News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

«Վորլդ Վիժնի գերագույն նպատակն է Հայաստանը դարձնել հույսով եւ արժանապատվությամբ ապրող երեխաների եւ երիտասարդների օրրան։

Այսօր մենք հաճելիորեն զարմացած ենք՝ տեսնելով, որ ձեր ղեկավարությամբ կառույցը որդեգրել է նույն նպատակները եւ դրանց հասնելու ճիշտ ուղիները»,- այս մասին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հետ հանդիպման ժամանակ ասել է «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության տնօրեն Ժիրայր Էդիլյանը:

Նախարարը շնորհակալություն է հայտնել «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությանը Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության եւ հատկապես ներառման գործընթացում ունեցած ներդրման համար, ինչը թույլ է տալիս առավել վստահ քայլեր ձեռնարկել՝ առաջ գնալու եւ փոփոխությունները համակարգային դարձնելու համար:

«Կարծում եմ, որ պետության հիմնական գործառույթներից մեկն էլ ոլորտում եղած լավագույն փորձը գտնելը եւ այն համակարգային փոփոխությունների հիմք դարձնելն է: Այս իմաստով «Վորլդ Վիժնի» փորձը կարող է լավագույն օրինակ դառնալ՝ այդ հիմքի վրա պետական մոտեցումներ ձեւավորելու հարցում»,- ասել է նախարարը:

Նա տեղեկացրել է, որ նախարարությունն աշխատում է ապաինստիտուցիոնալացման նոր ռազմավարության մշակման ուղղությամբ, որը զգալիորեն տարբերվելու է նախորդ կառավարության բեռնաթափման ծրագրից: Ըստ ռազմավարության՝ ապաինստիտուցիոնալացումը պետք է իրականացվի՝ երեխային կենսաբանական կամ խնամատար ընտանիքներ վերադարձնելու եւ նրա համար համայնքում համապատասխան սոցիալական ծառայություններ ապահովելու միջոցով: Այս իմաստով սերտ համագործակցություն է անհրաժեշտ հատկապես ՏԻՄ-երի հետ:

Ժիրայր Էդիլյանը նշել է, որ «Վորլդ Վիժնը» աշխատում է Հայաստանի 6 մարզերում եւ մայրաքաղաք Երեւանում՝ ծառայություններ մատուցելով 200-ից ավելի համայնքների համար։ Կազմակերպության հովանավորության ծրագրերում գրանցված է շուրջ 35 000 երեխա.

«Լիովին կիսելով ձեր մոտեցումները եւ նաեւ պատկերացնելով բոլոր մարտահրավերները, որոնք կարող են առաջանալ այս նպատակի իրագործման ճանապարհին, կարող եմ ասել, որ մենք եւ մեր գործընկեր կազմակերպությունները պատրաստ են աջակցել նախարարության բոլոր ծրագրերին, որոնք ուղղված կլինեն երեխային ընտանիք, համայնք վերադարձնելուն»,- ասել է նա:

Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է նաեւ ընթացիկ ծրագրերին: Նա տեղեկացրել է, որ աշխատանքներ են տարվում սոցիալական աջակցության համակարգի վերանայման եւ նոր մոդելի մշակման ուղղությամբ, որն ավելի հասցեական եւ անձակենտրոն կլինի.

«Մեզ համար սկզբունքային է նաեւ աշխատանքի, զբաղվածության քաջալերումը, սակայն մարդը չպետք է անմիջապես զրկվի նպաստից՝ աշխատանքի անցնելուց հետո: Պետք է փորձենք նպաստառու-զբաղված անցումը հնարավորինս անցնցում իրականացնել»,- ասել է նա:

Զ. Բաթոյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ փոփոխության է ենթարկվել հասարակական կազմակերպություններին եւ հիմնադրամներին պետության կողմից աջակցության տրամադրման կարգը: Այսուհետ բոլոր գործընթացներն իրականացվելու են մրցութային կարգով: Սրա հիմնական նպատակը հավակնորդների համար հավասար հնարավորությունների ստեղծումն է, ինչպես նաեւ՝ մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը.

«Մենք հասկանում ենք, որ տեխնիկական խնդիրներ լինելու են, բայց նաեւ գիտենք, որ խնդիրները լուծելով պետք է առաջ գնալ: Այս գործընթացը թույլ կտա ոչ միայն բարելավել մատուցվող ծառայությունների որակը, այլեւ վստահ լինել, որ համայնքներում կլինեն երեխաներին անհրաժեշտ ծառայությունները մատուցող կազմակերպություններ»,- ասել է նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ