News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Փետրվարի 16-ին ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ՀՀ ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը:

Մասնակցում էին ոստիկանության պետի տեղակալները,կենտրոնական ապարատի, մարզային եւ տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

Մինչ խորհրդակցությանն անցնելը ոստիկանության պետը վերջերս Երեւանի բանկերից մեկում ավազակային հարձակումը կանխելու եւ ծառայողական պարտականությունները բարեխղճորեն կատարելու համար պարգեւատրեց ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ծառայող, ոստիկանության ենթասպա Սեւակ Բադալյանին:

Խորհրդակցության գլխավոր թեման հանրապետությունում օպերատիվ իրավիճակն էր:

Վալերի Օսիպյանը անդրադառնալով գրանցված դեպքերին ու բացահայտումների վիճակագրությանը, ստորաբաժանումների պատասխանատուներին հանձնարարեց անձնական ուշադրության կենտրոնում պահել սեփականության դեմ ուղղված հանցագործությունների կանխման, նախականխման եւ բացահայտման ուղղությամբ իրականացվող աշխատանքները:

Ներկայացվեցին նաեւ կոնկրետ տարածքային բաժինների բացահայտումների թվային տվյալներ, որոնք գոհացուցիչ չեն: Ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարվեց սեղմ ժամկետում իրականացնել անհրաժեշտ բոլոր միջոցառումները իրավիճակը շտկելու եւ բացահայտումների դրական դինամիկա ապահովելու համար:

Վալերի Օսիպյանը հանձնարարեց անցնել ուժեղացված ծառայության: Ցուցում տրվեց առավել արդյունավետ պայքար մղել ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման, թմրամիջոցների անօրինական շրջանառության եւ կոռուպցիայի դեմ:

Ոստիկանության ՔՀԳՎ անչափահասների գործերով եւ ընտանիքում բռնության կանխարգելման վարչությանը հանձնարարվեց, որպեսզի անչափահասի մասնակցությամբ յուրաքանչյուր դեպք առանձին ուսումնասիրվի ու քննության առարկա դառնա: Անհրաժեշտ է անչափահասների հետ առավել ինտենսիվ աշխատանքներ տանել, նրանց մասնակցությամբ իրավախախտումները բացառելու համար:

Խոսք գնաց նաեւ ոստիկանության կադրային քաղաքականության մասին: Ոստիկանության պետը նշեց, որ անհրաժեշտ է համակարգը համալրել բացառապես որակյալ կարդրերով:

Քաղաքացիներից դեռեւս ստացվում են բողոքներ՝ կապված գիշերային ժամերին հրավառություններ կազմակերպելու հետ: Վալերի Օսիպյանը հանձնարարեց խիստ հսկողություն սահմանել այս ուղղությամբ:

Ճանապարհային ոստիկանությանը հանձնարարվեց առավել ինտենսիվ ծառայություն կազմակերպել մայրաքաղաքում խցանումները բացառելու ուղղությամբ: Թեեւ ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով զոհերի ու վիրավորների թվի նվազում կա, այնուհանդերձ ոստիկանության պետը հորդորեց չսահմանափակվել ձեռքբերվածով ու շարունակել միջոցառումները:

Ներկաների ուշադրությունը հրավիրվեց փետրվարի 17-ին հանրապետության մի շարք համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին: Այս ուղղությամբ խիստ կարգադրություն արվեց ապահովել պատշաճ ծառայություն:

Խորհրդակցության ավարտին ոստիկանության պետի տեղակալները մասնակիցների հետ քննարկեցին Վալերի Օսիպյանի հանձնարարականների իրականացման ուղիներն ու միջոցները:

Տպել
Ամենաշատ