News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Անցած տարվա նոյեմբերի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի ընտանիքը դիմել է պետական գույքի կառավարման վարչությանը և ասել, որ Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցը վերադարձնում է պետությանը: «Եթե այս պրոցեդուրան մինչև վերջ գնա, ի՞նչ պետք է անենք. պետք է հյուրանոցը հանենք հրապարակային աճուրդի, գնահատում են, որ այն նույնիսկ մինչև 20 միլիոն դոլար արժենա»,- ասել էր Փաշինյանը:

Պետական գույքի կառավարման կոմիտեն նվիրաբերվելիք գույքն ընդունելու համար սպասում էր իրավապահ մարմինների համապատասխան դիրքորոշմանը, որից հետո «Գոլդեն Փելեսի» հետ կապված պետք է ընթացակարգ մշակվի, կառավարության որոշում ընդունվի։

Անցած տարեվերջին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտարարել էր, որ քննչական վարչությունում հարուցված քրեական գործը (Քր.օր. 310 հոդված և 190 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ (փողերի լվացում)) վերջում կարճվելու է, Արմեն Ավետիսյանը դատավարական որևէ կարգավիճակ չունի:

Սակայն ի՞նչ վիճակում է «Գոլդեն Փելես» հյուրանոցը, ի՞նչ պարտավորություններ է կուտակել այս տարիների ընթացքում, ինչո՞ւ է Ավետիսյանի ընտանիքն այդքան «հեշտ» հրաժարվում դրանից։

«168 ժամ»-ը ՀՀ գլխավոր դատախազություն հարցում էր ուղարկել՝ հետաքրքրվելով, թե հյուրանոցի վերաբերյալ ի՞նչ ուսումնասիրություն է իրականացվում, և այն որքա՞ն չմարված պարտավորություններ ունի (վարկեր, հարկեր և այլն)։ Սակայն Դատախազությունը հրաժարվել է որևէ տեղեկություն տրամադրել։

«Հաշվի առնելով, որ Ձեր կողմից խնդրարկվող տեղեկությունները հանդիսանում են ծառայողական, առևտրային և օրենքով պահպանվող գաղտնիք պարունակող տեղեկություններ, ուստի դրանք չեն կարող տրամադրվել»,- պատասխանել են Գլխավոր դատախազությունից։

Նշենք, որ 2018թ. արդյունքներով «Գոլդեն Փելես» հյուրանոցը պետական բյուջե է վճարել 182 մլն 673 հազար դրամ հարկ, սակայն նախորդ տարվա համեմատ այն նվազեցրել է իր վճարումները՝ 2017 թ.-ին բյուջե էր վճարել 392 մլն 631.2 հազար դրամ։ 2016 թ.-ին հյուրանոցի հարկային մուտքերը կազմել էին 194 մլն 659.2 հազար դրամ, 2015-ին՝ 421 մլն 167.9 հազար դրամ։

Մեր տեղեկություններով՝ հյուրանոցն ուներ նաև կուտակված կոմունալ հսկայական ծախսեր։

Ի դեպ, մեր աղբյուրների հավաստմամբ՝ Ա. Ավետիսյանն իր ընտանիքի հետ միասին գտնվում է արտերկրում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ