News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ս.թ.-ի փետրվարի 13-16-ը հայկական 11 ընկերություններ մեկ միասնական «Օրգանական Հայաստան» գրավիչ տաղավարով ներկայացնում են հայկական օրգանական սերտիֆիկացված արտադրանքը Գերմանիայի Նյուրենբերգ քաղաքում անցկացվող ԲԻՈՖԱԽ 2019 օրգանական սննդի միջազգային առաջատար ցուցահանդեսին:

Միջազգային այս խոշոր ցուցահանդեսին Հայաստանը ցուցադրում է բարձրարժեք օրգանական արտադրանք, ինչպիսիք են խոտաբույսերը, հատապտուղներից պատրաստված թեյերը, մրգերի կորիզներից ստացված յուղերը, չրեղենը, հյութերը, մեղրը եւ հաճարը:

«Օրգանական Հայաստան»-ը, 2 տարի անընդմեջ տարբեր ցուցահանդեսներին ներկայանալով մեկ միասնական տաղավարի ներքո, արդեն հասցրել է մեծ համբավ ձեռք բերել աշխարհում թափ առնող օրգանական շուկայում՝ այսպիսով նոր ներդրումներ գրավելով Հայաստան: Օրգանական արտադրողների կնքած պայմանագրերի ընդհանուր գումարը կազմում է մոտ կես միլիոն եվրո: Հիմնական արտահանման շուկաներն են՝ Ֆրանսիա, Գերմանիա, Ռուսաստան, Իտալիա, Կանադա, Դուբայ, ԱՄՆ, Հոլանդիա, Ֆինլանդիա, Պոտուգալիա, Չեխիա, Ավստրիա, Բելգիա եւ այլն:

«Երեքուկես տարի տեւած ՕԳԱՆ ծրագիրը մոտենում է իր ավարտին եւ մենք շատ ուրախ ենք, որ երկիրը ներկայացնող «Օրգանական Հայաստան» տաղավարն ունի նման լայնածավալ օժանդակություն տարբեր ազգային եւ միջազգային դոնորների եւ գործընկերների կողմից: Սա կապահովի միջազգային առեւտրային ցուցահանդեսներին Հայաստանի կայուն մասնակցությունը նաեւ ապագայում», - նշել է ՕԳԱՆ ծրագրի թիմի ղեկավար Դավիդ Մուքենհուբերը։

Ավելի քան 2,900 ցուցադրողներ մասնակցում են BIOFACH-ի հոբելյանական 30-րդ ցուցահանդեսին: Մոտ 50,000 առեւտրի այցելուներ արտադրանքի աննախադեպ ցուցադրությունների, ոգեշնչող նորարարությունների, սննդի մի շարք միտումների եւ ցանցային առեւտրի հնարավորությունների ականատես են դառնում:

Այս տարի ցուցահանդեսին մասնակցում են նաեւ նոր կազմավորվող Օրգանական Հայաստան Ասոցիացիայի անդամները միջազգային նոր գործընկերների հետ համագործակցություն ձեռքբերելու ակնկալիքով: BIOFACH 2019 համագումարին Լուսինե Նալբանդյանը ներկայացրեց Հայաստանում օրգանական գյուղատնտեսության ընդհանուր իրավիճակը եւ օրենսդրական փոփոխությունների միտումները: Նա նշեց. «Մենք արդեն պայմանավորվածություն ձեռք բերեցինք Մոլդովայի ասոցիացիայի հետ առաջիկայում համագործակցելու համար»:

Մասնակցությունը հնարավոր դարձավ շնորհիվ Եվրամիության ու Ավստրիական զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ)» ծրագրի, ինչպես նաեւ EU4Business-ի նախաձեռնության շրջանակներում Առեւտրի միջազգային կենտրոնի (ԱՄԿ) կողմից իրականացվող «Առեւտրի համար պատրաստ» ծրագրի եւ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ սերտ համագործակցությամբ: Աջակից կառույցների ցանկում է նաեւ ՓՄՁ ԶԱԿ-ը իր մարկետինգային եւ գործարար կապերի հաստատման օժանդակությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ