News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Այս օրերին հարազատների, մտերիմների, անծանոթների, անգամ հակառակորդների կողմից աննախադեպ ճնշման եմ ենթարկվում՝ հացադուլը դադարեցնելու պնդումնեով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է հացադուլ հայտարարած կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը՝ վստահեցնելով, որ չի դադարի հացադուլի մինչեւ չհավաքի անհրաժեշտ ֆինանսավորումը  «Տատիկիս վարսերը» ֆիլմի նկարահանման համար։

«Դիմակայելն ավելի անտանելի է դառնում, քան քաղցը կամ հյուծվածությունը։ Մեկ անգամ եւ վերջին հիշեցնում եմ՝ կա հացադուլը դադարեցնելու երկու ճանապարհ․

Ա․ Իշխանությունն ընդունում է իմ ֆիլմի ֆինանսավորումը դադարեցնելու անօրինականության փաստը եւ վերաստանձնում է ֆիլմի հանդեպ պետական կառույցի պարտավորության կատարումը։ Կամ՝

Բ․ Հասարակական աջակցության միջոցով հավաքագրվում ֆիլմի մարտ-ապրիլ ամիսներին նախատեսված աշխատանքների անհրաժեշտ գումարը»,–նշել է նա։

Կինոռեժիսորը խնդրել է դադարեցնել իրեն անհանգստացնել հացադուլն ընդատելու հորդորներով։ «Մտահոգ բոլոր մարդկանց առաջարկում եմ ուղղակի աջակցել ֆիլմին նշված հաշվեհամարներով։ Սա պայքար է օրենքից դուրս գտնվող կինոյի պետական կառույցի եւ կինոռեժիսորի միջեւ։ Կառույց, որի գործած անօրինականությունների կծիկը օր-օրի քանդվում է։ Սա պատերազմ է, իսկ պատերազմի դաշտը լքողներին անվանում են դասալիքներ»,–նշել է նա գրառման մեջ։

Հիշեցնենք, որ Հովհաննես Գալստյանը փետրվարին հայտարարել էր, որ կրկին դիմում է հացադուլի։ Սա կինոռեժիսորի արդեն երկրորդ հացադուլն է։ Առաջին հացադուլը դեկտեմբերի 2-ից 12-ն էր։ Մշակույթի նախկին նախարար Լիլիթ Մակունցի հետ հանդիպելուց եւ երաշխիքներ ստանալուց հետո, կինոռեժիսորը դադարեցրեց հացադուլը, սակայն խնդրին, նրա խոսքով, այդպես էլ լուծում չտրվեց։

Հիշեցնենք, որ «Տատիկիս վարսերը» ֆիլմի նկարահանման աշխատանքները մեկնարկել են դեռ 2015-ին, եւ Հովհաննես Գալստյանն Ազգային կինոկենտրոնի հետ պայմանագիր է կնքել առ այն, որ վերջինս 2016-18թթ․ կհատկացնի ֆիլմի բյուջեի մինչեւ 30%-ը՝ 88 մլն դրամ, սակայն 2018 թվականին կինոկենտրոնը մերժել է ֆինանսավորման հայտը։ Արդյունքում ֆիլմի նկարահանման աշխատանքները կասեցվել են։ Կինոռեժիսորը փոխանցեց, որ նկարահանվել է միայն 40 րոպե։ Հավելենք, որ հայ–գերմանա–բուլղարական համատեղ նախագիծ հանդիսացող այս ֆիլմի ֆինանսավորման մյուս մասը տրամադրում են բուլղարական եւ գերմանական ընկերությունները։

Տպել
Ամենաշատ