News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Մյունխենի տեխնիկական համալսարան։

Համալսարանի ղեկավարության, պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ հանդիպման սկզբում համալսարանի նախագահ Վոլֆգանգ Հերմանը, ողջունելով Արմեն Սարգսյանի այցը ուսումնական հաստատություն, նշել է, որ իրենց համար մեծ պատիվ է հյուրընկալել Հայաստանի նախագահին, ով նաեւ գիտնական է: Նա ներկայացրել է համալսարանի գործունեության հիմնական ուղղությունները, մասնավորապես` բնական գիտությունների ու բժշկության ոլորտներում:

Նշելով, որ գիտության ոլորտում մեր ունեցած ավանդույթները ոչ միայն պետք է պահպանել, այլեւ զարգացնել եւ հասցնել նոր մակարդակի, նախագահ Արմեն Սարգսյանն ասել է. «Ես ցանկանում եմ զարգացնել համագործակցությունը հայկական եւ գերմանական համալսարանների, երկու երկրների գիտնականների միջեւ»:

Նա ընդգծել է, որ Հայաստանը հիմնվում է ոչ թե բնական պաշարների, այլ մարդկային ռեսուրսների վրա: «Մեր հիմնական լոկոմոտիվը լինելու են նոր տեխնոլոգիաները, նորարարությունները, ստարտափները: Ես այստեղ եմ նոր գործընկերություն սկսելու համար եւ աջակցելու եմ բոլոր այն ջանքերին, որոնք ուղղված են զարգացնելու Հայաստանի գիտական եւ տեխնոլոգիական ներուժը»,- ասել է նախագահ Արմեն Սարգսյանը` հրավիրելով ներկաներին այցելել Հայաստան:

Վոլֆգանգ Հերմանը, բարձր գնահատելով Հայաստանում գիտության զարգացմանն ուղղված նախագահ Արմեն Սարգսյանի ջանքերը, նշել է, որ պատրաստ են համագործակցության` հատկապես ընդգծելով, որ Մյունխենի տեխնիկական համալսարանն իրականացնում է միջազգային փոխանակման բարձրակարգ ծրագրեր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ