News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2018 թվականին պաշտպանությանն ու սպառազինմանն ուղղված համաշխարհային ծախսերն աճել են 1.8 տոկոսով՝ հասնելով 1.67 տրլն դոլարի: Այդ մասին նշվում է ուրբաթ Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (IISS) ներկայացրած զեկույցում, հաղորդում է Reuters-ը:

«Ռազմական բալանս» զեկույցի հեղինակները նշում են, որ անցյալ տարի եւս արեւմտյան երկրները մեծացրել են պաշտպանությանն ուղղված ծախսերը, ինչը մասամբ պայմանավորված է Ռուսաստանի եւ Չինաստանի ռազմական հզորացման նկատմամբ մտավախություններով: Փորձագետները պնդում են, որ Արեւմուտքի անհանգստության պատճառն է նաեւ Ղրիմում ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի տեղադրումը:

«Չինաստանը, հավանաբար, ավելի մեծ մարտահրավեր է, քանի որ զինվում է ավելի առաջադեմ ռազմական համակարգերով եւ մեծացնում սեփական տարածքից հեռու իր զինված ուժերի գործողությունների հնարավորությունները»,-ասվում է փաստաթղթում, որը հրապարակվել է անվտանգության հարցերով Մյունխենում կայացած կոնֆերանսի բացման ժամանակ:

Լոնդոնում տեղակայված IISS-ի փորձագետները կանխատեսում են, որ այս տարի եւս ԵՄ երկրները կգտնվեն ԱՄՆ-ի ճնշումների ներքո, որը հետաքրքրված է եվրոպական պաշտպանական բյուջետը մեծացնելու հարցում: Ակնկալվում է, որ ապրիլին Վաշինգտոնում կայանալիք ՆԱՏՕ-ի երկրների ԱԳ նախարարների հանդիպման ընթացքում Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը կրկին կհայտարարի, որ ՆԱՏՕ-ի բոլոր անդամները պաշտպանության համար պետք է տրամադրեն իրենց ՀՆԱ-ի առնվազն 2 տոկոսը: Ընդ որում՝ այդ ցուցանիշն ապահովելու համար ՆԱՏՈ-ի եվրոպական անդամները ստիպված կլինեին տրամադրել հավելյալ 102 մլրդ դոլար:

Զեկույցում ներկայացված են աշխարհի 171 երկրների ռազմական ներուժի եւ պաշտպանական ծախսերի դինամիկայի տվյալները: Դրանում ներառված չեն Մերձավոր Արեւելքի տվյալները, որտեղ շարունակվում են զինված հակամարտությունները (Լիբիա եւ Սիրիա), ինչպես նաեւ ԱՄԷ-ի ու Քաթարի տվյալները, որոնք չեն հրապարակում համապատասխան բյուջեների մասին տեղեկություններ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ