News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի կողմից ստեղծվել է աշխատանքային խումբ, որը հայտարարում է Արամ Խաչատրյանի երաժշտության հիման վրա օրհներգի տեքստի մրցույթ: Այս մասին նա այսօր՝ փետրվարի 20-ին, տեղեկացրեց իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերի միջոցով. «ՀՀ-ում ավելի կարեւոր խնդիրներ կան, բնական է, դրանք լինելու են միշտ: Միշտ ունենալու ենք խնդիրներ, որոնք լինելու են էլ ավելի կարեւոր, ինձ դիմում են մարդիկ՝ տարբեր հարցերի շուրջ, եւ ես այդ հարցը բարձրացնում եմ, լինում են մարդիկ, որ մեկ այլ հարցով են դիմում, այդ հարցը եւս բարձրացնում եմ, այժմ կատարում եմ մ խոստումը եւ բարձրացնում եմ նաեւ օրհներգի հարցը»,-ասաց նա:

Նա նշեց, որ վերջին օրերին իրեն ամենաշատը հարվածել եւ քննադատել են ՀՅԴ ներկայացուցիչները, որովհետեւ իրենց համար ներկայիս օրհներգը նաեւ կապ է իրենց կուսակցության եւ Հայաստանի միջեւ. «Որեւիցե մեկին չի անհանգստացնում, որ երգի մեջ գրված եռագույնը դա իտալական եռագույնն է, որ օրհներգի մեջ փոփոխութուն ենք արել «թշվառ անտերը», որպեսզի այն հնչի ավելի լավ: Երաժշտական առումով Հայաստանի հետ կապ չունեցող երաժշտութուն է, վերցրված է Գլազունովի բալետից»,-ասաց նա:

Ալեն Սիմոնյանը փոխանցեց, որ մրցույթը կտեւի երկու ամիս, որից հետո իր կողմից ստեղծված աշխատանքային խումբը կընտրի հաղթողին: Նա միանգամից նշեց, որ չի նախատեսվում իր կողմից ԱԺ օրակարգ մտցնել օրհներգի հաղթած տեքստը. «Այն կհանձնվի հանրությանը, կմնա մեր օրակարգում, հայ ժողովրդի գլխում, հայ ժողովրդի համար, եւ երբ զգանք դրա ժամանակն է, մենք այդ թեմային նորից կանդրադառնանք»,-ասաց նա:

Նշենք, որ աշխատանքային խմբում ընդգրկված են Տեր Ասողիկ քահանան՝ Մայր Աթոռի կողմից, Գրիգոր Դանիելյանը (Դանիել Երաժիշտ), Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, Գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, Կոմիտասի թանգարանի տնօրեն Նիկոլայ Կոստանյանը, Արամ Խաչատրյանի թանգարանի տնօրեն Արմինե Գրիգորյանը, ակադեմիկոս Հենրիկ Հովհաննիսյանը, գրականագետ Ֆելիքս Բախշյանը, Լեզվի պետական կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանը: Մրցույթի վերջնաժամկետն է մինչեւ ապրիլի 30-ը, տեքստի տարբերակները երաժշտության հետ համադրված կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին, Արամ Խաչատրյանի թանգարան կամ Ալեն Սիմոնյանի գրասնյակ:

Հիշեցնենք, որ 2006 թվականին ստողծվել էր հանձնաժողով, որը միաձայն քվեարկվել էր Արամ Խաչատրյանի երաժշտությունը օրհներգի երաժշտության լավագույն տարբերակ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ