News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԵՊՀ 100-ամյակի հանձնաժողովը չի կազմվում, որովհետեւ ուզում են ուրիշ ռեկտորի հետ նշել այդ տոնը: Այս մասին, այսօր՝ փետրվարի 19-ին, ԵՊՀ գիտխորհրդի արտահերթ նիստում հայտարարել է ռեկտոր Արամ Սիմոնյանը՝ հավելելով, որ իր հանդեպ ճնշումներ են գործադրվում:

ԵՊՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի մեկնարկին ԵՊՀ ռեկտորը նախ շնորհավորեց բոլորին Հովհաննես Թումանյանի 150-ամյակի կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ ֆակուլտետներում ըստ արժանվույնս միջոցառումներ կազմակերպվում են:

Այնուհետեւ ԵՊՀ ռեկտորը պարզաբանեց, որ վերջին շաբաթների ընթացքում տեղի են ունեցել որոշակի գործընթացներ, որոնց մասին ցանկանում է պատմել ԵՊՀ գիտխորհրդի անդամներին. «Վստահ եմ, որ դրանց մասին կլսեք այլ աղբյուրներից եւ տարբեր մեկնաբանություններով: Ուզում եմ, որ հենց ինձնից լսեք»:

ԵՊՀ ռեկտորի հավաստմամբ, համալսարանի ղեկավարության եւ անձամբ իր վրա վերջին շրջանում շատ մեծ ճնշում է գործադրվում: Նա հիշեցրեց, որ ամառվանից սկսվեցին ՊՎԾ-ի կողմից իրականացվող լայնածավալ ստուգումները, որոնք դեկտեմբերի վերջին ավարտվեցին իր մամուլի ասուլիսով: Ռեկտորը հիշեցրեց, որ մինչ այդ՝ ստուգումները դեռ չավարտած՝ հայտարարություններ եղան այն մասին, որ 800 մլն դրամի չափով չարաշահումներ են իրականացվել համալսարանում, արձանագրվել են խախտումներ եւ այլն:

«Հիմա, երբ այդ ծառայության ներկայացուցիչներին լրագրողները հարցնում են, թե ինչ փուլում են գտնվում ստուգումները այլ բուհերում, ստանում են պատասխան, որ մինչեւ դրանք չավարտվեն, ոչինչ չեն կարող ասել: Նկատեք, թե տրամադրությունների ինչ տարբերություն է տիրում: Մեր դեպքում ստուգումները դեռ չավարտված՝ հայտարարում էին 800 մլն դրամ չարաշահումների մասին, իսկ այժմ շատ զգույշ ասում են, որ դրանք պետք է ավարտվեն»:

Արամ Սիմոնյանն ասաց, որ ինքն այն կարծիքին է, թե դա կոնկրետ իր դեմ ուղղված որոշակի գործընթաց է, որն ունի նաեւ քաղաքական ենթատեքստ. «Բոլորիդ հայտնի է, որ ես ՀՀԿ անդամ եմ, ու հավանաբար այդ փաստը դերակատարություն է ունեցել: Եղել եմ ոչ ցանկալի անձնավորություն, ու բնականաբար ոմանց մոտ համալսարանի ղեկավարությունը փոխելու միտք է հղացել»:

ԵՊՀ ռեկտորի պնդմամբ, համալսարանում այս ընթացքում եղել են բազմաթիվ ստուգումներ. «Ստուգվել է ԵՊՀ ֆինանսական ամբողջ գործունեության 10.5 մլրդ դրամ շրջանառությունը: Սկզբում հայտարարված 800 մլն դրամի չափով արձանագրված չարաշահումներից իջան մինչեւ 500 մլն դրամ, հետո դրանից էլ պակասեցրին, այնուհետեւ մեր բացատրություններով պարզաբանեցինք, որ դրանք բացառապես վարչական կամ աշխատանքային թերություններ են, կանոնակարգային ինչ-ինչ թերացումներ, որոնք ոչ մի կապ չունեն քրեածին կամ քրեական գործընթացների հետ»:

Արամ Սիմոնյանը ԵՊՀ գիտխորհրդի անդամներին պատմեց, որ մոտավորապես մեկ շաբաթ առաջ ՀՀ ԿԳ նախարարը զրույց է ունեցել իր հետ եւ հորդորել է հրաժարական տալ. «Ես այս ամիսների ընթացքում խոսել եմ այն մասին, որ մոտենում է ԵՊՀ 100-ամյակը, եւ պետք է կառավարական հանձնաժողով կազմել, բայց ինձ բացատրեցին, որ այն չի ստեղծվում, որովհետեւ չեն ուզում ինձ հետ նշել այդ տոնը, այլ ուրիշ ռեկտորի հետ: Այդպես ասաց մեր նախարարը»:

«Ես ասացի, որ հրաժարական չեմ տալու, մինչեւ այս պղտորը չպարզվի, մինչեւ այս ստուգումների արդյունքները չպարզվեն, քանի որ դա կնշանակի, որ ես ընդունում եմ, որ կեղծարարություններ եմ արել, եւ ես դրա գլխավոր մեղսակիցն եմ: Այսինքն՝ ընդունում եմ այն բոլոր մեղադրանքները, որոնք հնչել են համալսարանի ղեկավարության հասցեին»,- պարզաբանեց ԵՊՀ ռեկտորը:

Արամ Սիմոնյանը պատմեց, որ նույն օրը՝ ԿԳ նախարարի հետ հանդիպումից հետո, Ոստիկանության 6-րդ գլխավոր վարչության 4 ներկայացուցիչ եկել է համալսարան. «Նրանցից երկուսը աշխատել են ԵՊՀ հաշվապահություն, իսկ մյուս երկուսը՝ Մարդկային ռեսուրսների կառավարման վարչությունում: Մի քանի օր աշխատել են, որից հետո կազմել այն հարցերի շրջանակը, որը, ըստ իս, ինչպես նաեւ ըստ իրավաբանների, որոնց հետ ես աշխատում եմ,  թույլ կտա գործընթացը տանել դեպի քրեական գործի հարուցում: Ես սա համարում եմ շանտաժի միջոց, ճնշում իմ եւ համալսարանի ղեկավարության դեմ: Սա սպառնալիք է համալսարանի ինքնավարությանը, ակադեմիական ազատությանը, վարչական ինքնուրույնությանը»:

Արամ Սիմոնյանի կարծիքով, այս գործընթացը չի ղեկավարվում վարչապետի կողմից, քանի որ վերջինս հստակ հայտարարել է, որ բուհերի կառավարումը բուհի ներքին գործն է, եւ որ ինքը մտադիր չէ խառնվել այդ գործընթացներին. «Ուրեմն մեր նախարարությունը եւ ինչ-ինչ մարդիկ ինչպես դրսից, այնպես էլ համալսարանի ներսից, այո, ցավով եմ փաստում, որ մի շարք համալսարանականներ եւս, ներգրավվեցին այս ընթացքում ի հայտ եկած ինտրիգների մեջ՝ հանդիպումներ ունենալով այն փոքրաթիվ ուսանողների հետ, որոնք առաջ էին քաշում ինչ-ինչ պահանջներ, կոչերի մեջ էլ անունս փոքրատառով գրում՝ կարծելով, որ հարված են հասցնում ինձ: Այդ մարդիկ տեղեկատվական խողովակներով հոդվածներ ապահովեցին մեր դեմ: Նրանց զգալի մասին ես լավ գիտեմ, թող չկարծեն, թե ես տեղյակ չեմ նրանց արարքներից: Մեր այդ գործընկերների պահվածքն ինձ մոտ առաջացնում է ոչ միայն բազմաթիվ հարցեր, այլեւ ակնհայտ զզվանք»:

«Ես հասկանում եմ, որ պաշտոնը քաղցր է, որին, ի դեպ, ես կառչած չեմ, բայց ես ընտրված ռեկտոր եմ, ունեմ պաշտոնավարման ժամկետ: Ինձ ընտրել է համալսարանի Հոգաբարձուների խորհուրդը: Նման պայմաններում այդ մարդկանց ինտրիգներն ինձ համար առավել քան տարօրինակ են. այդ անհամբերությունը, այդ պատրաստակամությունն արագ հարցերը լուծելու՝ առանց սպասելու, որ մինչեւ 2020 թվականը ես իմ գործառույթներն իրականացնեմ: Դրանից հետո թող իրենք պաշտոնավարեն, ես միայն կողջունեմ նրանց գործունեությունը, եթե դա լինի՝ ի շահ համալսարանի: Կրկնում եմ՝ ես կառչած չեմ այս աթոռին, եւ իմ ընտանիքը դեռեւս մայիսին ինձ խորհուրդ է տվել եւ խնդրել, որ ես հրաժարական տամ: Բայց եթե ես հրաժարական տայի, կնշանակեր ցուցաբերել փոքրոգություն, կնշանակեր մենակ թողնել համալսարանը եւ իմ գործընկերներին: Անբացատրելի կլիներ, թե ինչու եմ ես ստուգումների ժամանակ թողնում ու հեռանում: Դա կնշանակեր, որ ես որպես ռեկտոր, որպես անուն ունեցող մարդ, որը վաստակել է այդ անունը, եւ որպես համալսարանի կառավարիչ, որը պատասխանատու է համալսարանի գործունեության համար, խուսափում եմ իմ գործառույթներից»,- ասաց Արամ Սիմոնյանը:

ԵՊՀ ռեկտորը պատմեց, որ Հոգաբարձուների խորհրդի նոր նախագահի հետ նա ունեցել է զրույցներ՝ կապված համալսարանի եւ դրա ապագայի հետ. «Ես լավ հասկանում եմ, որ Հոգաբարձուների խորհրդի եւ դրա նախագահի վրա էլ կարող են ճնշումներ գործադրել կամ առաջարկել ռեկտորին անվստահություն հայտնել: Բայց դա դժվար է, որովհետեւ ըստ կանոնակարգի՝ միայն մի դեպքում կարելի է դա անել, եթե ռեկտորի աշխատանքը գնահատվի անբավարար: Մինչդեռ հունվարին իմ աշխատանքը միաձայն դրական է գնահատվել: Ես չեմ պատկերացնում, կամ ավելի ճիշտ պատկերացնում եմ, թե որ դեպքում վստահություն կորցնելու խնդիր կարող են առաջ քաշել եւ այդկերպ ազատվել համալսարանի ռեկտորից ու կազմակերպել նոր նշանակում, ապա նաեւ նոր ընտրություն»:

Արամ Սիմոնյանը պատմեց, որ Ոստիկանության 6-րդ վարչության կողմից նախապատրաստված քրեական գործը երկու թեզ է պարունակում. «Առաջինը վերաբերում է բուֆետներին՝ վարձերի չվճարում կամ քիչ վճարում: Մենք հաշվապահական փաստաթղթերով ապացուցել ենք, որ այնտեղ քրեական ծագմամբ որեւէ գործընթաց չկա, քանի որ վարձավճարների պարտքեր չկան: Հարցաքննվել է մեր գլխավոր հաշվապահը: Նրանք ստացել են նաեւ մեր գրավոր պատասխանները: Մյուս թեզը վերաբերում է համալսարանի 19 դասախոսներին, որոնց աշխատանքի չներկայանալը ծածկվել է ամբիոնի վարիչների կամ դեկանատների կողմից: Խոսքն առավելապես հուլիսի ու օգոստոսի վերջին մի քանի օրերի եւ հունվար ամիսներին կիսամյակային քննության բացակայությունների մասին է: Այդ մարդիկ չգիտեն, որ համալսարանում դասախոսը վարձատրվում է՝ ըստ իր ծանրաբեռնվածության աստիճանի: Ինչքան փորձեցինք համոզել, չստացվեց»:

«Մյուս կողմից՝ բացակաները կոծկելը տգեղ երեւույթ է, թեեւ կան դասախոսներ, որոնք բացակայելու համար հարգելի պատճառներ ունեն: Սա այն թեզը չէ, որի հիման վրա կարելի է այդպիսի գործ հարուցել»,- ասաց Արամ Սիմոնյանը:

Ռեկտորը հայտարարեց, որ ինքը քրեական գործից չի վախենում. «Եթե այդպիսի բան է արվել կամ արվելու, ես, բնականաբար, պայքարելու եմ օրինական բոլոր եղանակներով, որ մաքրեմ իմ անունը եւ տարիների աշխատանքը նմանօրինակ մեղադրանքներից»:

«Ես աշխատում եմ իրավաբանների եւ փաստաբանների խմբի հետ, որն ուսումնասիրում է մեր գրած բոլոր պատասխանները եւ այն մեղադրանքները, որոնք ժամանակին ներկայացրել է ՊՎԾ-ն: Նրանց գործողություններն արվել են՝ առանց մեզ պաշտոնապես տեղեկացնելու: Նրանք մեղադրանքներն ուղարկել են դատախազություն՝ մեզ տալով միայն անստորագիր մի նախնական սեւագրություն, որի հիման վրա մենք կազմել ենք մեր պատասխանները: Ես երբեւէ որեւէ շանտաժի չեմ ենթարկվելու: Սա ես հայտարարում եմ ԵՊՀ գիտական խորհրդի առջեւ: Ես թույլ չեմ տա, որ իմ եւ ԵՊՀ-ի հետ խոսեն շանտաժի կամ սպառնալիքի լեզվով»:

Արամ Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց ներկաներին իրեն լսելու համար եւ ավելացրեց, որ ինչ էլ լինի, ԵՊՀ-ն իր հարյուրամյակը տոնելու է. «Կուզենա՞ կառավարական հանձնաժողովը տոնել, թե՞ ոչ, մենք արդեն հրավերներ ուղարկել ենք մեր գործընկերներին եւ ստացել ենք մասնակցության հաստատումներ»:

Նշենք, որ ԵՊՀ գիտխորհրդի ամբողջական քննարկման մասին կտեղեկացնենք քիչ ավելի ուշ:

Տպել
Ամենաշատ