News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վերջերս Ադրբեջանի զինված ուժերի սպառազինությունը, մասնավորապես՝ ՌՕՈՒ-ն համալրվել է SOM–B1 գերժամանակակից թեւավոր հրթիռներով, որոնք պատրաստվել են Stealth տեխնոլոգիայով (ռադիոալիքային տիրույթում ծայրահեղ աննկատ է-խմբ․) եւ հատուկ նախատեսված են հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության օբյեկտները ոչնչացնելու համար։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը։

Փորձագետի խոսքերով, այս հրթիռները նախատեսված են ոչ միայն նրա համար, որպեսզի շրջանցեն ՀՕՊ եւ ՀՀՊ համակարգերը, այլեւ դրանց անմիջական ոչնչացման համար։

«Այսինքն, զենիթահրթիռային С-300 ПС եւ С-300 ПТ համակարգերը, որոնք գտնվում են Հայաստանի զինված ուժերի սպառազինությունում, դրանց համար սովորական թիրախ են։ Այդ թեւավոր հրթիռներն ունեն մինչեւ 250 կմ շառավղով գործունեության հնարավորություն, այն դեպքում, երբ թռիչքի նվազագույն բարձրությունը 10 մետր է։ Հայաստանի հակաօդային եւ հակահրթիռային պաշտպանության հիմքը կազմող հայկական С-300 ПС-երի եւ С-300 ПТ-երի աերոդինամիկ թիրախների նվազագույն բարձրությունը 25 մետր է։ Ընդ որում, այդ սարքավորումների առավելագույն հեռահարությունը 75 կմ է, իսկ առավելագույն բարձրությունը՝ 27 կմ»,- պարզաբանեց Համբարձումյանը։

Ռազմական փորձագետը նաեւ նշեց, որ այդ նոր թուրքական հրթիռները ունեն թռիչքի ժամանակ տեղանքը շրջանցելու հնարավորություն, եւ քանի որ Հայաստանը լեռնային երկիր է, տվյալ գործոնը խիստ բարդացնում է ՀՕՊ-ի եւ ՀՀՊ-ի աշխատանքը։

«Լեռների ֆոնին զգալիորեն դժվար է տարբերել թիրախը»,- հստակեցրեց Համբարձումյանը՝ հավելելով, որ նույնիսկ հայկական բանակի սպառազինության մեջ ներառված 9K317 Бук-М2 զենիթահրթիռային համակարգերն ընդունակ չեն որսալ այս տեսակի հրթիռները։

Նա հատուկ շեշտադրեց այն, որ Թուրքիայում արտադրվող զենքը պետք է համապատասխանի ՆԱՏՕ-ի ստանդարտներին, իսկ Ադրբեջանի սպառազինության մեջ հիմնականում խորհրդային եւ ռուսական կործանիչներ են, եւ նույնիսկ վրացական Су-25КМ ուսումնառազմական ինքնաթիռները կոդավորված ռադիոազդանշանի երկկողմ համակարգ չունեն, ինչպիսին ունեն ՆԱՏՕ-ի ռազմական ինքնաթիռները։ Առանց այս համակարգի առկայության, ինչպես նշեց փորձագետը, թուրքական SOM–B1-երն անօգուտ են։ Հենց այդ հանգամանքն է, Համբարձումյանի կարծիքով, դարձել հիմնական պատճառն այն բանի, որ Բաքուն սկսել է ակտիվորեն գնել իտալական ուսումնամարզական Alenia Aermacchi M-346 Master ինքնաթիռներ, որոնք նույնպես պատրաստվում են ՆԱՏՕ-ի ստանդարտներով։

Այս ինքնաթիռները, փորձագետի հավաստիացմամբ, չնայած այն բանին, որ ուսումնամարզական են, ամբողջովին կարող են օգտագործվել ռազմական նպատակներով, եւ ընդունակ են օգտագործել օդ-երկիր սպառազինությունը՝ կասետային ռումբերի տեսքով, եւ 500 կգ ռազմական ծանրաբեռնվածություն տանել։ Դրա հետ մեկտեղ, Համբարձումյանը հավելեց, որ դրանք նաեւ ընդունակ են կրել թուրքական SOM–B1 վերոնշյալ թեւավոր հրթիռները։

Ռազմական փորձագետը նկատեց, որ չնայած այս մեքենաների ուսումնամարզական բնութագրումներին, Բաքուն սկզբի համար որոշել է ձեռք բերել 10 ինքնաթիռ, իսկ այնուհետեւ ձեռք բերել եւս 15-ը, որից հետո՝ եւս տասը։

Այս ամենը, Համբարձումյանի կարծիքով, մատնում է Ադրբեջանի իրական նպատակներն ու խնդիրները, որը ոչ միայն ուզում է պատրաստել իր օդաչուներին, քանի որ 10 ուսումնամարզական ինքնաթիռների առկայությունն այդ նպատակների համար ոչնչով չարդարացված ծախս է, այլեւ բազմաթիրախ այս մեքենաների տվյալ տեսակն օգտագործել ռազմական խնդիրները լուծելու համար։

«Ադերբեջանցիներին իրենց օդաչուներին սովորեցնելու համար կբավարարեր նաեւ այդ դասի 4 կործանիչը։ Ոչ մի երկիր, ունենալով 16 գերձայնային կործանիչ, չի գնում 25 ուսումնամարզական ինքնաթիռ։ Դա պարզունակ տրամաբանություն է։ Նրանք նույնիսկ այդքան օդաչու չունեն այսօրվա դրությամբ»,- պարզաբանեց Վան Համբարձումյանը։

Փորձագետը նաեւ հայտնեց, որ Բաքուն մտադիր չէ սահմանափակվել միայն իտալական ինքնաթիռների գնումով եւ պատրաստվում է ձեռք բերել նորագույն ռուսական բազմաթիրախ Су-30 МКА կործանիչներ, եւ դրա համար ադրբեջանցիները հատուկ իրենց օդաչուների մի մասին ուղարկել են Ալժիր, որպեսզի նրանք այնտեղ սովորեն ալժիրական Су-30 МКА-ների վրա, որոնք ավելի վաղ գնվել են Ռուսաստանից։ Այս ինքնաթիռները, ինչպես նշեց Համբարձումյանը, իրենց ռազմատեխնիկական բնութագրերով գերազանցում են ռուսական Су-30 СМ-ներին, որոնք Երեւանը պայմանագրով Ռուսաստանից պետք է ստանա 2020թ․։

«Սակայն խնդիրը նաեւ նրանում է, որ օդաչուների պատրաստման համար անհրաժեշտ է առնվազն հինգ տարի։ Տվյալ պահին մեր օդաչուները պատրաստ չեն թռչել այդպիսի ժամանակակից ինքնաթիռներով, քանի որ նրանք այս ողջ ընթացքում թռել են Су-25 մինչձայնային կործանիչներով»,- ընդգծեց ռազմական փորձագետը։

Հիշեցնենք, որ լրատվամիջոցներում հայտնվել էր տեղեկատվություն, թե Ադրբեջանը հետաքրքրություն է ցուցաբերել իտալական սպառազինության հանդեպ եւ դեմ չէր լինի «պահուստավորել» իտալական արտադրության նատոյական ժամանակակից սպառազինության որոշ տեսակներ։ Ադրբեջանն Իտալիայից ձեռք է բերել 10 ուսումնառազմական M-346 ինքնաթիռներ եւ պատվիրել է եւս 15-ը։ Իտալիայի ՌՕՈՒ սպառազինությունն արդեն ունի 18, Սինգապուրինը՝ 12, Իսրայելինը՝ 30, Լեհաստանինը՝ 8 այդպիսի ինքնաթիռներ։ Այս ինքնաթիռներն արտադրող Leonardo Aircraft ընկերության հաճախորդներից է նաեւ Ադրբեջանի ՊՆ-ն, որն առաջին անգամ ինքնաթիռները ցուցադրել է 2017թ․ մայիսին։ Սակայն այն ժամանակ Ադրբեջանի ՌՕՈՒ-ի սպառազինության մեջ ներառված տվյալ ինքնաթիռների թվի մասին տեղեկությունը հրապարակված չէր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ