News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը պլանավորում է որբերին սատարելու, որդեգրող ընտանիքների ինստիտուտի զարգացման եւ մանկատների «փակման» երկարատեւ ծրագիր։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է «Իմ քայլը» եւ «City of smile» հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։

Նրա խոսքերով, դա շատ բարդ, թանկարժեք, սակայն կարեւոր ծրագիր կլինի։ Այս փուլում այն քննարկվում է բոլոր շահագրգիռ կողմերի հետ, իսկ դրա մշակման ժամանակ անհրաժեշտ կլինի հաշվի առնել ե՛ւ պետության, ե՛ւ սոցիալական ապահովության նախարարության մոտեցումները՝ ընդգծել է Հակոբյանը։

Հիմնադրամի երկարատեւ ծրագրերում, Աննա Հակոբյանի խոսքերով, նաեւ «Քայլ առ քայլ» ծրագիրն է, որի շրջանակներում նվազագույն միջոցների եւ կամավորական ուժերի օգտագործմամբ կվերանորոգվեն ծայրահեղ աղքատ ընտանիքների տները։ Այս ծրագրի գաղափարը Ֆրանսիայից Ժիրայր անունով մի ճարտարապետինն է, ով ոչ միայն գաղափարն է տվել, այլեւ առաջարկել է իր օգնությունը։ Ծրագիրը, Հակոբյանի խոսքերով, կօգնի աղքատ ընտանիքների համար ստեղծել ապրելու քիչ թե շատ նորմալ պայմաններ, ինչպես նաեւ կնպաստի երկրում կամավորականության ինստիտուտի զարգացմանը։

Բացի այդ, հիմնադրամը, World vision կազմակերպության հետ համատեղ, օգնություն կցուցաբերի 15 անօթեւան ընտանիքների, որոնց տեղավորել են ժամանակավոր կացարաններում։ Այդ ընտանիքներից յուրաքանչյուրում, Հակոբյանի խոսքերով, կա առնվազն մեկ անդամ, ով ընդունակ է արհեստ սովորել եւ հետագայում աշխատանք ունենալ։ Մեկուկես տարի հետո այդ ընտանիքներն ինքնուրույն, առանց կողմնակի օգնության գոյատեւելու հնարավորություն կստանան եւ կլքեն իրենց տրամադրված ժամանակավոր կացարանները, որպեսզի այնտեղ կարողանան այլ ընտանիքներ տեղափոխվել։

«Իմ քայլը» հիմնադրամը նաեւ մասնակցում է «Հայաստանն առանց պլաստիկի» ծրագրին, որի համար 48 մլն դրամ է անհրաժեշտ (որից առայժմ միայն 8-ը կա)՝ նշեց Հակոբյանը։

Աննա Հակոբյանի խոսքերով, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամը 6 ամիսների ընթացքում 859 մլն 55 հազ․ դրամ նվիրատվություն է ստացել, որից ծախսվել է 236 միլիոնը։ Հիմնադրամի գոյության ընթացքում մեկ մարդուց ստացած ամենամեծ նվիրատվությունը եղել է 241 մլն դրամ, ամենափոքրը՝ 1000 դրամ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ