News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ՔԿ նախագահի նախկին տեղակալ, փաստաբան Արթուր Ղամբարյանը դատական հայց է ներկայացրել՝ ընդդեմ ՀՀ փաստաբանների պալատի: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:

Ղամբարյանը պահանջում է վերացնել ՀՀ փաստաբանների պալատի խորհրդի 2019թ. փետրվարի 6-ի թիվ 3/4-Ա որոշման 4-րդ կետը: Գործը մակագրվել է վարչական դատարանի դատավոր Գևորգ Սոսյանին:

Նշենք, որ Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից ազատվելուց հետո 2019թ. հունվարի 31-ին դիմել է ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդ` խնդրելով վերականգնել փաստաբանական գործունեության իր արտոնագրի գործողությունը: ՀՀ փաստաբանների պալատի խորհուրդը թիվ 3/4-Ա որոշմամբ սահմանել է Արթուր Ղամբարյանի փաստաբանական արտոնագիրը` միաժամանակ սահմանել, որ նա պարտավոր է 32 ամսվա ընթացքում իր հաշվին լրացուցիչ անցնել վերապատրաստման դասընթաց՝ 104 ակադեմիական ժամ ժամաքանակով: Փաստաբանը վիճարկում է «լրացուցիչ» վերապատրաստման պարտավորությունը, քանի որ օրենսդիրն այն նախատեսել է որպես կարգապահական տույժ:

NEWS.am-ի հետ զրուցում Ղամբարյանն ասաց, որ պարզ չէ, թե ինչու փաստաբանը, ով որեւէ խախտում թույլ չի տվել` պետք է վերապատրաստում անցնի նույն իրավական ռեժիմով, ինչ կարգապահական պատասխանատվության ենթարկված փաստաբանը: Բանն այն է, որ օրենքով նախատեսված են «վերապատրաստում» և «լրացուցիչ վերապատրաստում» իրավական հասկացությունները, որոնք ըստ նրա՝ ունեն էապես տարբեր իրավական բնույթ:

«Օրենքի իմաստով՝ վերապատրաստումը փաստաբանի պարտականությունն է, որի նպատակը փաստաբանների հմտությունների, գիտելիքների և մասնագիտական պատրաստվածության բարձրացումն է: Օրենքի իմաստով՝ լրացուցիչ վերապատրաստման դասընթացին մասնակցելը կարգապահական տույժի տեսակ է: Խորհուրդը վիճարկվող իրավական ակտում հայցվորի՝ վերապատրաստում անցնելու պարտականությունը՝ «լրացուցիչ վերապատրաստում» ձևակերպմամբ ձևախեղելով և կարգապահական խախտում թույլ տված փաստաբանի և արտոնագիրը վերականգնած փաստաբանի համար լրացուցիչ վերապատրաստման միասնական կարգ սահմանելով, խաթարել է բարեխիղճ փաստաբանի պատվի ու բարի համբավի անձեռնմխելիության իրավունքը»,- ասաց նա՝ միաժամանակ արձանագրելով, որ ցանկացած մասնագետ, անկախ գիտական կոչման և գիտական աստիճանի, կարիք ունի վերապատրաստման, և ինքը պատրաստվում է մասնակցել փաստաբանների ընդհանուր վերապատրաստման ծրագրով նախատեսված մի շարք դասընթացների:

ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Հայկ Հակոբյան կարծիքով, սակայն, Արթուր Ղամբարյանն իր պարտականությունը կատարելուց խուսափելու նպատակով է դիմել դատարան. «Նախկինում էլ Արթուր Ղամբարյանը ՀՀ փաստաբանների պալատի հետ փոխհարաբերություններում մի քանի անգամ խախտել է իր պարտականությունը: Փաստաբանների պալատն իր փաստարկները կներկայացնի դատարանին»,- ասված է Հայկ Հակոբյանի պարզաբանման մեջ:

Տպել
Ամենաշատ