News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

Սիրիա ուղարկված նույնիսկ մարդասիրական օգնությունը ահաբեկչական խմբավորումների կողմից կդիտարկվի որպես թշնամական գործողություն՝ էլ չասած Հայաստանից ուղարկված մարդասիրական առաքելության մասին: Այդ մասին Լուրեր Հայաստանից – NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը՝ մեկնաբանելով Սիրիա ուղարկված մարդասիրական առաքելությունը, որում ներառված է 83 մարդ:

Ընդ որում՝ փորձագետը հիշեցրել է, որ Գերմանիայում եւ Ֆրանսիայում ահաբեկչական ակտիվ գործողություններն սկսվել են, երբ Բեռլինն ու Փարիզը ներգրավվել են սիրիական հակամարտության մեջ:

«Այժմ այդ վտանգի առաջ կանգնած է նաեւ Հայաստանը, որը կարծես ցանկացած եղանակով փորձում է գրավել ահաբեկիչների ուշադրությունը: Դա մեզ պե՞տք է: Առանց այդ էլ մեզ բավարար են մեր խնդիրները»,-նշել է ռազմական փորձագետը՝ պարզաբանելով, որ ահաբեկիչները կարող են մուտք գործել Հայաստան որպես զբոսաշրջիկներ:

Բացի այդ, Համբարձումյանը նշել է, որ հայկական մարդասիրական առաքելությունն ուղարկելն, ըստ էության, անօրինական էր, քանի որ Հայաստանի Ազգային ժողովը պետք է թույլտվություն տար, ինչը, գործնականում, տեղի չի ունեցել: Ավելին, փորձագետը հետաքրքրվել է՝ ում են, ըստ էության, ուղարկել Սիրիա:

«Նրանք նույնիսկ զենք չունեն: Նրանք քաղաքացիական մասնագետներ են, որոնց շարքերում  կան սակրավորներ եւ բժիշկներ: Նրանց անվտանգությունն ապահովում են Հայաստանի ռազմական ոստիկանության աշխատակիցները, սակայն, ներեցեք, ինկասացիայի պահապան աշխատակիցները, թերեւս, ավելի լավ են զինված: Այդ ռազմական ոստիկաններն իրենք ունեն պաշտպանության կարիք»,-հայտարարել է Համբարձումյանը:

Ռազմական փորձագետն իր մտահոգությունը բացատրել է նրանով, որ Սիրիայում հակամարտությունը կարելի է համեմատել Երրորդ համաշխարհային պատերազմի հետ, սակայն տեղական մասշտաբում, որում արդեն ներքաշված են գրեթե բոլոր տարածաշրջանային եւ համաշխարհային գերտերությունները:

«Կորեայում, Վյետնամում եւ Աֆղանստանում պատերազմի ժամանակ ամեն ինչ պարզ էր. ԽՍՀՄ-ը եւ ԱՄՆ-ը պայքարում էին միմյանց դեմ ուրիշի ձեռքերով, եթե կարելի է այդպես արտահայտվել, եւ բոլորին լիովին պարզ էր՝ ինչ է տեղի ունենում: Սիրիայում ամեն ինչ շատ ավելի բարդ է: Այդ հակամարտությունում ներգրավված են նաեւ տարածաշրջանային գերտերությունները, ինչպիսին են Թուրքիան, Իսրայելը, Իրանը, Քաթարն ու Սաուդյան Արաբիան, ինչպես նաեւ համաշխարհային գերտերությունները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան: Այնտեղ թուրքերն ունեն իրենց խմբավորումները, որոնք գործում են՝ ելնելով Անկարայի շահերից: Իսրայելացիները սատարում են, այսպես կոչված, չափավոր ընդդիմությանը, որոնց սատարում են Անկարան, ինչպես նաեւ Վաշինգտոնն ու եվրոպական մի շարք պետություններ: Ընդ որում՝ Սիրիայի կառավարության օգտին ներկայացել են Իրանն ու Ռուսաստանը, որոնց, ըստ էության, արդեն միացել է Հայաստանը՝ Սիրիա ուղարկելով իր մարդասիրական առաքելությունը: Այն ուղղարկվել է Հալեպ, որտեղ ահաբեկիչները ծրագրում են սկսել լայնածավալ հարձակումներ: Նրանք ցանկանում են հետ մղել կառավարական զորքերին այնտեղից եւ հաստատել իրենց հսկողությունը քաղաքում: Հենց այդ մսաղաց է Հայաստանը որոշել ուղարկել իր քաղաքացիական մասնագետներին: Ինչի՞ համար»,-ընդգծել է փորձագետը:

Ընդ որում՝ նա շեշտել է, որ Սիրիայում, ըստ էության, ընթանում է նաեւ կրոնական պատերազմ սունիթների եւ շիիթների միջեւ, որն առանձին սպառնալիք է:

Այդ ամենն, ըստ Համբարձումյանի, զգալիորեն կբարդացնի հայկական հատուկ ծառայությունների, հետախուզության եւ ուժային կառույցների առանց այն էլ ծանրաբեռնված աշխատանքը, որոնք ստիպված են պայքարել անդադար ձեւավորվող նոր արտաքին սպառնալիքների դեմ: Փորձագետը համոզված է, որ Երեւանը պետք է հնարավորինս արագ հետ կանչի իր մասնագետներին Սիրիայից, քանի որ նրանց կյանքը վտանգված է, իսկ  Սիրիայում մարդասիրական իրավիճակի վրա ազդելու իրատեսական հնարավորություններ նրանք չունեն:

Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հայ մասնագետների 83 հոգանոց խումբը մեկնել է Սիրիա: Խմբում ընդգրկված են հումանիտար ականազերծման մասնագետներ եւ բժիշկներ, ինչպես նաեւ նրանց անվտանգությունն ապահովող մասնագետներ: Սիրիա հումանիտար կազմն ուղարկելու մասին լուրը հայտարարվել էր անցյալ տարի սեպտեմբերին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սիրիայում այդ գործողությունն անվանել էր իր ծավալով աննախադեպ հայ-ռուսական մարդասիրական նախագիծ:

Երեւանի տվյալ որոշումն առաջացրել էր ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կտրուկ արձագանքը, որը, մասնավորապես, հայտարարել էր, որ ըմբռնումով է մոտենում երրորդ երկրների ցանկությանը արձագանքել Սիրիայում մարդասիրական իրավիճակին, սակայն նրանք չեն սատարում Սիրիայի զինված ուժերի հետ համագործակցությունը՝ քաղաքացիներին ուղղված օգնության համար կամ ռազմական նպատակներով:

«Մենք չենք սատարում նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի համագործակցությունն այդ առաքելությունն իրականացնելու համար»,-նշվում է Պետդեպի հայտարարության մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Ամենաշատ