News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն եւ Չինաստանը Պեկինում ավարտել են բանակցությունների հերթական ռաունդը: Սակայն դատելով սուղ մեկնաբանություններից, ամենայն հավանականությամբ, զգալի առաջընթացի հասնել չի հաջողվել:

ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել է, որ բանակցություններն «արդյունավետ» էին, հայտնում է AFP-ն:

ԱՄՆ եւ Չինաստանի բարձրաստիճան պաշտոնյաները բանակցություններ են վարել 2 օր՝ հուսալով հիմք ստեղծել, որպեսզի կանխեն սակագնային պատերազմի թեժացումը:

Մնուչինը հայտարարել է, որ բանակցությունների ավարտից հետո ինքը եւ ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհիզերը «արդյունավետ հանդիպում են անցկացրել Չինաստանի փոխվարչապետ Լյու Հեի հետ»:

Բանակցություններն ավարտվել են ուրբաթ, եւ պատվիրակությունները հեռացել են ոչ մի բան չհայտարարելով:

Այսօր ամերիկյան պատվիրակության հանդիպում է նախատեսված նաեւ Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ: Շուկաները շունչները պահած սպասում են ազդանշանների, որ աշխարհի երկու գերտերությունները կարող են հաշտության հասնել:

Երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ակնարկել էր, որ մարտի 2-ից հետո կարող է հետաձգել չինական ներմուծման համար լրացուցիչ մաքսատուրքերի սահմանումը, Bloomberg News-ը հայտնել էր, որ դիտարկվում է 60 օրով հետաձգում, որպեսզի բանակցություններին ավելի շատ ժամանակ տրամադրվի:

Wall Street Journal-ը եւ Bloomberg-ը, մեջբերելով անանուն աղբյուրներին, պնդում են, որ 2 կողմերին չի հաջողվել կրճատել առանցքային հարցերում տարաձայնությունների խզումը:

Վաշինգտոնը Պեկինին մեղադրում է մի շարք անբարեխիղճ առեւտրային գործարքների մեջ՝ ներառյալ բազմաթիվ արգելքները, որոնք խոչընդոտում են արտասահմանցիների հասանելիությունը չինական շուկաներին, չինական ընկերությունների օգտին սուբսիդիաները եւ մտավոր սեփականության գողությունը:

Պեկինն ու Վաշինգտոնն արդեն 360 մլրդ դոլարից ավելի գումարի երկկողմանի առեւտրի մաքսատուրքեր են սահմանել, ինչն անդրադառնում է նրանց արտադրական հատվածի վրա եւ ցնցում համաշխարհային ֆինանսական շուկաները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ