումների միջոցով, մենք պետք է լուծենք պայմանական վաղաժամկետ ազատ արձակման մեխանիզմն ի վերջո գործարկելու միջոցով»,- ասաց նա:

Տպել
Ամենաշատ