Այսօր պետական կառավարման համակարգի բոլոր մարմինների խնդիրն է գործել հեղափոխության բերած արժեքների տրամաբանության, օրենքների, Սահմանադրության շրջանակում: Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Սա հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը չէ, որ հաղթողները պարտվողներին պատերի տակ գնդակահարում էին, կամ բաժանում սեւերի եւ կարմիրների, մեր դեպքում՝ սեւերի եւ սպիտակների: Սա սիրո եւ համերաշխություն հեղափոխություն է, եւ յուրաքանչյուրը փոխվելու, նոր արժեքային համակարգը որդեգրելու շանս պետք է ունենա»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ նախահեղափոխական արժեքները շանս չունեն վերակենդանանալու: «Ես որպես ՀՀ վարչապետ, սա համարում եմ իմ անձնական պարտավորությունը, եւ այդ արժեքների վերակենդանացման ցանկացած փորձ կկասեցվի ամենախիստ ձեւով՝ լինի դա ասֆալտի վրա պառկեցնելով, պատերին տալով, թե լինի դա որեւէ այլ կերպ, իհարկե, օրինական միջոցներով»,- հավելեց նա: