News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ԱԳՆ՝ Իսլամական համագործակցություն կազմակերպության հատուկ հանձնարարությունների գծով դեսպան Էլշադ Իսկենդերովին արգելել են մուտք գործել Թուրքիա։ Այս սենսացիոն տեղեկությունը տարածել է թուրքական Yeni Akit թերթը, տեղեկացնում է haqqin.az-ը։

Թուրքական պարբերականի տեղեկացմամբ՝ դեսպան Էլշադ Իսկենդերովին մեղադրել են այն բանում, որ նա «ստվեր է նետում» Ադրբեջանի եւ Թուրքիայի հարաբերությունների վրա։ Թեեւ սա ոչ հստակ եւ շատ աղոտ ձեւակերպում է։ «Հունվարի 15-ին ադրբեջանցի դեսպանին չեն թողել մտնել Թուրքիա՝ մասնակցելու Իսլամական համագործակցություն կազմակերպության նիստին։ Նրան արգելված է մտնել երկիր»,- ասվում է պարբերականի տեղեկատվությունում։ Թուրքական պարբերականը գրում է, որ Թուրքիայում ԻՀԿ նիստի ժամանակ Պարսից ծոցի երկրներից մեկի ներկայացուցիչն ասել է, որ Ադրբեջանի ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյան եկել է Բաքվում իրենց դեսպանատուն եւ տեղեկացրել, որ «Թուրքիան դավադրություն է պատրաստում իրենց պետության դեմ»։ Արաբական պետության ներկայացուցիչն այս առիթով բացատրություն է պահանջել Թուրքիայի ներկայացուցչից։

Թուրքական պարբերականի տեղեկացմամբ՝ արաբ դիվանագետի հայտարարությունից հետո այս առիթով պարզաբանումներով հանդես է եկել ԻՀԿ-ում Ադրբեջանի դեսպան Շահին Աբդուլաեւը։ Ինչպես գրում է պարբերականը, Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնյան, որը Բաքվում արաբական երկրի դեսպանությանը տեղեկացրել էր պատրաստվող «թուրքական դավադրության» մասին, դեսպան Էլշադ Իսկենդերովն էր։ Դիվանագիտական այս սկանդալից հետո Թուրքիայի ԱԳՆ-ն Է.Իսկենդերովին հայտարարել է պերսոնա նոն գրատա եւ արգելել նրան մտնել իր երկիր։

Էլշադ Իսկենդերովը Կրոնական կազմակերպությունների հետ աշխատանքի պետական կոմիտեի նախկին նախագահն է։ 2014 թվականին ազատվել է զբաղեցրած պաշտոնից եւ նշանակվել ԻՀԿ Հանուն երկխոսության եւ համագործակցության երիտասարդական ֆորումի նախագահ։ 2018-ին լրացել է այդ պաշտոնում նրա գտնվելու ժամկետը, եւ նա նշանակվել է Ադրբեջանի ԱԳՆ հատուկ հանձնարարությունների դեսպան։ Էլշադ Իսկենդերովի անունը քանիցս հիշատակվել է Ֆեթհուլահ Գյուլենի աղանդի հետ կապված, եւ նա հանվել է պետկոմիտեի ղեկավարի պաշտոնից այդ պատճառով։ Այժմ Գյուլենի աղանդը Թուրքիայում անվանում են FETÖ, եւ այն հայտնի է որպես ահաբեկչական կազմակերպություն, նշում է պարբերականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ