News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Հարկավոր է ուժեղացնել կաթնամթերքի արտադրության վերահսկողությունը: Փետրվարի 21-ին «Կաթնամթերքի հայկական շուկայում առկա խնդիրների բացահայտումը եւ դրանց լուծման ուղիները» քննարկման ժամանակ այս մասին ասաց Գյուղատնտեսության նախարարության  սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սննդամթերքի արտադրության վերահսկողության բաժնի ղեկավար Վահե Դանիելյանը:

Նրա խոսքով՝ այսօր տվյալ ոլորտում կաթի  մանրէազերծման վերահսկողության, ինչպես նաեւ արտադրանքի բաղադրության համապատասխանության եւ անվանման խնդիր կա:

«Ապրանքի պիտակի վրա պետք է մատչելի ձեւով նշված լինի արտադրանքի բաղադրությունը, որպեսզի չլինի այնպես, որ օրինակ թթվասերի փոխարեն վաճառվի փոխարինողի հավելումներով արտադրանք», - ասաց պաշտոնյան:

Նա նշեց, որ դեմ է այն մոտեցմանը, որի համաձայն բուսական յուղերը կամ կաթի փոշին զուգորդվում են վնասակար հավելումների հետ:

«Խնդիրը բնական կաթի եւ այն արտադրանքի միջեւ հստակ տարանջատումն է, որում կան այս կամ այն հավելումները: Սա կօգնի բացառել այն դեպքերը, երբ արտադրողը, փորձելով գերշահույթ ապահովել, մոլորության մեջ է գցում սպառողին», - ասաց Դանիելյանը:

Նա ընդգծեց, որ վերահսկողության բարձրացման լրացուցիչ մեխանիզմ է համապատասխանության հայտարարագրումը:

«Այս գործընթացը անցկացվում է մեր ստուգումների արդյունքում՝ մեր լաբորատորիայում նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ եւ նախատեսված է ինչպես տեղական արտադրողների, այնպես էլ ներկրվող արտադրանքի համար», - եզրափակեց Վահե Դանիելյանը:

Նշենք, որ այս հանդիպում քննարկումը կազմակերպել են ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը,  «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» ՀԿ հետ համատեղ:

Միջոցառմանը ներկա էին շուրջ 60 կաթ վերամշակողներ Հայաստանի տարբեր մարզերից, ՊԵԿ, ՀՀ Գյուղատնտեսության նախարարության, ՀՀ ԱԺ՝ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտում գործունեություն ծավալող մի քանի ՀԿ-ներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել