Իրանը ծավալուն ծովային զորավարժություններ կանցկացնի։ Ինչպես հաղորդել է դերծովակալ Հոսեյն Խանզադին, առաջիկա ծովային զորավարժությունները՝ Velayat-97 կոդային անվանմամբ, կանցկացվեն 2 միլիոն քառակուսի կիլոմետր մակերեսով՝ Իրանի հարավային ջրերում, Հորմուզի նեղուցից մինչեւ Մակրանի հարավարեւելյան ափեր, Օմանի ծով եւ Հնդկական օվկիանոսի հյուսիսային մաս, տեղեկացնում է Tasnim-ը։
Նրա խոսքով՝ զորավարժությունները կանցնեն չորս փուլով, այդ թվում ռազմածովային շքերթներ, իրական ծովամարտի նմանակում, ծովային եւ ցամաքային հարձակումներ հակառակորդի զավթած տարածքի յուրացման համար եւ նավատորմի հզորության ցուցադրում տարբեր հրթիռների եւ տորպեդոների արձակմամբ։
Նա նաեւ նշել է, որ ռազմածովային նավատորմն առաջին անգամ կօգտագործի պարեկահետախուզական եւ ռմբակոծիչ դրոններ։ Բացի այդ, սուզանավերը նույնպես առաջին անգամ հրթիռներ կարձակեն վարժանքների ընթացքում։