News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Գյումրին աշնանը կունենա նոր երթուղային ցանց ու ավելի բարեկարգ ճանապարհներ, կկառուցվեն սմարթ կանգառներ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանը։ 

«Գյումրու երթուղային ցանցը 10-12 տարվա հնություն ունի, փոփոխություններ չեն կատարվել, իսկ քաղաքում բնակչության տեղաշարժեր են եղել, մարդիկ տնակներից տեղափոխվել են քաղաքներ, ուստի նոր երթուղային ցանց ենք պատվիրել փորձագիտական խմբի, որը 2 մասով է իրականացվելու, մեկը հին ցանցի ուսումնասիրություն է կատարելու, իսկ մյուս մասով նոր երթուղային ցանցի լրամշակում է կատարելու»,–նշեց նա։

Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետի խոսքով՝  հավանական է ավտոբուսային երթուղիները 3-4 դառնան, ուստի քաղաքին նոր ավտոբուսներ են պետք. «Հիմա 2–ն են մեր մոտ։ Քանի որ ունենալու ենք 3-4 ավտոբուսային երթուղի, մեզ մոտավորապես 60 ավտոբուս է պետք,  որից Գյումրի քաղաքում շահագործվում է 14-ը, այսինքն, մոտավորապես,  46 ավտոբուս պետք է ձեռք բերի քաղաքապետարանը, մրցույթ է հայտարարվելու եւ մեր առաջարկած գնով  մեզ տալու են այդ ավտոբուսները»։

Հարցին՝ ի՞նչ միջոցներով է իրականացվելու  երթուղային ցանցի բարեփոխման նախագիծը, Արտյոմ Սարգսյանը նշեց, որ նախատեսվում է համայնքային եւ պետական բյուջեներից հատկացված միջոցների հաշվին իրականացնել. «Ավագանու նիստում 2018 թվականի բյուջեից 250 միլիոն  տնտեսված գումարը հատկացվել է տրանսպորտին, բայց քանի որ սա մեծ ծրագիր է, կառավարությունից էլ ենք սուբսիդիա ուզել 60։40 տոկոս հարաբերակցությամբ։ Ծրագիրն արդեն ներկայացված է կառավարություն, մնում է հավանության արժանանա եւ 360 միլիոն տրամադրի կառավարությունը, որ մեր 250 միլիոնի հետ կարողանանք այդ 45 ավտոբուսները ձեռք բերել»։

Նա մանրամասնեց, որ հուլիս ամսին մրցույթները կհայտարավեն, օգոստոսին նախատեսվում է ավարտել նախագիծը եւ կսկսեն նոր երթուղիների շահագործումը։  Բաժնի պետը նաեւ շեշտեց,  որ սեպտեմբերին Գյումրիում նաեւ չեն լինի ճանապարհի որակի հետ կապված խնդիրներ, քանի որ Համաշխարհային բանկի ծրագրով քաղաքի փողոցների շինարարություն է ընթանում. «Ձմեռը աշխատանքները դադարեցված են, բայց մարտի կեսերից կամ ապրիլին կվերսկսվի»։

Արտյոմ Սարգսյանը հայտնեց՝ Գյումրին 2020 թվականին կունենա նաեւ 70 սմարթ կանգառ. «Մենք պայմանագիր ենք կնքել մի ընկերության հետ, որը մեծ ներդրում է անում քաղաքում  թվով 70 սմարթ կանգառներ ունենալու համար մինչեւ 2020 թվականը. այսինքն՝ 2019-ին՝ 30, իսկ 2020–ին՝ 40 կանգառ պիտի տեղադրեն։ Մարտի վերջին կամ ապրիլինին կանգառների առաջին նմուշն են ուզում դնել»։

Նա հավելեց՝ կանգառներն ունենալու են Wi-Fi եւ էլեկտրականություն, USB-ների հնարավորություն, որոնք թույլ կտան հեռախոսները վերալիցքավորել։

Փորձագիտական խմբի անդամներից Արամ Կարապետյանն էլ հայտնեց, որ ուսումնասիրությունները հիմա ընթանում են քաղաքում քաղաքացիների տեղաշարժի ուղղությամբ, որպեսզի կարողանան կատարել հետեւություններ եւ առաջարկեն համապատասխան ուղեգծեր։ «Սա սովորաբար կատարվող երեք հիմնական ուսումնասիրություններից մեկն է։ Կատարվել է քաղաքի քարտեզի՝ թաղամասերի բաժանման հետ կապված ուսումնասիրություն, փողոցների այբբենական ցանկն է կազմվել իրենց մայրուղային երկարություններով, քաղաքի հին երթուղային ցանցի ուսումնասիրություն է կատարվել դեռեւս ոչ լրիվ»։

Փորձագետը հավելեց՝ հիմնական ուղեւորահոսքերի մասով լրիվ պատկեր չկա, կա մոտ 70 տոկոսը։

Նա խոսեց նաեւ ուսումնասիրությունների ժամկետների մասին. «Ուսումնասիրությունների եւ վերլուծությունների առաջին մասը կավարտենք մարտի վերջին, իսկ երկրորդ մասի վերաբերյալ որոշակի նյութեր նախնական վիճակում արդեն կան, ուստի այդ մասը կավարտվի ապրիլի վերջին»։

Արամ Կարապետյանը հայտնեց, որ խմբում 2 փորձագետ են ներգրավված։

Ոլորտում փորձառության մասին հարցին նա պատասխանեց. «Մասնակցել եմ Երեւան քաղաքում տրանսպորտային ցանցի մշակման 4 աշխատանքների, տնտեսագիտության թեկնածու դոցենտ եմ, դասավանդել եմ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում, գյումրեցի եմ, աշխատել եմ «Երեւանտրանսում» որպես գլխավոր ճարտարագետ, ապա եղել եմ Հայաստանի տրանսպորտային տեսչության պետի տեղակալ»։

Մյուս մասնագետն էլ՝ Կարանյան Հենրիկը, նրա խոսքով, եւս գյումրեցի է։ «Նա մասնակցել է  ոչ միայն Երեւան քաղաքում տրանսպորտային ցանցի մշակման 4 աշխատանքներին, այլ նաեւ Գյումրու եւ շատ այլ քաղաքների տրանսպորտային ցանցերի մշակման աշխատանքներին։ Կարանյան Հենրիկն ավելի փորձառու մասնագետ է»,- եզրափակեց Արամ Կարապետյանը։ 

Տպել
Ամենաշատ