News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շուրջ կեսդարյա պատմությամբ Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանում ցուցադրվում եւ պահվում են Էմիլ Գազազի, Գառզուի, Մինասի, Էլիբեկյան եղբայրների, Բաժբեուկ-Մելիքյանների եւ մի շարք այլ հայտնի նկարիչների աշխատանքներ: Այս մասին, ցավոք, քչերը գիտեն: «Ինչու՞». hարցնում է թանգարան այցելած Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը: Թեեւ, տնօրենի խոսքով, ամեն ամիս թանգարանը հյուրընկալում է 300-400 այցելուի, սակայն փոխքաղաքապետի այցի ավելի քան մեկ ժամվա ընթացքում թանգարան այդպես էլ ոչ ոք չմտավ:

 «Տպավորություններս, մեղմ ասած, գոհացնող չէին, ինչը խիստ մտահոգող է: Ժամանակակից արվեստի թանգարանում, որի գոյությունը շատ կարեւորում եմ Երեւան քաղաքում եւ հայաստանյան մշակութային կյանքում, ցավոք, ունենք իրազեկման եւ թանգարանի նկատմամբ հետաքրքրությունը մեծացնելու խնդիր: Աշակերտներին, ուսանողներին թանգարաններ «բերման ենթարկելու» գործելաոճը պետք է անցյալում մնա: Պետք է գտնել մեխանիզմներ, թե ինչպե՞ս ենք պատկերացնում թանգարանի հանրահռչակումը»,- նշել է փոխքաղաքապետը:

Անդրադառնալով թանգարանի կոմունալ-կենցաղային խնդիրներին՝ փոխքաղաքապետն ընդգծեց՝ թանգարանի պայմանները կարեւոր են եւ լուծելի, սակայն դրանց համար չէ, որ աշխարհի տարբեր թանգարաններն ունենում են միլիոնավոր այցելուներ: Ինչպե՞ս անել, որ հանրության եւ հատկապես զբոսաշրջիկների համար մշակութային օջախները հետաքրքիր դառնան: Երեւանի քաղաքապետարանն արդեն եզրակացրել է:

«Թանգարանների աշխատակիցների համար կկազմակերպվեն մենեջմենթի դասընթացներ: Եթե կա հաստիքացուցակի համալրման անհրաժեշտություն՝ պատրաստ ենք վերանայել: Պետք է նկարահանվեն եւ ներկայացվեն տեղեկատվական հոլովակներ՝ տարածման համար օգտագործելով սոցիալական ցանցերը»,-նշում է քաղաքապետի տեղակալը:

Համայնքային թանգարաններ այցի հաջորդ կանգառը Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարանն էր: Տիգրան Վիրաբյանը շրջեց եւ տեղում ծանոթացավ ամրոցի վերականգնման դադարեցված նախագծին: Փոխքաղաքապետը հետաքրքրվեց եւ հանձնարարեց՝ վերանայել ծրագիրն ու քայլեր ձեռնարկել այն կյանքի կոչելու համար:

Տիգրան Վիրաբյանն այցելեց նաեւ Կարմիր բլուր հնավայր: Անդրադառնալով առկա խնդիրներին, որոնք կուտակվել են տարիների ընթացքում, Երեւանի փոխքաղաքապետն ընդգծեց, որ առաջին հերթին տարածքը պետք է մաքրվի շինարարական եւ կենցաղային աղբից:

«Կարմիր բլուրի աշխատանքները պետք է սկսենք նախեւառաջ աղբի մաքրումից: Երեւանի քաղաքապետարանը տարբերություն չի դնում, թե ով է բարձրացրել խնդիրը, պատրաստ ենք մի բռունցք դառնալ եւ այս խնդիրը լուծել: Ցավոք սրտի, զբոսաշրջիկներն ապշում են , թե ինչպես կարելի է այս տարածքում ունենալ շինարարական աղբ: Դեռ նախընտրական քարոզարշավի ընթացքում նշվել էր, որ Կարմիր բլուրը գտնվելու է ուշադրության կենտրոնում եւ այսօր, երբ քաղաքային իշխանությունը ձեւավորված է, բոլոր այն նախանշած ծրագրերը, որ կային մշակութային առումով, կետ առ կետ հետեւողականորեն պետք է իրագործվեն» ,- նկատել է Տիգրան Վիրաբյանը:

Հնավայրի պահպանման գործում քաղաքապետարանը կհամագործակցի ոստիկանության հետ: Միաժամանակ Տիգրան Վիրաբյանը նկատեց, որ հնավայրը ներկայացնելու եւ այցելուներին դեպի Կարմիր բլուր գրավելու համար կարեւոր է բարելավել նաեւ ենթակառուցվածքները:

«Ավստրիական ընկերության հետ կա պայմանավորվածություն՝ սքանավորել տարածքը եւ տեսնել՝ որ հատվածը պեղումների համար ինչ հետաքրքրություն է ներկայացնում: Սա նույնպես խթան կհանդիսանա, որպեսզի մեր հասարակությունն ու զբոսաշրջիկները առավելապես հետաքրքրվեն «Կարմիր բլուրով»,-նշել է Տիգրան Վիրաբյանը:

Տպել
Ամենաշատ